25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Միգուցե նրանց ավելի շատ հետաքրքրում է գործընթացը, ոչ թե արդյունքը. Շարմազանովը՝ դասադուլից

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ժամանակին դասադուլ է կազմակերպել, դեռևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ հացադուլ էլ է կազմակերպել Բաղրամյանի 26-ի առջև: «Դասադուլները մեր ուսանողների իրավունքներն են: Բայց այն ժամանակ իրավիճակն այլ էր: Մենք հացադուլ արեցինք, որովհետև իրավիճակն անելանելի էր, որևէ իշխանավոր մեզ լսելու ցանկություն չուներ, ոչ ոք չմոտացավ ու չհարցրեց մեզ, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր պահանջը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով այս օրերին արվող դասադուլի մասին:

Հիշեցնենք, որ ուսանողները պահանջում են չդադարեցնել տարկետման իրավունքը: 

Շարմազանովն ընդգծեց՝ այսօր իրավիճակն այլ է, ՊՆ Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու ուսանողների հետ: «Սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք չմասնակցեցին այդ քննարկմանը: Եթե մեր սիրելի ուսանող գործընկերները ցանկանում են օրենքը քննարկել, իրենց պատճառաբանությունները բերել, ապա դեբատներից լավ ձևաչափ չկա: Այստեղ պետք է միգուցե համաձայնեմ պարոն նախարարի հետ, որ միգուցե նրանց ավելի շատ հետաքրքրում է գործընթացը, ոչ թե արդյունքը»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Վերջինս նշեց՝ կուսակցությունը գտնում է, որ այս օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտ է, բխում է ՀՀ անվտանգության շահերից, չի կարելի ասել, որ սա միայն տարկետման իրավունքի մասին է: «Տաղանդաշատ ուսանողներին հնարավորություն է տրվում ծառայություն մատուցել հայոց զինված ուժերում, զարգացնել իրենց գիտական գործունեությունը, պետք չէ սա մակերեսայնացնել և պրիմիտիվացնել: Մենք պաշտպանում ենք ՊՆ-ի ներկայացրած այս օրենսդրական նախաձեռնությունը ոչ թե նրա համար, որ դա բերել է ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը, ոչ, այլ նրա համար, որ սա բխում է մեր ազգային անվտանգության շահերից:

Իսկ դասադուլին նորմալ եմ վերաբերում: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր գործողություն, որ չի հակասում ՀՀ օրենսդրությանը, բնական է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ