20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպես է գործում սատանան, ինչ է դիվահարությունը

Սատանա (եբրայեցերեն Shaitan, հունարեն Σατανᾶς, արամայերեն שִׂטְנָא Satani) նշանակում է «հակառակորդ, ամբաստանող»։ Նոր Կտակարանի հունարեն բնագրերում գործածվում է նաև Διάβολος եզրը, որն առաջացել է διαβάλλω բայից և նշանակում է «նա, ով բաժանում է»։ Սատանան և իրեն հետևող բոլոր դևերը հրեշտակներ են, այսինքն՝ անմարմին հոգիներ, որոնց Աստված սկզբում ստեղծել է բարության և շնորհի մեջ, բայց նրանք իրենց ազատ կամքով ապստամբել են Աստծո ծրագրերի դեմ, ընկել են սրբության իրենց վիճակից և դարձել են չար ոգիներ, որոնց չարությունն արտահայտվում է երկու ուղղությամբ՝ գոռոզ հպարտությամբ և նախանձով. նրանց գոռոզ հպարտությունն ուղղված է Աստծո դեմ, որի արարչական ծրագրերին հրաժարվում են հպատակվել և ծառայել, մինչ նախանձն ուղղված է մարդկության դեմ, քանի որ Աստծո բոլոր ծրագրերի նպատակն ու գագաթնակետը մարդու փրկությունն է և մինչև աստվածային փառքին բարձրացնելը։ Այս իսկ պատճառով նրանք հնարավոր ամեն բան անում են մարդուն ճիշտ ուղուց շեղելու և աստվածային փրկությունից անվերադարձ կերպով հեռացնելու համար։

ա) Գոյությունը

Առանց նրան Իր Ավետարանի կենտրոնում դնելու, Հիսուսը հաճախ է խոսում սատանայի մասին։ Պարզապես մի քանի օրինակ մեջբերելու նպատակով հիշենք, որ Հիսուսն Իր բացահայտ գործունեության սկզբում ընդունում է փորձության ենթարկվել սատանայի կողմից (Մտթ 4, 1-11; Մրկ 1, 12-13; Ղկս 4, 1-13). Լեռան քարոզում զգուշացումներ է տալիս այս հակառակորդի դեմ և նրանից ազատվելու աղերսանք է սովորեցնում Տերունական աղոթքի մեջ (Մտթ 5, 37; 6, 13). խոստանում է Եկեղեցուն տևական հաղթանակ ապահովել սատանայի դեմ (Մտթ 16, 15-20). սատանային անվանում է «այս աշխարհի իշխանը», որը սակայն ոչինչ չի կարող անել Հիսուսի դեմ, որովհետև Հիսուսի առաքելությունը հենց դրանում էր կայանում և հենց դրա համար էր Նա աշխարհ եկել, որպեսզի ազատագրեր աշխարհը սատանայի տիրապետությունից և կործաներ սատանայի գործերը (Հվհ 12, 31; 14, 30; 1Հվհ 3, 7-10; 5, 18-21)։

Սատանա, դև կամ դևեր անուններից բացի, որոնք գործածվում են համեմատաբար ավելի հաճախակի կերպով, Նոր Կտակարանում հանդիպում են ա՛յլ անուններ ևս՝ չար ոգիներին և նրանց գլխավորին մատնանշելու համար. Բեեղզեբուղ, չար, օձ, թշնամի, փորձող, այս աշխարհի իշխան, այս աշխարհի աստված, և այլն։ Նորկտակարանյան առնվազն 300 հատվածներում խոսվում է սատանայի, դևերի և նրանց չար գործունեության մասին։

բ) Գործունեությունը

Սատանայի գործունեությունը միշտ և միայն չար է։ Նա իր ողջ կարողությամբ ատում է Աստծուն և այն ամենը, ինչը որ Աստված սիրում է, մանավանդ մարդուն, որի նկատմամբ մահացու նախանձ է տածում, որովհետև Քրիստոսի արյամբ փրկված մարդուն բազմած է տեսնում այն փառքի մեջ, որտեղից ինքը գահավիժել է իր ապստամբության պատճառով։

Սատանայական և դիվային գործունեությունը, սակայն, աշխարհում չի տարածվում այնքան, որքան նա ինքն է ցանկանում կամ կարողանում, այլ միմիայն այնքան, որքան որ Աստված Ինքն է նրան դա թույլատրում։ Աստված անշուշտ կարող էր ապստամբ հրեշտակներին զրկել մարդկանց վնասելու որևէ հնարավորությունից, բայց Իր հավիտենական իմաստության ծրագրերի համաձայն կամեցավ թույլատրել նրանց չափավոր գործունեությունը մարդկանց կյանքում, այդ ամեն ինչից առավել մեծ բարիք ծնելու նպատակով։

բ.1) Սովորական գործունեությունը

Սատանայի և դևերի սովորական գործունեությունը դա փորձությունն է, որն իր ամենագործածական իմաստով մատնանշում է մի գրգիռ, մի հրահրում մեղանչելու։ Ակնհայտ է, որ սատանան ամեն բան անում է մեզ բարուց հեռացնելու և չարի մեջ նետելու համար։ Այս պատճառով է Պողոս Առաքյալն ասում. «Մեր պայքարը մարմնի ու արյան դեմ չէ, այլ՝ իշխանությունների ու տերությունների, խավարի աշխարհի տիրակալների, օդի չար ոգիների դեմ» (Եփս 6, 12). և Պետրոս Առաքյալը. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, ձեր չորս կողմը պտտվում է մռնչացող առյուծի նման, փնտրելով, թե ո՛ւմ կուլ տա» (1Պտ 5, 8)։ Պողոս Առաքյալը, սակայն, մխիթարում ու վստահեցնում է. «Հավատարիմ է Աստված, և թույլ չի տա, որ ձեր ուժերից ավելի փորձվեք, այլ՝ փորձության հետ ելքի ուղի էլ ցույց կտա, որպեսզի կարողանաք կրել այն» (1Կր 10, 13)։
Ակնհայտ է, սակայն, որ բոլոր փորձությունները չէ, որ սատանայից են գալիս։ Բազմաթիվ փորձություններ պտուղն են մեր անկյալ բնության, ստացած դաստիարակության, կրթության, միջավայրի, ուր ապրում ենք, պատահական իրավիճակների, և այլն։ Սրա համար է Հակոբոս Առաքյալը գրում. «Յուրաքանչյուր ոք փորձվում է իր ցանկասիրությունից, որն իրեն հմայում է ու հրապուրում» (Հկբ 1, 14)։

բ.2) Արտասովոր գործունեությունը

Դիվային արտասովոր գործունեության տեսակները հիմնականում երեքն են. տեղանքի վարակումը, անձնական կյանքի վարակումը և դիվահարությունը։ Առաջինի դեպքում դիվային առավել կամ նվազ զգալի ազդեցությամբ վարակվում են որոշակի վայրեր, կամ առարկաներ, կամ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, դրանց միջոցով անուղղակի կերպով մարդուն հասնելու նպատակով։ Երկրորդի դեպքում դիվային ազդեցությունը առավել կամ նվազ զգալի կերպով տարածվում է անհատի ֆիզիկական, կամ հոգեբանական, կամ հասարակական կյանքի վրա, սակայն առանց մթագնելու տվյալ անձի կողմից բանականության և ազատ կամքի գործածումը։

Դիվահարություն է այն դեպքում, երբ սատանան իր տիրապետության տակ է վերցնում մարդու մարմինը, նրանից խլելով նաև բանականության և ազատ կամքի գործածումը։ Դիվային սովորական և արտասովոր գործունեության բոլոր տեսակներն էլ, եթե ուղղակի կամ անուղղակի կերպով չեն հրահրվել տվյալ մարդու կողմից, մարդուն չեն վերագրվում իբրև մեղք, քանի դեռ նա իր բոլոր ուժերով պայքարում է դրանց դեմ։

գ) Սատանայի դեմ պայքարի միջոցները

Ավետարանների բազմաթիվ հատվածներում նկարագրվում է, թե ինչպես էր Հիսուսը բժշկում դիվահարներին (Մտթ 8, 28-34; Մրկ 1, 23-27; Ղկս 9, 38-44; 13, 11-17)։ Առաքյալները ևս Հիսուսի կողմից ստացել էին չար ոգիներին դուրս հանելու կարողությունը (Մտթ 10, 1; Մրկ 3, 14-15; 6, 6-7.12-13; Ղկս 9, 1; 10, 17-20)։

Սատանայի դեմ արդյունավետ պայքարի միջոցների վերաբերյալ նորկտակարանյան ուսմունքը կարող ենք համառոտել հետևյալ կետերում.

-Մկրտությամբ ջնջվում է ադամական մեղքը և սկզբնավորվում է անհատի քրիստոնեական կյանքը։ Մկրտությամբ, անշուշտ, չի ջնջվում մարդու ազատ կամքը և նա կարող է վերադառնալ մեղքի կյանքին, բայց Մկրտությամբ նրան տրվում են աստվածային հարկավոր բոլոր շնորհները՝ դիվային ազդեցությունից ազատ մնալու համար։

-Առաքինությունների սովորական (առօրյա) և արտասովոր (հերոսական) գործադրմամբ, որոնցով հզորանում է մարդու կամքը և առավել դյուրությամբ դիմադրում է դիվային թելադրանքներին։
-Անկեղծ ու խոնարհասիրտ աղոթքով, ինչպես նաև Ապաշխարության Խորհրդի ժամանակ կատարվող խոստովանությամբ, որոնցից սատանան և դևերը սարսափում են։

-Եկեղեցու կողմից կիրառված դիվահալածմամբ, հետևելով Հիսուսի պատվիրանին. «Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերին հանեցեք, ձրի առաք, ձրի էլ տվեք» (Մտթ 10, 8)։

Աղբյուրը՝  mashtoz.org

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ