20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե Կարապետյանի կառավարությունը, Աստված չանի, ձախողի. Շարմազանով

«Եթե Կարապետյանը հաջողի, հաջողելու է կոալիցիան, եթե Կարապետյանի կառավարությունը, Աստված չանի, ձախողի, ձախողելու է կոալիցիան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ես ձախողման տենդենցներ չեմ տեսնում, հաջողության ու առաջընթացի միտումներ եմ տեսնում, որը լինելու է երկարաժամկետ և 2020 թվականին, երբ նոր ընտրությունների գնանք, կարձանագրենք այն բոլոր պլյուսները, որ ունենք»,-հավելեց նա: 

Ինչ վերաբերում է երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ակտիվ քննադատություններին՝ ուղղված Կառավարությանն, ապա Շարմազանովը դա արտառոց չի համարում: 

Դիտարկմանը, թե մինչ այդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է ու խուսափել էր նրա կառավարությանը գնահատական տալ, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ ձեր հարցի հասցեատերը։ Տպավորությունները թողնում եմ իմ մեջ, որովհետև դրանցով չեմ առաջնորդվում։ Իմ համոզմունքը հետևյալն է. մենք սատարում ենք Կարապետյանի կառավարությանը, կարծում ենք, որ այս քաղաքականությունը թե՛ բյուջե 2018-ի նախագիծը, թե՛ կառավարության քաղաքականությունը միտված է լուծել խնդիրները, որոնք կան մեր երկրում։ Որքանով են դրանք արդյունավետ, որքանով ոչ, ցույց կտա ժամանակը»։

Շարմազանովը նաև նկատեց, որ պետք չէ զարմանալ, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ու կառավարության ղեկավարի միջև կան ընկերական, մարդկային կապեր։ «Ես էլ ունեմ ընկերներ ընդդմիության դաշտում, որ մեկս մյուսին այս դահլիճում անխնա քննադատում ենք։ Մեկը մյուսի հետ կապ չունի»:

Շարմազանովը նաև նշեց, որ պետք չէ զարմանալ «Ծառուկյան» խմբակցության քննադատություններից, որովհետև ինչպես «Ելքը», «Ծառուկյան» խմբակցությունը ևս ընդդմիադիր ուժ է խորհրդարանում։

«ԱԺ-ում թիվ մեկ և՛ կշռով, և՛ քանակով, և՛ ստացած ձայներով ու քանակով ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է», – նշեց նա։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է միշտ էլ քննադատի. «Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ասում է՝ սա իմ շնորհքն է։ Սա էլ ես չեմ ասել, ավելի խելացի մարդ է ասել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»։

Անդրադառնալով ընդդիմադիրների պահանջին՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի վարչապետի ունեցվածքը, Շարմազանովը նշեց, որ դա այս պահին օրակարգային հարց չէ։

«Այն, ինչ գտնում ենք, որ անհրաժեշտ է, ինքներս ենք անում, Հանրապետականն է օրակարգ թելադրում, ու նրան են միանում։ Գոնե այս վերջին 10 տարում այդպես է։ Եթե ՀՀԿ-ն գտնում է, որ որևէ հարց կարևոր է երկրի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգերի համար, մենք ինքներս նախաձեռնում ենք։ Եթե մինչ այս պահը մենք չենք նախաձեռնել, ապա մենք դրա ջատագովը չենք։ Մյուս կողմից մենք չենք մերժում որևէ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքը», – նշեց Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ