19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անհրաժեշտություն է, որ Մխիթարյան միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երեւան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Հանրապետության նախագահը հանդիպման առիթով եւս մեկ անգամ շնորհավորել է Միաբանության 300-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն անփոխարինելի եւ հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝աշխարհին հայտնի դառնալով որպես հոգեւոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն:

Նախագահի խոսքով՝ երեք դար առաջ հայ մտքի հոգեւոր հսկա Մխիթար Սեբաստացու հիմնած հաստատությունը Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում, որի վկայություններից են Միաբանության վանական համալիրում պահվող՝ հայ մշակութային ժառանգության մաս կազմող բազմաթիվ ձեռագրերն ու մատյանները, որոնք նաեւ համաշխարհային քաղաքակրթության նմուշներ են:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Իտալիա եւ Ավստրիա իր այցելությունների ընթացքում աշխատում է բաց չթողնել առիթը եւ մեծագույն հաճույքով այցելում է Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության հաստատություններ:

Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը եւ ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Գերաշնորհ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը:

Գերաշնորհ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ եւ քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով, որ հայրենիքի ամուր թիկունքը մշտապես զգալը շատ կարեւոր է: Նա ջերմությամբ է հիշել նախագահի այցելությունները Միաբանության հաստատություններ եւ հույս հայտնել, որ նման առիթներ առաջիկայում եւս կլինեն: «Միասնաբար, ձեռք ձեռքի տված միաբանությունն իր անդամների եւ նաեւ բարեկամների հետ Ձեր՝ մեծարգո՛ նախագահ եւ Վեհափառ Տիրոջ բարձր հովանու ներքո պետք է ջանա 300-ամյակի հոբելյանական տարին պատշաճ անցկացնել»,- նշել է Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաեւ Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ