16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առասպելական եւ Հայաստանի “թալիբները”.Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր  այսօրվա խմբագրականում գրել է.””Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան”,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը` մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձեւացող “կարմիր” մի լրտեսի: Իսկ Երեւանում վերջերս թալիբներ են հայտնվել:

Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել` դրա վերաբերյալ հոդաբաշխ պատասխան չի տրվում: Բոլոր դեպքերում զգոն եղեք, հարգելի համաքաղաքացիներ, եթե փողոցում հանկարծ անթրաշ մարդ տեսնեք, իսկույն ահազանգեք ԱԱԾ` մանավանդ, եթե զգաք, որ անթրաշը վաղուց չի լողացել: Հետագայում պետությունը Ձեզ զուցեեւ պարգեւատրի քաղաքացիական զգոնության եւ (բառիս բուն իմաստով) լավ հոտառության համար:

Առասպելական թալիբները, իհարկե, այնքան էլ հետաքրքիր երեւույթ չեն, բայց մեր զարմանալիորեն պասիվ հասարակական կյանքում նրանք չեղած տեղը արթնացրին խորիմաստ մեկնաբանների միտքը եւ հնարավորություն տվեցին ընդարձակ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարել` ինչ նկատի ունեն աշխարհի ուժային կենտրոնները Հայաստան թալիբներ ուղարկելով: Թալիբների մեջ գոնե կա ինչ-որ էկզոտիկա, թե չէ` մեր ժողովուրդը ստիպված է բավարարվել “առօրեական” լուրերով, “էն օրը մոտս բավականին լուրջ կին էր նստել, նրա քույրը Պետրոզավոդսկ է աշխատում եւ տեսել է, թե ինչպես են մեր նախարարները այնտեղ մեշոկներով փող բերում եւ կազինոներում կրվում”: Որ մեր նախարարներն անկաշառ չեն՝ վերջերս, այսպես ասած, հաստատվեց բարձրագույն մակարդակով: Բացառված չէ նաեւ, որ նրանք ինչ-որ մի տեղ խաղատուն են գնում:

Երկու տեղեկություն, սակայն, այս առասպելի մեջ լավ մտածված չէ. “մեշոկները”` այսօր փողերը տեղափոխելու ավելի հարմարավետ ձեւ կա` բանկային քարտը, եւ Կարելիայի մայրաքաղաքը, որտեղ խաղատներն աշխարհում լավագույնը չեն: Բայց ինչ ասես այդ մարդուն, որը տեսել է մի կնոջ, որը ճանաչում է մեկ այլ կնոջ եւ այլն: Այդ մարդը թալիբ էլ տեսած կլինի:

Երեկ ես պատիվ ունեի շփվելու ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկի հետ` նա մեկն է մեր մոլորակի 12 մահկանացուներից, որը քայլել է Լուսնի մակերեսով: Այդպիսի մարդու Հայաստանում եւ Արցախում հայտնվելը մեզ համար պետք է որ ուրախալի փաստ լինի:

Բայց երեկ ես լսեցի մեկ այլ կարծիք. ասում են` ոչ տիեզերանավ եւ ոչ աստրոնավթ Լուսնի վրա չի իջել` այդ ամբողջ տեսագրությունները բեմադրված են այստեղ` Երկրի վրա: Մարդկանց ուղեղում դժվարությամբ են տեղավորվում տիեզերական մասշտաբի երեւոյթները, իսկ մանր խարդախությունները` որքան ուզեք: Եվ այդ ժանրի ցանկացած անհեթեթության մենք հակված ենք հավատալու:

Իսկ աֆղանական թալիբներից պետք չէ առանձնապես վախենալ: Ահաբեկվելու համար մեզ մեր տեղական “թալիբներն” էլ են հերիք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ