25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավրովը կոտրեց Ալիեւի հույսերը, Երեւան է եկել չարյաց փոքրագույնով. Ժամանակ

Նախօրեին Երևան է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը հասցրել է ծաղկեպսակ դնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Այսօր Լավրովը կհանդիպի Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, թեև չի բացառվում, որ նախօրեին արդեն իսկ եղել են ոչ պաշտոնական շփումներ: ՌԴ արտաքին գործերի նախարարը Երևան է ժամանել Բաքվից, իսկ Բաքու էր ժամանել թուրքական Անթալիայից:

Ինչով է պայմանավորված այդ վոյաժը, դժվար է ասել: Բնականաբար, ուշադրության կենտրոն են գալիս ղարաբաղյան խնդրի հետ կապված դատողությունները, առավել ևս, որ առարկայական այլ օրակարգ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ կապված ռուսական կողմը կարծես թե չի էլ ազդարարել այցից առաջ: Մյուս կողմից՝ ինչ պետք է քննարկի Լավրովը ղարաբաղյան խնդրում: Եթե նա պետք է փորձի վերակենդանացնել լավրովյան կամ կազանյան պլանները, ապա դա կլինի ավելի շատ մեխանիկական դատողություն: Այդ պլանները վաղուց են «պայթել» և հնարավոր չէ հավաքել դրանց կտորները: Ընդհանրապես հարց է, թե կա՞ արդյոք արցախյան կարգավորման, այսպես ասած, չպայթած որևէ պլան:

Լավրովը Բաքվում արել է մի շատ հատկանշական և էական հայտարարություն՝ ասելով, որ Ռուսաստանը կարգավորման հարցում համակարծիք է Վաշինգտոնի և Փարիզի հետ: Սա գործնականում նշանակում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին հայտնում է, այսպես ասած, ավելորդ հույսեր չտածելու մասին:

Դրա մասին ավելի վաղ, այսինքն՝ օրեր առաջ Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Թուրքիայի նախագահը՝ իր երկիր վերադառնալով լրագրողներին ասելով, որ Պուտինի առաջ բարձրացրել է 5 շրջանների «վերադարձի» հարցը, սակայն ՌԴ նախագահը համաձայն լինելով այդ տարբերակին, այնուհանդերձ, հույս չի հայտնել, որ դա հնարավոր է: Պուտինը, փաստորեն, Էրդողանին հույս չի տվել, Լավրովն էլ Բաքվում կոտրել է Ալիևի հույսերը՝ հայտարարելով, որ համակարծիք է Վաշինգտոնի և Փարիզի հետ:

Բանն այն է, որ դա ամենևին հերթապահ հայտարարություն չէ, եթե նկատի առնենք այն, որ Ալիևը արդեն տևական ժամանակ գրեթե բացահայտորեն քննադատում է Վաշինգտոնին և Փարիզին հայամետ դիրքորոշում ունենալու, Ադրբեջանի «արդարացի» պահանջները, տարածքային ամբողջականության խնդիրները մերժելու համար: Ալիևն այդ ամենը հայտարարել է չափազանց հաճախ և չափազանց բաց ու թափանցիկ, ուղիղ տեքստերով, և եթե այդ պայմաններում Լավրովը Բաքվում հայտարարում է Վաշինգտոնի և Փարիզի հետ համակարծիք լինելու մասին, մեկնաբանությունները դառնում են ավելորդ:

Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ նա հայտարարելու էր Վաշինգտոնի և Փարիզի հետ համակարծիք չլինելու մասին: Բանն այն է, որ Լավրովը պարզապես կարող էր չխոսել այդ մասին, այն էլ՝ Բաքվում: Բայց նա խոսել է, և դրանով, իհարկե, շատ բան է ասված: Մյուս կողմից, անշուշտ, այստեղ առանձնապես սենսացիա չկա, եթե դատենք զուտ գործընթացի տրամաբանությունից ելնելով: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմում ապացուցվել է Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության հանցավոր բնույթը:

Այժմ Ռուսաստանն, այսպես ասած, անցնում է «ռեաբիլիտացիոն փուլ»: Որքան կտևի այդ փուլը, շատ դժվար է ասել: Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ այդ փուլը լոկ ապացուցված հանցանքի գործոնով չէ, որ պայմանավորված է: Ավելի շուտ այդ փուլի մեկնարկը տրված է դրանով, բայց ընթացքը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, որոնք ներկայումս բազմազան են և Ռուսաստանին ստիպում են վերանայել իր քաղաքականությունը Կովկասում, մասնավորապես Հայաստանի հարցում:

Այդ առումով Մոսկվայի գործողություններում, իհարկե, անմիջական վերանայումներ չեն նշմարվում, այսինքն՝ այստեղ այդ առումով հստակ նկատելի է, որ ուղղակի չկան այլընտրանքային մոտեցումներ և նույնիսկ պատկերացումներ, և Հայաստանին շարունակում են դիտել ոչ թե որպես գործընկեր և առավել ևս հավասարազոր դաշնակից, այլ լավագույն դեպքում որպես ֆորպոստ, եթե ոչ որպես վասալ:

Ներկայումս ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը չի անում քայլեր իրերի այդ դրությունը փոխելու ուղղությամբ՝ երևի թե ապավինելով այն բանին, որ Ռուսաստանի, այսպես ասած, հին քաղաքականության մնացորդները փլվեն իրենք իրենց: Սակայն այն, որ Մոսկվան փոխում է իր վերաբերմունքը Ադրբեջանի հարցում, արդեն իսկ հնարավոր է գնահատել չարյաց փոքրագույնը:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ