23 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ֆուտբոլի «հայկական հարցը»

Ruben_Hayrapetyan_Henrik

Ֆուտբոլով  կարելի է  շունչ տալ  երկրին

Հայաստանի ազգային հավաքականը տապալեց ընտրական մրցաշարը՝ ցուցադրելով խայտառակ ֆուտբոլ։ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Չեխիայից պարտվում է 7:0, իսկ Թուրքիայից՝ 4:0 հաշվով: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Երեւանում 3:0 հաշվով պարտվում է Մակեդոնիային, իսկ 5:0 հաշվով՝ Ավստրիային: Սա միայն վերջին շաբաթների պաշտոնական խաղերի արդյունքները: Փաստ է, որ մանկապատանեկան ֆուտբոլում խորքային եւ սուր ճգնաժամ է: Մեզ խոստանում էին զարգացում, բայց գնացինք հավասարվեցինք ամենաթույլիկ հավաքականներին: Կարծում ենք ժամանակն է, որ անդրադառնանք ֆուտբոլին, ֆուտբոլային խնդիրներին, զարգացման ծրագրերին  եւ բարձր գտնվենք նեղ անձնային հարաբերություններից։ Ի վերջո, մինչեւ վերջ անկեղծլինելու համար հատուկ շեշտենք, որ ֆուտբոլի զարգացումը կամ տապալումը չի կարելի կապել մեկ մարդու հետ:  

Ինչու հենց ֆուտբոլը

Ֆուտբոլը վաղուց  միայն մարզաձեւ չէ: Ֆուտբոլն ամեն ինչ է՝ քաղաքականություն, մշակույթ, կախարդական փայտիկ՝ ծանր իրավիճակներում, նոր երեխա ունենալու  խթան, տնտեսության աշխուժացման միջոց: Թվարկումը կարող ենք հավերժ շարունակել:

Ֆուտբոլը հասարակական կյանքն առողջացնում եւ առաջ է մղում: Այն ամենազանգվածային հետաքրքրության եւ հույզերի դաշտն է: Այս մասին վաղուց գիտեն գրեթե բոլոր երկրներում:  Հայաստանը չպետք է լինի բացառություն:

Ֆուտբոլային իրականությունն այսօր  խղճուկ է: Ուժեղագույնների խմբում մնացել է վեց թիմ, որոնք հիշեցնում են հայտնի հեքիաթի երեք գյուղերը, որոնցից երկուսի տեղն իսկի չի երեւում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։

Իսկ 1992 թվականին, պատերազմական տարիներին, որոնց ոմանք անվանում են մթի ու ցրտի տարիներ, Հայաստանի առաջնության ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս 24 թիմ: Գավաթի եզրափակիչ հանդիպումներին մարզադաշտում տեղ էին զբաղեցնում տասնյակ հազարավոր մարդիկ: Ֆուտբոլը մարդկանց կյանք էր տալիս, շեղում ծանր իրավիճակից, գերծանր սոցիալական վիճակից:

Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Հայաստանի առաջնության մեկնարկից քսանհինգ տարի անց ֆուտբոլը Հայաստանում մարման փուլում է: Առաջնության խաղերն անցնում են դատարկ տրիբունաներում, մարզերը 100 տոկոսով կտրված են ֆուտբոլային կյանքից։ Եւ սա այն դեպքում, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարողացավ մանկապատանեկան ֆուտբոլի համար քիչ թե շատ նորմալ ենթակառուցվածքներ ստեղծել, բայց ակումբային ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ-ի հետ,մեղմ ասած, այնքան էլ կապ չունի: Ակումբային ֆուտբոլն առանց տնտեսության զարգացման, առանց պետական հատուկ քաղաքականության զարգացնել հնարավոր չէ:

Ռուսաստանում, ավելի ճիշտ Խորհրդային Միությունում առաջին պաշտոնական առաջնությունը մեկնարկեց 1936-ին՝ վեց թիմի մասնակցությամբ, բայց արդեն մի քանի տարի հետո շնորհիվ ճիշտ քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքի, ֆուտբոլն արդեն ավելին էր, քան մարզաձեւ: Մարդիկ ապրում էին ֆուտբոլով: Հայտնի դերասան Յուրի Նիկուլինը հիշում էր, որ պատերազմից  վերադառնալուց հետո առաջին գործը, որ արել է, դեռ մինչեւ տուն մտնելը՝ մարզադաշտ գնալն էր:

Իսկ գիտե՞ք ֆուտբոլն ինչ հրաշքներ էր գործում պատերազմի՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

1942թ.: Պաշարված Լենինգրադ: Գերմանացիները թռուցիկներ են նետում քաղաքի վրա, որի վրա գրված էր՝ Լենինգրադը մեռյալների քաղաք է: Քաղաքի ղեկավարությունը վերցնում եւ պաշարված, սոված մարդկանց քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում է կազմակերպում: «Կյանքը շարունակվում է, պետք է դիմանալ»,- այս կարգախոսի ներքո 1942թ. մայիսին քաղաքային մարզադաշտում ֆուտբոլ էին խաղում, իսկ խաղացողներին, որոնք հիմնականում Լենինգրադի «Դինամոյի» ֆուտբոլիստներն էին, բերել էին ռազմաճակատից: Նրանց գտնելը, հասկանում եք, հեշտ գործ չէր, բայց գտան, խաղացին, շունչ տվեցին լենինգրադցիներին, եւ ոչ միայն նրանց: Խաղի ռեպորտաժը հեռարձակվում էր ռադիոյով, եւ խրամատներում գտնվողները լսում եւ ոգեւորվում էին: Հեռարձակումն իրականացվում էր ռուսերենով եւ գերմաներենով: Այն լսում էին նաեւ գերմանացիները: Խաղի ընթացքում նրանք մարզադաշտը ռմբակոծելու որեւէ փորձ չարեցին, որեւէ գրոհ կազմակերպելու փորձ չարեցին: Ֆուտբոլը երկու ժամով կանգնեցրեց մարտական գործողությունները, իսկ որ ամենակարեւորն է՝ շունչ տվեց զինվորներին:

«Ես սկզբում չհավատացի: Գտնվում էի ճահիճներով շրջապատված խրամատում, գերմանացիներից հինգ հարյուր մետր հեռավորության վրա: Վազեցի կապավորների մոտ, նրանք հաստատեցին՝ իրոք ֆուտբոլ է: Տեսնել էր պետք՝ ինչ ոգեւորություն է: Մենք լցվեցինք ուժով եւ պատրաստ էինք նետվել գրոհի»,- իր ընկերներին ուղարկած նամակում գրել է Լենինգրադի ֆուտբոլիստներից մեկը, որը չի մասնակցել խաղին եւ լսել է ռադիոհեռարձակումը:

 Ֆուտբոլով մարդկանց ապրելու հույս են ներշնչել: Ֆուտբոլը մարդկանց օգնել է նաեւ հետպատերազմական տարիներին: Օգնել է հավատալ վաղվա օրվան:

Ֆուտբոլը նաեւ խթան է տնտեսության զարգացման համար: Տնտեսագետները, գործարարները առաջինը Բրազիլիայում քսաներորդ դարի վաթսունականներին նկատեցին, որ սիրելի թիմի հաղթանակի հաջորդ օրը բրազիլացիների աշխատունակությունը բարձրանում է: Ավելին, ֆուտբոլը խթան է նաեւ ծնելիության աճի համար:

Ժամանակակից աշխարհում ֆուտբոլը ձեւավորում է հասարակական արժեքներ, հարաբերությունների համակարգ:   Մարդիկ ապրում են ֆուտբոլով: Սերնդեսերունդ ընտանիքներում երկրպագում են այս կամ այն թիմին, եւ դա ընտանեկան ավանդույթ է: Ֆուտբոլ նայելու համար մարզադաշտ գնալը կյանքի մի մասնիկ է: Դա կյանքի կերպ է:

Փողոցում իրար անտեղի վիրավորելու եւ շենքի դիմաց պպզելու փոխարեն երիտասարդները մարզադաշտ են գնում, քննարկում խաղը, իսկ հետո իրենք եւս խաղում: Նրանք գնում են սիրելի թիմի մարզահագուստները, այլ ատրիբուտներ: Աբոնեմենտ գնելը սիրած թիմի խաղը դիտելու համար պատվի հարց է: Ֆուտբոլով դաստիարակված երեխան մեծանալով պիտանի է լինում ընտանիքին եւ երկրին:

Ֆուտբոլի «հայկական հարցը»

Այս ֆուտբոլային աշխարհը, ֆուտբոլային հասարակությունը Հայաստանում չի գործում։ Ինչո՞ւ։ Սուտ է, թե ամեն ինչ կախված է տնտեսության վիճակից կամ հնարավոր չէ կազմակերպել։

ֆուտբոլը Հայաստանում վերակենդանացնելու ու զարգացնելու համար անհրաժեշտ է երկու պայման.

ա. Պետք է ձեւավորել ֆուտբոլային ինդուստրիա։ Եւ այդ ինդուստրիան պետք է աշխատի առողջ մրցակցային տնտեսության կանոններով։

բ. Վերականգնել հայկական ֆուտբոլի եւ հայ հասարակության կապը։ 

Ինչ է կատարվել մեզ մոտ։: Մեզ մոտ  ոչնչացված է ոչ  միայն ֆուտբոլային ինդուստրիան, այլեւ ֆուտբոլային հասարակությունը։ Հանուն Մխիթարյանի ազգովի «Մանչեսթեր Յունայթեդին» երկրպագելը անկախ պետության պարագայում՝ ոչ մի կապ չունի երկրում ֆուտբոլային մասսակայանության հետ։

Վերջերս  Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընկերական խաղում Երեւանում պարտվեց իրանցի հասակակիցներին: Պարտվելը դեռ ոչինչ: Սարսափելի որակի խաղ, հույզերի բացակայություն: Ու սա մինչև 19 տարեկանների մոտ, ապագայի մոտ։

Ֆուտբոլը զարգացնելու համար նախ պետք է ֆուտբոլ խաղան բակերում, գյուղերի մարզադաշտերում, փոքրիկ եւ մեծ քաղաքներում:

Ակամա հիշում ես լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների պատմածը, թե ինչպես են հայտնվել մեծ ֆուտբոլում: Նրանց գրեթե բոլորին հայտնաբերել են մարզիչները՝ բակում խաղալիս:

Լատվիան, որ երբեք ֆուտբոլային երկիր չի եղել, ֆուտբոլով չեն ապրել, այսօր ուժեղագույնների խմբում ունի յոթ թիմ, իսկ Առաջին խմբում՝ տասներկու: Ադրբեջանի Պրեմիեր լիգայում խաղում է ութ, իսկ Առաջին խմբում՝ տասնչորս թիմ: Մակեդոնիայի Բարձրագույն խմբում խաղում է տասը, իսկ Առաջին խմբում՝ քսան թիմ:

Իջեւանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում մարզադաշտեր կան, բայց թիմեր չկան: Ինչո՞ւ են այնպիսի պայմաններ ստեղծել, որ թիմ պահելը, առաջնությանը մասնակցելն այսքան բարդացել է: Ինչո՞ւ այնպիսի չափորոշիչներ, անդամավճարներ չսահմանել, որ Իջեւանը կամ Դիլիջանը, Աշտարակը կամ Վայքը իրենց թույլ տան թիմեր ունենալ եւ մասնակցել առաջնությանը: Ինչո՞ւ չունենք ֆուտբոլային պետական քաղաքականություն, որ մարզպետների խնդիրը լինի նաեւ մարզերում ֆուտբոլի զարգացումը:

Պարզ է, ակնհայտ է, որ թիմեր ունենալու դեպքում մարզադաշտերն էլ աստիճանաբար կբերվեն ավելի պատշաճ մակարդակի, քաղաքները կապրեն ֆուտբոլով, կլցվեն կյանքով, ֆուտբոլից ազատ օրերին էլ մարզադաշտերում համերգ կամ այլ մշակույթային միջացառումներ կիրականացվեն: Հայաստանի մարզերի, մարզային քաղաքների, գյուղերի կիսամեռ կյանքի ակտիվացման արդյունավետ քայլերից մեկը կարող է լինել ֆուտբոլային կյանքի վերակենդանացումը։ («Այլընտրանքային նախագծերի խումբը» առաջարկում է սկսել առարկայական քննարկումներ այս թեմայով)։

Մարզադաշտերը պարտադիր չէ որ ունենան հազարավոր մարդիկ տեղավորող տրիբունաներ: Սկսենք նորմալ խոտածածկից: Օրերս դիտում էին ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/128-րդ փուլի խաղերի տեսությունը եւ ուշադրություն դարձր մարզադաշտերին: Փոքրիկ, ընդամենը հազար կամ երկու հազար մարդ տեղավորող մարզադաշտեր, բայց ինչպիսի էներգետիկա: Շատ դաշտեր հիշեցնում էին Աչաջուր գյուղի ֆուտբոլի դաշտը` շրջապատված այգիներով եւ գյուղական տներով, բայց անգլիացիներն առանաց ամաչելու խաղում են, ապրում ֆուտբոլով: Այնպես որ, մարզերում ֆուտբոլ զարգացնելու համար միլիոնավոր դոլարների կարիք չկա: 

Ռեսուրսներ միշտ կարելի է գտնել։ Եթե լինի գաղափար, եթե լինի ծրագիր եւ եթե լինի ցանկություն՝ գումարը միշտ կգտնվի։ Հայաստանում նույնիսկ այս հաշվարկները չկան։ ՈւԵՖԱ-ն ֆեդերացիաներին միջոցներ է հատկացնում ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար: Ստացվում է չկան թիմեր, չկա եւ մեր ֆեդերացիայի կողմից թիմերին աջակցելու անհրաժեշտություն: Իսկ թիմեր, այս իրավիճակում, չեն կարող լինել առանց տեղական իշխանությունների աջակցության եւ ներդրած ջանքերով:

Այսօր մեր մեծ ու փոքր քաղաքները տխուր եւ խղճուկ տպավորություն են թողնում: Կյանք չկա այդ քաղաքներում, հույզեր չկան: Սա է նաեւ պատճառը, որ երիտասարդները հույզերը պարպելու համար ընտրում են միմյանց քիթ ու մռութ ջարդելու եւ կիսագողական ռազբորկաների տարբերակը, ալկոհոլը, թմրանյութերը կամ էլ արտագաղթում են:

Զարգացրեք ֆուտբոլը քաղաքներում, գոնե սկսեք այն քաղաքներից որտեղ մարզադաշտեր կան, եւ կտեսնեք, թե ինչպես է աստիճանաբար աշխուժանում կյանքը։ Սկսել ներմարզային առաջնություններից, միջմարզային մրցաշարերից։ Ժամանակին Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում ներշրջանային առաջնություններ էին լինում, որը պակաս հետաքրքրություն չէր առաջացնում, քան «Արարատի» հանդիպումները: Երբ միմյանց հետ մրցում էին Իջեւանի շրջանի Աչաջրի կամ Սեւքարի, Ազատամուտի կամ Սարի գյուղի թիմերը, այնքան թեժ եւ հաճելի լարվածություն էր լինում, այնպես, ինչպես անգլիական առաջնության խաղերից առաջ եւ հետո: Գյուղը հետաքրքրությամբ հետեւում էր, թե բեռնատարո՞վ են ժամանելու հարեւան գյուղի ֆուտբոլիստները, թե՞ ավտոբուսով, եւ դա մի առանձին քննարկման առարկա էր դառնում խաղից առաջ եւ հետո:

Ցանկություն լինելու դեպքում կարելի է ֆուտբոլային առաջնություններ կազմակերպել զինված ուժերում: Եւ այստեղ հարց՝ ինչո՞ւ Հայաստանի առաջնութան թիմ չունենա նաեւ բանակը: Այդպիսի թիմեր ունի Ռուսաստանը, Սերբիան, Չինաստանը, Ռումինիան:

Իսկ որ ամենակարեւորն է, պետք է սկսել մանկապատանեկան ֆուտբոլից: Ոչ, խոսքը ոչ թե ֆուտբոլի դպրոցների կամ խմբակների մասին է, այլ «Կաշվե գնդակի» տիպի մրցաշարի անցկացման, որին առաջին փուլում պարտադիր պետք է մասնակցեն բոլոր դպրոցների տարբեր տարիքային խմբերը, ընդ որում, ոչ թե թղթի վրա, այլ իրականում: Ավելին, այդ մրցաշարի կազմակերպումը եւ լուսաբանումը պետք է իրականացվի ամենաբարձր մակարդակով: Եկեք փորձենք կյանք տալ այս երկրին, շունչ տալ, իսկ դրան հասնելու ամենալավ միջոցներից մեկը ֆուտբոլն է:   

Ամփոփում

«Այլընտրանքային նախագծեր խումբը» պատրաստ է հիմնավորել,  որ Հայաստանում կարելի է առողջ զարգացման բերել հայկական ֆուտբոլը։ Գյուղերից մինչև Երեւան, բակերից մինչեւ ազգային հավաքական։ Իսկ դա էապես կփոխի մթնոլորտը երկրում։ Ստեղծել ֆուտբոլային ինդուստրիա եւ վերականգնել ֆուտբոլի մասսայականությունը Հայաստանում. սա  է միակ առողջ ֆուտբոլային քաղաքականությունը։ Մնացածը տեխնիկական լուծումներ են։Մենք ելնում ենք այն վարկածից, որ չի լինում մի մեղավոր։ Արդյո՞ք, կառավարությունը նման խնդիր դրել է վերջին երկար տարիների ընթացքում, արդյո՞ք, մարզպետները, քաղաքապետները նման խնդիր դրել են, թե՞ նման խնդիր  է  դրել խորհրդարանական մեծամասնությունը։ Մենք համառորեն հրաժարվում ենք բարդ խնդիրների լուծումները գտնելուց, փոխարենը՝ նախընտրելով՝ հարցրերը անձնական հարթություն տեղափոխել. սրան հանենք, նրան դնենք, սա որ չլիներ, նա լիներ եւ այլն։ Սա պրիմիտիվ մոտեցում է։ Պետությունը պետք է որոշի ոլորտի քաղաքականությունը, քայլերը կատարվի այդ քաղաքականության համապատասխան, ստեղծի մրցակցային պայմաններ։

 

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ