16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ հնչեցրի այս պրոբլեմը, շատերին թվաց՝ ես աղաղակում եմ, այդպես չի. Արամ Սիմոնյան

Վերջերս չեն դադարում հրապարակումները, թե Երևանի պետական համալսարանում կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: Տասնյակ դասախոսներ մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձն, այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը:

Այս և այլ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, չեն դադարում լուրերը, թե ԵՊՀ-ում կրճատումներ են իրականացվում, աշխատավարձերն են ուշացվում: Ի՞նչ է, ի վերջո, կատարվում մայր բուհ-ում:

-Ոչ մի կրճատում չի եղել, կրճատել ենք միայն փոքր քանակության դասախոսներ, ովքեր 80-ն անց են, ում առանց այդ էլ, եթե որևէ ֆինանսական խնդիր չլիներ, էլի պիտի կրճատեինք, որովհետև 80-ն անց դասախոսը թող զբաղվի գիտությամբ, եթե կարողանում է: Նա այլևս լսարան մտնելու համար հարմար չէ՝ որպես դասախոս, որ 17 տարեկանին դասավանդի: Սերունդների տարբերությունը շատ է:

Եթե վիճակագրություն ներկայացնեք, ո՞ր տարիքային շեմն է գերակշռողը դասախոսների կազմում:

-Ամենատարբեր՝ սկսած 22 տարեկանից մինչև այսօր ունենք 80, 82 տարեկան, որոնց մեծ մասին այսօր խնդրել ենք գնալ թոշակի, բայց կան այդ տարիքի ներկայացուցիչներ, ովքեր գիտությամբ են զբաղվում, չեն դասավանդում, լսարան չեն մտնում, որովհետև գտնում ենք, որ 80-ն անց մարդը լսարան մտնելու կամ 17 տարեկանին ասելու բան չունի կամ քիչ ունի:

Որոշ ժամանակ առաջ էլ երիտասարդ դասախոսներն էին դժգոհում, ասում էին, որ իրենց հետ պայմանագիր չի կնքվում:

-Չէ, նման բան չկա, ընդհակառակը խրախուսում ենք, որ որքան հնարավոր է՝ երիտասարդներ գան: Այդ մենք պրոբլեմ ունենք, որ երիտասարդը չի գալիս:

Չե՞ն գալիս:

-Չեն գալիս, որովհետև գնում է, մասնավորում ավելի շատ փող է ստանում, քան մեզ մոտ, մասնավոր սեկտորում ավելի շատ են վաստակում: Գնում են պետական կառավարման մարմին. այսօր մեր դեսպանատների մեծ մասում մեր արևելագետներն ու միջազգայնագետներն են, որոնց մեծ մասը դասավանդել է մեզ մոտ, բայց հիմա կես դրույքով են կամ ընդհանրապես ստիպված են եղել հրաժարվել, եթե արտերկրում են: 

Խնդիրը ոչ մի կերպ չ՞ի լուծվում:

-Ինչպե՞ս լուծվի, եթե մենք դարբնոց ենք մասնագետներ սպասարկելու, աշխատում ենք ինչ-որ ձևով լուծել այդ խնդիրը. նոր երիտասարդներ են գալիս: Այնպես չէ, որ գնում են, այդ տեղն էլ դատարկ է մնում: Ընդունում ենք, այս տարի էլ բավական երիտասարդներ ընդունել ենք աշխատանքի որպես դասախոս:  Ճիշտ է՝ կես դրույքով հիմնականում, որովհետև ծանրաբեռնվածությունների խնդիր կա: Բացի այդ ուսանողների, այսինքն՝ դիմորդների թիվը պակասել է, իսկ դասախոսի դրույքը կապված է կոնկրետ ծանրաբեռնվածության հետ:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, կան մասնագիտություններ, որպեսզի  այդ մարդուն չկրճատենք, աշխատավարձը գործակցով ենք տալիս կամ իջեցրել ենք մեկ դրույքը 0.75-ի, ինչ-որ մի տեղ կես դրույք է, որպեսզի նրան պահենք համալսարանում, որ այդ լավ ժամանակը գա, լինեն: Բայց հաջորդ տարի էլի է պակասելու դիմորդների թիվը, արդեն մյուս տարվանից  աճ է նախատեսվում: Հույս ունենք, որ այդ մարդիկ ըմբռնումով կմոտենան, կսպասեն, համալսարանում, կմնան, մենք նրանց չենք ազատում աշխատանքից, որ հետո նրանց դրույքն ավելացնենք: Սա գործընթաց է, որը մշտապես կա:

-Դիմորդների թվի պակասի մեջ պատճառ համարո՞ւմ եք այն, որ ուսանողները հիմա ավելի շատ են գնում արտերկրում սովորելու:

-Հիմա ավելի շատ են գնում երևի, բայց դա մեզ երբեք չի խանգարել, դա կարևոր գործոն չէ, կարևոր գործոնն ուրիշ է, այդ թվում արտագաղթը: Դպրոցը քիչ շրջանավարտ է տալիս, այդ թվում 12-ամյա կրթությունը, որ մտցվեց, այս տարի ու եկող տարի կիսադատարկ դասարաններն են գալիս, այս տարի դեռ ոչինչ, հաջորդ տարի ընդհանրապես  դատարկ են լինելու այդ դասարանները: Այսինքն՝ առաջին կուրս բուհերի մեծ մասը կամ չի ունենալու կամ ունենալու է խիստ թերի, որովհետև դա այդ բարեփոխման արդյունքն է, որը մենք զգալու ենք մի քանի տարի: Մենք դա գիտեինք, մենք դրան նախապատրաստվել էինք, մյուս բուհերի մասին չեմ կարող ասել, բայց օրինակ՝ մեր բուհը ֆինանսական որոշակի խնայողություններ է արել, որոնք պիտի օգտագործի այդ ճգնաժամը հաղթահարելու համար:

Երբ ես հնչեցրի այս պրոբլեմը, շատերին թվաց, թե մենք այնպիսի վիճակում ենք, որ ես աղաղակում եմ: Այդպես չի, ես հարցը բարձրացնում էի, որպեսզի հասարակության ուշադրությունը դրա վրա սևեռեմ, որ մարդիկ սրա մասին մտածեն, որ բուհերը սրա մասին մտածեն: Մեր ռեկտորների խորհդրում այս հարցը 3-4 տարի առաջ դեռ բարձրացրել ենք, քննարկել ենք, որ այ, գալու է ժամանակը, երբ անհրաժեշտ է լինելու խնայողություն կատարել, լրացուցիչ միջոցներ ունենալ, դրա համար հիմիկվանից պատրաստվեք: Մենք այդ ժամանակվանից պատրաստվում էինք, այդ պատճառով էլ կարող եմ ասել՝ ֆինանսապես ամենալավ վիճակում ենք գտնվում:

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ