24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եւս մի պատերազմ Հայաստանի դեմ եւ Մոսկվան «հօդս կցնդի». Ժամանակ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ալիեւը չի կարող անվերջ փախչել Սարգսյան–Ալիեւ հանդիպումից, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցը։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն այլ հայտարարություն չի էլ անի, եթե նույնիսկ իրավիճակը լինի այլ,եւ իրականում ճիշտ լինեն այն պնդումները, որ անում են ադրբեջանցի պաշտոնյաները։

Ի վերջո, դիմակայությունը նաեւ քարոզչական է, եւ միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ երկու երկրների իշխանություններն ունեն ներքին լեգիտիմության խնդիր։ Ընդ որում՝ լեգիտիմության խնդիր ոչ միայն ընդհանրապես սոցիալ-տնտեսական, կառավարման մակարդակում, այլ նաեւ բուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Այսինքն՝ թե՛ Հայաստանում, թե Ադրբեջանում, եթե անգամ հստակ հնարավոր չէ ասել ղարաբաղյան հարցում հանրային որեւէ պատվերի մասին, գոնե հնարավոր է հստակ արձանագրել, որ առնվազն որեւէ զիջման մա­սին հանրությունները լսել ան­գամ չեն ցանկանում։

Այստեղ բնական է, որ իշխանությունները երկու կողմում էլ քարոզչական պատերազմի մեջ են թե միմյանց դեմ, թե տեսականում նաեւ սեփական հանրությունների հետ՝ այնքանով, որ­քանով իրավացի է հակառակ կողմը։ Մյուս կողմից, սակայն, այստեղ, իհարկե, Հայաստանի կամ Ադրբեջանի հայտարարությունների ճշմարտացիությունը չէ խնդիրը եւ որոշիչ գործոնը,իրավիճակի շուրջ դատողությունների ելակետը: Ի վերջո, երբեք չպետք է մոռանալ, որ ղարաբաղյան խնդիրը եթե նույնիսկ եղել է երկկողմ, թեեւ անգամ դա է հարց, ապա այժմ այդպիսին չէ հաստատ՝ ուզենք մենք, թե ոչ, անկախ այդ մասին այս կամ այն հայտարարությունից, որ կարող է արվել դիվանագիտական հարթություններում։

ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը ոչ թե միջնորդ են, այլ շահառու, եւ այստեղ դիվանագիտական արգելակների կամ կաշկանդվածության խնդիր չունենալու դեպքում կարիք չկա խուսափել իրականությունից։ Ավելին՝ շահառուն ոչ միայն երեք պետություններն են՝ ՄԱԿ– ի անվտանգության խորհրդի երեք անդամները։

Շահառու են Իրանը, Թուրքիան, նաեւ Վրաստանը, շահառու է Եվրամիությունը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, որը տարածաշրջանում ներկայացված է տնտեսաքաղաքական շոշափելի շահե­րով։ Ամենեւին զարմանալի թող չթվա, սակայն շահառու է նույնիսկ Չինաստանը, որը Հայաստանում կառուցում է եվրասիական տարածաշրջանում մեծությամբ երկրորդ դեսպանատունը:

Առաջինը Ռուսաստանում է: Ըստ այդմ՝ ավելորդ է, թերեւս, արձանագրել այն, որ ղարաբա­ղյան խնդրում պատերազմի եւ խաղաղության հարցը, մեղմ ասած, ավելի լայն շրջանակի հարց է, քան լոկ Հայաստանի կամ Ադրբեջանի դիրքորոշումը, զինվածության կամ ռազմատենչության մակարդակը։ Եվ դրա պարզ վկայությունն էր Ապրիլյան պատերազմը, որն Ադրբեջանը սկսեց ակնհայտ համոզումով, որ արդեն իսկ ապահովել է բավարար միջա­վայր միջազգային հավանության համար, քանի որ բավականաչափ սերտ գործակցության մեջ է մտել համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի հետ, որը միջուկային տերություն է, եւ ինքնին այդ կարգավիճակով հովանի կամ քա­ղաքական գործընկեր ունենալն արդեն իսկ բավարար է ռազ­մական հարձակման միջազգա­յին հավանության հասնելու հա­մար։

Առավել եւս, որ այդ գործընկերը նաեւ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցն» է, իսկ իրականում՝ մամլիչը։ Սակայն ապրիլյան ագրեսիան ցույց տվեց, որ նույնիսկ միջուկային գերտերություն  հանդիսացող Ռուսաստանի, այսպես ասած, ռազմաքաղաքական հավանությունը ղարաբաղյան խնդրում բավարար չէ պատերազմական մասշտաբային գործողության միջազգային լեգիտիմությւսն այնպիսի պա­շարի համար, որը թույլ կտա արձանագրել շոշափելի ռազ­մական հաջողություն, իսկ հետո նաեւ չհայտնվել դիվանագիտական-քաղաքական մեկուսացման մեջ։

Սրան զուգահեռ, իհարկե, կասկածից վեր է, որ շահառուների բազմազանությունն ինք­նին ամենեւին ռազմական մասշտաբային գործողությունների բացառման երաշխիք չէ՝ հատկապես նկատի ունենալով օրինակներ այլ տարածաշրջաններից, երբ շահառուները կրկին բազմազան են, սակայն դա բերում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Հետեւաբար՝ խնդիրն այն է, թե ինչպիսին են շահերը կոնկրետ, ինչ բնույթի, հեռանկարի, ռազմավարական ինչ շրջանակի մեջ ներառված։ Կովկասյան իրավիճակի առանձնահատկությունը հենց դա է, եւ հենց դա է Ադրբեջանը ռազմական ագրեսիայի նախաձեռնությունից հետո հասցրել մեկուսացման ու փակուղու, իհարկե՝ հայկական զինված ուժերի, այսպես ասած, օգնությամբ։

Կովկասյան տարածաշրջանի առանձնահատկությունն այդ իմաստով Ռուսաստանն է կամ ավելի շուտ՝ Ռուսաստանի ռազ­մական ներկայությունը։ Այդ հանգամանքը, որ մի կողմից խնդրահարույց է, այդ թվում՝ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության իմաստով, մյուս կողմից՝ ղարաբաղյան ներկայիս ստատուս քվոյի պայմաններում, որ հաջողվել է հայ­կական ուժերին հաստատել 1990-ականների սկզբին եւ պահել 2016-ին, Ռուսաստանի ռազմական ներկայությունը հանգեցնում է գործնականում բոլոր մյուս շահառուների մոտ ռազմական գործողությունների ուժգնացման հեռանկարի հակազդեցության, որովհետեւ այդ հեռանկարից ռազմավարական իմաստով շահելու է միայն Ռուսաստանը։

Սրան զուգահեռ՝ Ապրիլյան պատերազմից հետո էլ Ռուսաստանը հստակ արձանագ­րեց իր համար, նույն հայկական զինուժի, այսպես ասած, օգնությամբ եւ Հայաստանի հասարակության հստակ վերաբերմունքով, որ եւս մի պատերազմ Հայաստանի դեմ, եւ դաշնակցային պարտավորությունների կատարման հարցում փոքր-ինչ հապաղումը Ռուսաստանի համար ի չիք կդարձնի ներկայությունը Հայաստանում։ Իսկ Կովկասում Մոսկվան գնալու այլ տեղ չունի։

Գործնականում աշխարհաքաղաքական ահա այս դասավորության մեջ է ձեւավորվել տարածաշրջանում հրադադարի պահպանման մեխանիզմի արմատը։ Եվ ներկայումս գործնականում փնտրվում է ընդամենը դրա քաղաքական ձեւակերպման որեւէ տարբերակ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ