19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բարձրանում է հոգիս դեպի Քեզ, Աստված իմ

Բարձրանում է հոգիս դեպի Քեզ, Աստվա՜ծ իմ, Աստվա՛ծ, Քե՜զ հույս դրեցի, մի՛ թող ամոթով, չլինի ելնեն թշնամիներս, ծիծաղե՛ն վրաս: Քեզ համբերողը և ո՛չ մի անգամ ամոթի պատճառ չի՛ ունենալու: Անօրեննե՛րը պիտի ամաչեն, քանի որ նրանց գործե՛րն են ունայն, մտքերն՝ անպատի՛վ: Ճանապարհնե՜րդ ինձ շարունակ ցույց տուր, ճանաչեցրո՜ւ ինձ շավիղները Քո, ճշմարտությանդ մեջ Ի՛նքդ առաջնորդիր, ամե՛ն ակնթարթ ինձ ուսուցանիր, քանի որ, Աստվա՛ծ, Դո՛ւ Ես Փրկիչն իմ, և փափագո՜վ եմ սպասում միշտ Քեզ: Գթություննե՜րըդ ինձ համար հիշիր, ողորմություննե՜րդ հավիտենական:

Մանկության ժամին գործած մեղքերըս, նաև մեղքերը իմ անգիտության՝ մի՛ հիշիր բնավ, հիշի՛ր ինձ միայն Քո ողորմությա՛մբ, քաղցրությա՛մբ Քո հիշիր ինձ միայն, որովհետև Դու քա՜ղցր Ես և ուղի՛ղ:

Մեղավորներին այդ Ի՛նքդ Ես դնում օրենքն իմացման ճանապարհներին, առաջնորդում Ես հեզերին անցնել՝ դատաստանների՛դ ուղղության միջով, ճանապարհնե՛րդ Ես խրատում նրանց: Ողորմությամբ ու ճշմարտությա՛մբ են ճամփեքը Տիրոջ նրա՛նց համար, որ՝ վկայությունն ու Նրա սահմանած ո՛ւխտն են որոնում: Հանո՜ւն Քո Անվան, քավի՜ր մեղքերն իմ, որովհետև որ դրանք շատացա՛ն. և այն մարդը, որ Տիրոջ վա՛խն ունի, օրենսգետն ահա վերցնում է նրան ճանապարհի մեջ: Նման մարդն այդժամ բարությա՛ն խորքում կհանգստանա, նրա զավակը պիտի ելնի՛ ու երկի՛ր ժառանգի:

Իր զորությունը Աստված տալիս է նրանց, ովքեր որ՝ Տիրո՛ջն են լսում երկյուղածությամբ, Կտակները Իր շարունակ նրա՛նց է ուսուցանում: Իմ Տիրոջ կողմն են աչքերս ուղղված ամե՛ն ժամանակ, Նա՛ է հասնում ու ոտքերն իմ հանում որոգայթներից: Ի՜մ կողմ նայիր, Տե՜ր և ողորմի՜ր ինձ, որովհետև ես միամորի՛կ եմ ու նաև աղքա՜տ: Նեղություններն իմ սրտի բազմացա՜ն, ե՜կ, իմ վշտերի միջից փրկի՜ր ինձ: Խոնարհություններս ու վաստակնե՜րս տես, և իմ մեղքերին, բոլո՜ր մեղքերին թողությո՜ւն տուր ինձ:

Թշնամիներս, տե՛ս, որ շատացա՜ն. և ատեցի՛ն ինձ՝ առանց պատճառի: Պահպանի՛ր անձն իմ և ե՛կ, փրկի՜ր ինձ, մի՛ թող որ մնամ ամոթանքի մեջ, որովհետև որ հույսս Քո վրա դրեցի, Աստվա՜ծ: Բայց նրանք, ովքեր անբիծ սիրտ ունեն և ուղիղները, որ ընկերակից դարձան իմ ճամփին՝ համբերո՛ւմ են Քեզ: Աստվա՛ծ իմ, փրկի՛ր Քո Իսրայելին իր բոլո՜ր- բոլոր նեղություններից:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ