24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես հավատում եմ Տէ՛ր Քրիստոսին, որ Նա կարող է ամեն բան անել

ԲԱՆ ԺԱ

Ա
Եվ արդ, հետի՛նս դավանողներից, դատարկաձե՛ռնս՝ բարիների մեջ, մտքիս խորհրդով նայեցի ինքս ինձ և քննեցի եղելությունն իմ սկզբից եկած, անէությունից առաջ եկա՛ծս՝ Արարչի ձեռքով, ողջ հույսերովն իմ ես հավատում եմ Տէ՛ր Քրիստոսին, որ Նա՛ Կարող է ամեն բան անել, ինչ որ կամենա: Որովհետև որ ես հավատացի՛, այդ բանի համար՝ բերանն իմ խոսե՛ց: Ես՝ խրատվա՛ծս Պողոսի խոսքով և ուսանա՛ծս՝ Դավիթ արքայից, քանի որ նրանց մաղթանքները, որ կենդանի են հար՝ ի՛նձ են այցելում քաջալերությամբ, որ հավատալո՛վ ճանաչեմ Աստծուն: Ըստ առաքյալի՝ այդժամ է միայն տեսանելի մեզ և զորությունը Տիրոջ Հարության, և մասնակիցն եմ դառնում ես Նրա չարչարանքներին, և այն ամենին, որ առաքյալը հայտնի է անում հաջորդ խոսքերում: Կցորդ է սրան հույժ նմանատիպ, հավատն իսկական, որ նորոգում է, իրականացնում փոփոխությունն այս, թե՝ Նրանո՛վ է քավություն լինում մեղքերի դիմաց, արդարագո՛րծ է փոխվում Նրանով չարագո՛րծն անգամ, և քայլում է նա անմաքրությունից դեպի սրբություն, և անքավելի իր հանցանքների մահացու պարտքից հայտնվում մի օր՝ վե՛հ, հանդարտապա՛տ երանության մեջ, և ծառայական իր կապանքներից վերափոխվո՛ւմ է Վերն երկնավորի Գի՛րկն ազատության:

Բ
Քանզի արդյոք կա՞ չքնաղ մեկ այլ բան, երբ որ մթության տարակուսանքից և խարխափումից զտվում է սիրտը մեղավոր մարդու՝ օժանդակություն առնելով Աստծուց, և մարմնապես ծիծաղելո՛վ էլ, միևնույն ժամին՝ հեծեծանքնե՛ր են հոգուց դուրս ելնում, և թեպետև նա Տիրոջ օգնությամբ վե՛ր բարձրանալով՝ գերագույնների դա՛սն է հայտնվել, սակայն իր ներքին ծանրությամբ դեռ՝ խո՜ր անդունդների խորքերը սուզված՝ կործանումների մեջ է թավալվում՝ դեռևս անջրդի նորանոր մեղքեր ներսն իր տեսնելով, բայց, այդ ամենով՝ իր անձին հպված կենաց փրկության սուրբ նշխարն ունի, որը նման է իր միտքն ու հոգին պահող պահպանող Լույսի՛ կայծակի կամ թե կրակի մի նշանակիր՝ իր զարմանալի թանձրամածությամբ՝ հրաշքով մարդու ներսում մակարդվա՛ծ, նրա ներքինում նիրհած ջրհորի մինչ հատա՛կն իջած՝ ըստ Վեհից առած իր հրամանի: Ուստի և նա իր մեղքերի համար՝ իսպա՛ռ թախծի մեջ, որ զրկվել է շնորհ պարգևի համարձակության դրսևորումից, ակնկալության հայացքն իր ուղղած Բարձրյալ Աստծո անհուն բարության ու սիրո՛ վրա, կրկի՛ն հույս ունի՝ այս երկրո՛րդ անգամ դարձյալ հասնելու ա՛յն նախապարգև փառքերի զարդին, որ կորցրե՛լ էր մեղքի պատճառով: Քանզի Աստծուց է՝ այն կողմից տրված կրկին նորոգմամբ, որ հենց Սրանո՛վ ներգործի մարդուն, քանի որ Սա՛ է Ավետարանում զորությունն այն, որ՝ անհնարավոր բաներն է արդեն դարձնում ակնհա՛յտ հնարավորներ, և ա՛յս խոնարհման մոտեցնումն է, որ՝ որպես հաճելի խնկավետություն՝ Հոտոտո՛ւմ է Նա, Ինքը՝ Տէ՛րն Աստված, բոլոր բույրերից ամենաանուշն ա՛յդ ընդունելով, քան թե խորանի համար աղացված սպասավորության խունկի բույրն անգամ և այս ա՛յն անձանց խոնարհումներն է նկարագրում, ովքեր որ իրենց բեկվա՛ծ սրտերով Տիրոջ առջև են նո՛ւյն նմանությամբ: Ըստ որում Փրկչին, երբ որ խնդրեցին աչքերի ախտով մի շարք հիվանդներ, նրանցից ոմանց այս բանն հարցրեց՝ հավատո՞ւմ եք ինձ, որ Ես Կարող եմ ձեզ մաքրե՛լ, բուժե՛լ. և հիվանդներին չբուժե՛ց, մինչև, նախ որպես գրավ՝ նրանց հավատը չառավ իրենցից. և կամ կա՞ մի բան բժշկման համար դժվար ավելի, քան թե չորս օրվա մեռա՛ծ մարդու դին անհուսագույն այդ վիճակից հանել՝ կենդանացնելով. բայց ա՛յն ժամանակ այդ գործը արեց, երբ որ Արարչի ոտն եկան կանայք՝ հագնված արդա՛ր հավատի հանդերձ, այդժամ էլ միայն ակնհայտորեն տեսա՛ն փառքն Աստծո, և մեռած եղբոր կենդանանալը քույրերը տեսան՝ իրե՛նց աչքերով:

Գ
Այս կողմում է, որ՝ մեղանչածին էլ շնո՛րհ է մնում անկողոպտելի, և հզորագույն վկաներ ունենք այդ մասին փաստող. նախ՝ Ենովքն, ապա և Ահարոնը, նրանցից հետո՝ Դավիթ մարգարեն, ապա՝ Պետրոսը, և Եղիազարը՝ կրտսե՛րն ավելի, նա, որ մեծապես ողորմություննե՛ր ստացավ Աստծուց և այդ վկայեց մեծագույններին: Եվ ավելո՛րդ է անգամ հիշեցնել առակը նաև անառակ որդու. թողնե՛մ պոռնիկին, որը Տիրոջից գովեստ ստացավ, և մաքսավորին, որին Բարեգործը հիշատակեց, և երջանկության գագաթը գտած ա՛յն ավազակին, որ վերջին շնչում՝ հավատո՛վ կյանքի պսակն ընդունեց, և նրանք, ովքեր իրենց պարտքերով, առանց քավության ակնկալիքի՝ երբ հաղորդվեցին մեռած ու հառնած Հայտնությանն Աստծու, որոնցից էր և, գլխավորներից, Պողո՛սը ընտրյալ, որ մի ժամանակ անօրենների նախնի՛ն էր դարձել. նրանցից ոմանք ծանոթ լինելով օրենքին, սակայն՝ գլորվեցի՛ն վար, բայց թե Տիրոջով այդ գլորումից կրկի՛ն կանգնեցին՝ դեռ բյուրապատի՛կ գերազանցությամբ, քան նախնիների կրոնից առած առավելության նվաճումներով: Իսկ Նա, որ մինչև Իր օրինակը վերին տվչության՝ ավանդն Հայրենի պահեց կատարյալ, Մերձավորագույնը լինելով Նա Հոր դավանությանն ու պատվիրաններին, Նա նախնիների բոլո՛ր պարտքերը առավ Իր վրա և պատվի Նորով հենց Ի՛նքը տուժեց ու տաժանելի չարչարանքները կրեց Ի՛ր վրա. ո՛չ թե քավություն գտավ Նա երկրի հողում ծածկվելով, այլ Իր մարմնի չարչարանքներո՛վ Հաղթեց զորապես ու Տիրե՛ց մահվան բռնության վրա և կենդանացած՝ վե՛ր ելավ երկինք՝ լինելով այդպես բանականների կյանքի բնության մարդը առաջին:

Դ
Իսկ ոմանք էլ, որ դեռ խակ հասակից աճեցին իրենց անմիտ չարությամբ, երբ վրա հասավ ժամանակն իրենց և հասունացան, ո՛չ թե հոսեցին բարձրություններից ու ընկան ներքև, այլ դժնի՛ կյանքով, ապրելով թշվա՛ռ ու ստորացվա՛ծ՝ այդպե՛ս վեր ելան՝ հասնելով մինչև կամա՛րն երկնքի: Եվ թե չարի մեջ զորացածներին կանխապե՛ս եղավ ետդարձի հնար, մինչև իսկ այնքան, որ մեր հողեղեն շինվածքը փոխվեց ոսկեղե՛ն նյութի, և որ պատկերը արքունի տեսքի՝ ի պատիվ որպես նախ նկարվելով՝ քանդակվե՛ց մեր մեջ, որպես բնությո՛ւն առանց կորստի՝ արդեն անփոփոխ, հաղթելով այդպես դավաճանական բնությանը մեր, առավե՛լ ևս է այժմ հուսալի ու հասանելի լուսավորության չափ ու կշիռն այն, որ առանց քողի ու չծածկված՝ Քրիստոս Տիրոջ Անվա՛մբ է ուխտյալ, որով մեր ներսում հաստատ է պահում Բանը Տէրունի, ըստ մարգարեի հայտնության ձայնի, թե՝ Նա՛ է մեր մեջ Ուխտ Խաղաղության և մեր հաստատման կնիքը նաև՝ Ինքն իսկ լինելով հաշտարա՛ր Միջնորդ, Երկնայի՜նն անմահ՝ հավերժ կենդանի և մշտնջենավոր Բարեխոսը մեր: Ապա ուրեմն այս ճշմարտագույն կանոնի կարգով, որ անփոփոխ է սահմանված մարդուն, այս արարչավանդ դրված պայմանով՝ իմ հավատացող շուրթերով ահա համբուրում եմ Քո պատկերը Խոսքի՝ փառաց շնորհներդ ակնկալելով, քանզի, արդարև, երբ Աստված Ի՛նքն է արդարացնում մեզ՝ ո՛չ ոք զորու չէ մեզ դատապարտել՝ ըստ առաքյալի խոսած սահմանի:

Ե
Անստվերագիր վստահությունն այս ապաստա՛ն է ինձ և կործանյալիս Նա՛ է բժշկում, կանգնեցնում ոտքի՛. թշվառացյալիս՝ դարձնում հաղթո՛ղ, կենդանությո՛ւն է տալիս շեղվածիս, ամենաընկած չարագործ մարդուս՝ հո՛ւյս է ներդնում, մահվան մատնվածիս՝ շնորհում է կյա՛նք, ապականության մեջ վաճառվածիս՝ պարգևում ձիրե՛ր, դժոխքի արժան մահվան գործերով դեռ գրավվածիս՝ դեպի Լո՛ւյս հանում, անասնակենցաղ, ստոր ապրողիս՝ բարձրացնում երկի՛նք, կրկին ու կրկին գայթակղվածիս՝ արժանացնում է կրկի՛ն փրկության, մեղքով կապվածիս՝ Նա՛ է պարգևում հանգստյան խոստում, անբժշկելի վերքով հաշմվածիս՝ դե՛ղն անմահացնող, վայրագության մեջ ստամբակվածիս՝ սա՛նձը հանդարտման, կամակորությամբ միշտ դժնդակիս՝ կա՛մքը հեզության, ընդդիմաբանող լուտանք տվողիս՝ հասցնում արդեն արժանի՛ ներման: Ուստի ամենն այս մեզ պարգև բերած Հիսո՛ւս Քրիստոսին և Հո՛րը Նրա՝ ահավոր Հզո՛ր, Անվամբ և Կամքով Բարերարության՝ Ճշմարի՛տ Հոգուն, հա՜ր օրհնաբանված մեկ Աստվածությամբ, հավերժ Նրանցն է թե՛ զորություններ, թե՛ արքայությո՛ւն, մեծությո՛ւն և փա՛ռքն հավիտենական: Ամէ՛ն:

գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

Հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ