24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիևի օգնականը ակնհայտորեն ընկալման պրոբլեմ ունի. Շարմազանով

«Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի գրառմանը:

«Թե ինքը, թե Ադրբեջանի այն պաշտոնյաները, ովքեր նման հայտարարությամբ են հանդես գալիս և փորձում են պատրանք ստեղծել, թե, իբր, ՀՀ նախագահն անմիջապես հանդիպումից հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու, իբր, պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ է, քան անհեթեթ հայտարարություն», նշում է  Շարմազանովը:

Նշենք, որ Մամեդովն իր Facebook-յան էջում գրել էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Որոշում էր կայացվել, որ բացի համաձայնեցված դրույթներից, այլ հայտարարություններ չեն արվելու: Չնայած խոստմանը՝ նա չի պահել այն: Հայաստանի նախագահը գիտի և թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս», – գրել է Մամեդովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝  Ալիևի օգնականն ուշադիր նայի կամ կարդա ՀՀ նախագահի ելույթը, շատ լավ կհասկանա, որ նախագահը խոսել է շատ կոռեկտ և հարգալից բառապաշարով:

«Իսկ ինչ վերաբերում է երկու կարևորագույն կետերին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և, որ կարևորն անվտանգության խնդիրն է, դա հայկական կողմն ասել է և տասը տարի առաջ, և այսօր, և ասելու է վաղը: Մենք որևէ կապ չունենք բանակցությունների մանրամասների հետ և կարիք չկա հանրությանն ու միջազգային հանրությանը փորձել շփոթության մեջ դնել», – ընդգծում է  Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով  Արցախի կարգավիճակին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանը նախագահների հանդիպումից առաջ էլ է ասել, հետո էլ կասի Բաքվում ու Վաշինգտոնում, Նյու-Յորքում ու Մոսկվայում:

«Նախագահի խոսքը՝ անվտանգության կարևորության ու Արցախի հետ կապված, որևէ կապ չունի բանակցությունների մանրամասների հետ, իսկ ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ՀՀ նախագահն ասել է այն, ինչ հրապարակային տվել է Մինսկի խումբը: Իսկ Արցախի հետ կապված՝ Մամեդովը չլինի, ով ուզում է լինի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հայկական կողմը ևս մեկ անգամ կրկնում է», – եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ