24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների 11 կետ

Facebook-յան իր էջում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների իր տեսլականը, որը բաղկացած է 11 կետից:

Նա գրել է.

«Ինչպես եւ խոսք էի տվել ստորեւ հրապարակում եմ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման վերաբերյալ իմ պատկերացումները։ Դրանք հիմնականում ուղղված են հասարակական կարեւոր նշանակություն ունեցող կառույցի կացութաձեւային կամ տնտեսական կարգավիճակին, հանրային մեծ նշանակություն ունեցող այլ կառույցների, մասնավորապես պետության, հետ հարաբերությունններին։ Մտադիր չեմ անդրադառնալ ՀԱԵ-ի դավանաբանությանը։ Դա իմ գործը չէ։ Միայն նշեմ, որ ՀԱԵ-ի թերությունների եւ բարեփոխման մասին գրել են Մաղաքիա Օրմանյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Նորայր Պողարյանը, Բաբկեն Կյուլեսերյանը եւ այլք։

Մինչեւ ՀԱԵ-ի տնտեսա-կազմակերպչական խնդիրներին անցնելը ուզում են նշել հետեւյալը։ Բազմիցս ականատես ենք եղել նրան, թե ինչպես է ՀԱԵ-ն այս կամ այն կրոնական հաստատությունն աղանդ բնութագրել՝ չնայած Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Որպես կանոն, աղանդ ասելով մենք հասկանում ենք վարդապետություն, որը շեղվում է պաշտոնական դավանությունից եւ հակադրվում նրան։ Բայց բոլոր պաշտոնական դավանությունները, որպես կանոն, ինչ-որ ժամանակ հակադրվել են գործող կրոնին եւ աղանդ են եղել վերջինիս նկատմամբ։

Ուրեմն ինչո՞ւ պիտի ՀԱԵ-ից բացի այլ քրիստոնեական դավանություն աղանդ համարվի։ Կամ կարո՞ղ է արդյոք քրիստոնեությունը լինել ազգային։ Չէ՞ որ դրա ստեղծման հիմնական պատմական առաքելությունը միասնական աստծուն անցնելն էր եւ դրանով իսկ Հռոմեական կայսրության անհրաժեշտությունը վերացնելը (Էդ.Գիբբոն)։

Նրա (քրիստոնեության) հիմնական առաքելությունը հենց ազգային աստվածներին փոխարինելն է եղել։ Ուրեմն ստեղծվում է քրիստոնեությունը, ապա այն շեղվում է իր հիմնական առաքելությունից՝ բաժանվելով արեւմտյան ու արեւելյան հատվածների, իսկ ապա նաեւ կաթոլիկների, բողոքականների ու ուղղափառների (արեւելյան հատված)։ Այստեղ ահա մենք ունենք նաեւ ազգային քրիստոնեություն՝ հանձինս ՀԱԵ-ի։ Սա դեռ քիչ է, ՀԱԵ-ն էլ բաժանված է 2 կաթողիկոսության։ Պետք չէ՞ արդյոք մտածել, որ այս իրադարձությունների հետեւում ոչ թե ինչ-որ պատմական անհրաժեշտություն պետք է փնտրել (օրինակ, «ազգապահպանությունը»), այլ մեր սուրբ հայրերի ընդհանուր կարգ ու կանոնին չենթարկվելու կամակորությունը։ Ի վերջո, պատմական շատ իրադարձություններ ցույց են տվել եւ Արեւմուտքի, եւ Արեւելքի անտարբերությունը ՀԱԵ-ի հավատացյալների հանդեպ։

Հիմա կյանքն առաջ է գնում։ Այստեղ ահա առաջ ենք քաշում ՀԱԵ-ի բարեփոխման առաջին հիմնական թեզը՝ այն բոլոր առումներով պետք է մոտենա, ներդաշնակվի քրիստոնեական եկեղեցիներին։ ՀԱԵ-ն պետք է մոտենա մարդուն։ Աստծու հետ հաղորդակցվելու համար քաղաքացին պարտավոր չէ անպայման գնալ եկեղեցի եւ շփվել ՀԱԵ-ի սպասավորների հետ։ Ոչ-ոք քաղաքացուն չպետք է կշտամբի դրամ չունենալու համար, մոմ վառելու համար փող չպահանջի։ ՀԱԵ-ի սպասավորներն իրենք են պարտավոր քաղաքացուն ընդառաջ գնալ։

Երկրորդ, ՀԱԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։

Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱԵ-ի սպասավորների ցանկում։

Չորրորդ, ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպություններն ամեն տարվա սկզբին պետք է հրապարակեն իրենց գործունեության հաշվետվությունը։

Հինգերորդ, յուրաքանչյուր տարվա սկսզբին ՀԱԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգեւոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։

Վեցերորդ, ՀԱԵ-ի, ինչպես նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը, նրանց ունեցվածքը պետք է հարկվեն։ Բացառություններ չպետք է լինեն՝ բացի մոմերի վաճառքից ստացվող եկամուտները։

Յոթերորդ, իրենց բոլոր ծառայությունների դիմաց ստացվող վճարումների համար ՀԱԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է տրամադրեն ՀԴՄ։

Ութերորդ, ՀԱԵ-ի, մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների բոլոր սպասավորները պետք է եկամտահարկ վճարեն թափանցիկ ու պարզ մեխանիզմներով։ Հոգեւորական դասի վերին մասն ամեն տարի պետք է լրացնի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիր։

Իններորդ, ՀԱԵ-ի, ինչպես նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված եկամուտների անբավարարության դեպքում նրանք ՀՀ պետական բյուջեից դոտացիա պետք է ստանան։

Տասներորդ, պետք է դադարեցնել ՀԱԵ-ին պետության կողմից հողեր եւ այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱԵ-ն եւ մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին։

Տասնմեկերորդ, այս կամ այն գործարարի եւ/կամ օլիգարխի կողմից նվիրատվությունները եկեղեցիների, հողերի եւ այլ անշարժ գույքի տեսքով ՀԱԵ-ին, մյուս քրիստոնեական եկեղեցիներին ու կրոնական կազմակերպություններին պետք է/կարելի է ձեւակերպել միայն այն բանից հետո, երբ Կառավարությունն ու Կենտրոնական Բանկը համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն առ այն, որ պետական բյուջե չմուծված հարկերի կամ էլ փողերի լվացման հետ կապված խնդիրներ չկան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ