20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոչ-ոքի ուսանողներ-պաշտոնյաներ պայքարում. դեղին քարտ՝ իշխանության ներկայացուցչին

Լարված պայքարում այսօր ընթացավ ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Խաղն ավարտվեց 3։3 հաշվով։

Պաշտոնյաների թիմում խաղում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը, Հրայր Թովմասյանը, Էդուարդ Շարմազանովը, Անդրանիկ Կարապետյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին և այլք։

Ուսանողներն առաջին խաղակեսում երկու անգամ գրավեցին հակառակորդի դարպասը։ Երկրորդ խաղակեսն անցավ դրամատիկ պայքարում. պաշտոնյաների թիմը դարձավ երեք գոլի հեղինակ, և միայն խաղի վերջին վայրկյաններին ուսանողները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Ի դեպ, Էդուարդ Շարմազանովն արժանացավ դեղին քարտի՝ խաղի ընթացքում մարզաշապիկը հանելու համար։

Մարզական այս միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ երիտասարդական տոների շրջանակներում։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ երիտասարդական տոները չէին կարող անցկացվել առանց մարզական միջոցառման. «Այս խաղով մենք ցանկանում ենք ցույց տալ մեր վերաբերմունքը սպորտի, առողջ ապրելակերպի նկատմամբ։ Սպորտով զբաղվելը, առողջ ապրելակերպը երիտասարդության, հասարակության համար պետք է դառնա կենսակերպ։ Անկախ մասնագիտությունից, աշխատանքից, պետք է ժամանակ գտնել մարզումների, սպորտի համար»։ Ի դեպ, Կարեն Ավագյանը նկատեց նաև, որ պաշտոնյաների թիմում ընդգրկված գրեթե բոլոր խաղացողները չծխող են, և այդ օրինակը պետք է վարակիչ լինի երիտասարդների համար։ Խոսելով խաղի ընթացքի և արդյունքի մասին՝ պարոն Ավագյանը շեշտեց. «Ուսանողության հետ խաղը միշտ դժվար է եղել, և այս հանդիպումը բացառություն չէր»։

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ վաղուց չէր խաղացել ֆուտբոլ։ Ուրախ է, որ ընկերները հրավիրեցին, և ինքը մասնակից դարձավ այս հանդիպմանը։ «Անկեղծ ասած՝ անհանգստանում եմ։ Բայց կարևորը ընկերական մթնոլորտն է, որ թևածում է այստեղ»,- ասաց Սերգեյ Ռիբինսկին։

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը խաղի սկզբում իր մտավախությունն էր հայտնում խաղի արդյունքի կապակցությամբ, քանի որ վերջին տարիներին ուսանողները պարտվում էին պաշտոնյաների հետ ֆուտբոլային պայքարում, սակայն տրամադրված են մարտական և ամեն ինչ անելու են հաղթանակի համար։

Ի դեպ, պաշտոնյաների թիմից խաղում էր նաև Հրայր Թովմասյանի 12-ամյա որդին՝ Վարդան Թովմասյանը։ Պատանի ֆուտբոլիստը խոստովանում է, որ անհարմարություն չի զգում ավագների հետ խաղալիս, քանի որ բակում նման խաղերի փորձ ունի։ Վարդանը խաղի ընթացքում գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ