19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերն անմիջականորեն գիտեն ինչպես հանդուրժողականության արժեքը, այնպես էլ խտրականությամբ ու այլատյացությամբ պայմանավորված խնդիրները

Նոյեմբերի 22-ին Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ ավստրիական նախագահության 7 ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Երևանում «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովին:

ԵԱՀԿ համաժողովին, որն անց է կացվում ՀՀ արտգործնախարարության աջակցությամբ, մասնակցում են ԵԱՀԿ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնց թվում են Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար Անտուան Կամիլլերին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը, ԵԱՀԿ ավստրիական նախագահության ներկայացուցիչ դեսպան Կլաուս Կոգելերը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական և ազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և վերլուծաբաններ:

Բացման իր խոսքում նախարար Նալբանդյանը, կարևորելով ԵԱՀԿ համաժողովի անցկացումը Հայաստանում, մասնավորապես ասաց. «Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձևավորել է համակեցության և այլ մշակույթների ու կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր՝ հայերը կանգնած են քրիստոնեական քաղաքակրթության ձևավորման ակունքներում: Մենք մշտապես ամուր կապեր ենք ունեցել մուսուլմանական և այլ ժողովուրդների ու երկրների հետ: Որպես աշխարհի հարյուրավոր երկրներում համայնքներ ունեցող ժողովուրդ՝ հայերն անմիջականորեն գիտեն ինչպես հանդուրժողականության արժեքը, այնպես էլ խտրականությամբ ու այլատյացությամբ պայմանավորված խնդիրները: Այս համաժողովի անցկացումը Երևանում հնարավորություն է ընձեռում ներկայացնելու մեր ժողովրդի փորձառությունը»։

Անդրադառնալով ինքնությամբ պայմանավորված խտրականության և բռնության կանխարգելմանը ուղղված միջագային ջանքերին Հայաստանի ակտիվ ներդրմանը՝ արտգործնախարարը նշեց. «Մենք ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված ինքնությամբ պայմանավորված խտրականության և բռնության կանխարգելմանը: Այս առումով մեր ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են: Ատելության քարոզին, անհանդուրժողականությանը և այլատյացությանը դիմագրավելը Եվրոպայի խորհրդում Հայաստանի 2013թ.-ի նախագահության հիմնական առաջնահերթություններից էին: Այն ժամանակ երբ գլուխ էին բարձրացնում ԴԱԵՇ-ը և այլ ահաբեկչական խմբավորումները՝ Հայաստանը ՄԱԿ և ԵԱՀԿ առաջին երկրներից էր, որ բարձրացրեց կրոնական և էթնիկ խմբերի պաշտպանության խնդիրը և հետևողաբար հանդես եկավ այս առնչությամբ միջազգային պարտավորություններն ամրապնդելու օգտին»:

Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության վրա հիմնված հանցագործությունների առնչությամբ նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Այսօր որևէ այլ վայրում քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության վրա հիմնված հանցագործություններն այդքան տարածված չեն, որքան Մերձավոր Արևելքում, որտեղ սկիզբ են առել աշխարհի խոշոր կրոններից երեք: Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմել: Մերձավոր Արևելքի այս բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում: Սակայն ազգայնականության և կրոնական արմատականության ալիքները էականորեն փոխել են տարածաշրջանի կրոնական և էթնիկ կառուցվածքը: Արդյունքում, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թիվը էականորեն կրճատվել է` 20-րդ դարի սկզբում կազմելով բնակչության շուրջ 20%-ը դարավերջին հասնելով 5%-ի, և էլ ավելի նվազելով 21-րդ դարի սկզբում: Իրաքում քրիստոնյաների թիվը վերջին տասնամյակում նվազեց 80%-ով: Սիրիայում քրիստոնյա բնակչության թիվը միայն վերջին վեց տարիների ընթացքում 1 միլիոն 250 հազարից իջել է շուրջ 500,000-ի: Սիրիայում ժամանակին ծաղկուն հայկական համայնքը նույնպես կտրուկ կրճատվել է: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում»:

Էդվարդ Նալբանդյանը նաև ընդգծեց. «Ցավոք, կրոնը հաճախ է շահարկվում աջակցություն ձեռք բերելու նպատակով այն հակամարտությունների պարագայում, որոնք որևէ առնչություն չունեն հավատքի հետ: Կրոնական համերաշխության վրա հիմնված որոշ կազմակերպություններ սատարում են այս պնդումներին՝ ըստ էության վատթարացնելով արդեն իսկ բարդ հակամարտային իրավիճակները: Մենք հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն և նախևառաջ այն մասնակից երկրները, ովքեր հանդիսանում են նման կրոնական հիմքի վրա գործող կազմակերպությունների անդամներ, պետք է վճռականորեն մերժեն նման վտանգավոր գործելաոճը: Իրականում, ներկայիս ավերիչ հակամարտություններից շատերը տեղի են ունենում ոչ թե տարբեր, այլ միևնույն կրոնի ներկայացուցիչների միջև, և սա ակնհայտ է հատկապես ժամանակակից Մերձավոր Արևելքի օրինակով»:

Խոսելով ԵԱՀԿ շրջանակներում ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի վերաբերյալ՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթում ասվում էր. «ԵԱՀԿ շրջանակներում մենք մշակել ենք պարտավորությունների լայն շրջանակ՝ պայքարելու ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ, ներառյալ՝ քրիստոնյաների, հրեաների, մահմեդականների և այլ կրոնական խմբերի նկատմամբ, կանխարգելելու ատելությամբ պայմանավորված հանձագործությունները ու համապատասխան արձագանքելու դրանց: Մասնակից երկրները համակարծիք են, որ այս հանձնառությունների կատարումը վճռորոշ նշանակություն ունի խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման համար: Հետևաբար, ժամանակն է ապահովելու, որ ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու փորձը արդյունքվետ կերպով ծառայեն մասնակից երկրներին` քրիստոնյաներին և այլ կրոնների ներկայացուցիչներին պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու գործում:

Այս առնչությամբ կցանկանայի մեկ օրինակ բերել: 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովին հաստատված Կրակովյան փաստաթուղթը սահմանում է, որ «մասնակից երկրները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն այն կրոնական հուշարձաններին, որոնք ստեղծած համայնքներն այլևս դրանք չեն օգտագործում կամ այլևս գոյություն չունեն տվյալ տարածքում»: Բազմաթիվ հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները, որոնք ավերվել, ոչնչացվել, բռնագրավվել և յուրացվել են 1990-2000-ականներին այն վայրերում, որտեղից արտաքսվել էր բնիկ հայ բնակչությունը, հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա խորը ճեղքի վառ հիշեցումն են: Նման իրավիճակները չպետք է թույլատրվեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ