19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբեք կես բառ անգամ չեմ լսել Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով. Սերժ Սարգսյան

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Գագաթնաժողովից հետո նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

«Ազատություն». – Շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։

Սերժ Սարգսյան. – Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։

«Ազատություն». – Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է։

Սերժ Սարգսյան. – Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։

«Ազատություն». – Դուք վերջերս եք եղել Ռուսաստանում, հանդիպել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որևէ առարկություն, որևէ վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված։

Սերժ Սարգսյան. – Ես նոր ժողովի ժամանակ նաև դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով։

«Ազատություն». – Եվ վերջին հարցը․ պարոն նախագահ2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞րը Հայաստանի։

Սերժ Սարգսյան. – Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ