26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծեծվելուց հետո կանայք ավելի՞ են տենչում իրենց ամուսիններին. Հայկական Ժամանակ

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը լուրջ սթրես է առաջացրել Հայաստանում: Այս սթրեսը գրեթե չարտահայտվեց նախօրեին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ: Քննարկումը, ճիշտ է, բուռն անցավ, ներկաները բաժանվել էին երկու մասի՝ օրենքի ընդունման կողմնակիցների եւ դեմ արտահայտվողների, սակայն նրանց խոսքում այդպես էլ չերեւաց այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում, եւ այն սթրեսը, որ ապրում է միջին վիճակագրական հայ մարդը սույն թեմային առնչվելիս:

Օրենքի ընդունման ջատագովները կառավարության ներկայացուցիչներն են, ովքեր իրենք էլ խոստովանում են, որ նման օրենքի անհրաժեշտություն առաջացել է Միջազգային կառույցների առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում:

Օրենքին կողմ է արտահայտվում նաեւ հանրության առաջադեմ խավը, ինչպես նաեւ արեւմտյան կառույցների հետ աշխատող եւ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց  արեւմտյան ազդեցության գոտի տեղափոխելու կողմնակիցները: Օրենքին անթաքույց դեմ են ընտանիքը անձեռնմխելի ամրոց համարող ազգայնականները, ռուսական ազդեցության տակ համարվող խմբերը, որոնք եվրոպական արժեքները նույնականացնում են միասեռ ամուսնությունների, թմրանյութերի եւ այլ երեւույթների հետ:

Կոնկրետ այս օրենքի համատեքստում սույն խումբը արեւմտյան այլասերման կրկնօրինակում է համարում այն, որ, օրինակ, երեխային ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական բռնության ենթարկելու դեպքում պետական լիազորություն ունեցող մարմինը կարող է միջամտել, բնություն կիրառողի հանդեպ նախազգուշական միջոցառումներ իրականացնել եւ այլն: Սա համարվում է ներխուժում ընտանիք, որը, ինչպես հայտնի է,Հայաստանում համարվում է անառիկ ամրոց: Քննարկումներում հաճախ բարձրացվող հարցերից է, թե ինչպես է որոշվելու՝ որն է հոգեբանական բռնությունը, կամ տնտեսական բռնությունը, կամ սոցիալական ծայրահեղ մեկուսացումը:

Միջին վիճակագրական հայ ընտանիքում երեխայի նկատմամբ այս բոլոր «պատժամիջոցները» դաստիարակչական նկատառումներով են կիրառվում, միայն նրա լավի համար, որովհետեւ հայերը, ասում են, երեխաներին պաշտում են եւ երբեք նրանց չեն վնասի:

Կամ կնոջ նկատմամբ բռնությունը համարվում է սիրո արտահայտչամիջոց, որովհետեւ հայ տղամարդու համար կինը նույնպես սրբություն է, եւ նա երբեք իր կնոջը չի վնասի, եւ եթե նույնիսկ նրան ծեծում կամ այլ բռնությունների է ենթարկում, ապա դա պետության գործը չէ, կինն էլ իրավունք ունի իր ամուսնու դեմ ցուցմունք չտալ, հատկապես որ մեծ տարածում ունի նաեւ այն համոզմունքը, որ կանանց դուր է գալիս իրենց հանդեպ բռնությունների այդ դրսեւորումը:  

Եթե հանրությունը մեծ սթրեսի մեջ չընկներ սույն օրենքի կապակցությամբ, կողմնակիցների եւ հակառակորդների բանակները չէին ձեւավորվի ելնելով աշխարհաքաղաքական բեւեռների նախընտրություններից: Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի ջատագովները կլինեին կանայք՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, մասնագիտությունից, տարիքից եւ կրթությունից, իսկ օրենքի ընդունման դեմ արտահայտվողները կլինեին տղամարդիկ՝ կրկին անկախ տարիքից, սոցիալական դիրքից, մասնագիտությունից, աշխատանքից եւ կրթությունից:

Եվ այդ ժամանակ շատ ավելի անկեղծ քննարկում կծավալվեր, թե պե՞տք է արդյոք Հայաստանում այդպիսի օրենք ընդունել, թե՞ ոչ, կամ ո՞րն է հոգեբանական բռնությունը, որը՝ սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, կամ՝ ի վերջո կանայք հաճույք ստանո՞ւմ են նվաստանալիս եւ ծեծվելիս, թե՞ ոչ: Հարցի էությունը բացահայտելու համար շատ օգտակար կլիներ նաեւ լսել երեխաների կարծիքը իրենց ընտանիքներում՝ իրենց կամ իրենց մայրերի եւ  տատիկների նկատմամբ կիրառվող բռնության մասին:

Սա կլիներ այն քննարկումը, որ պետք է Հայաստանում: Բայց նման քննարկում, իհարկե, չի ծավալվի, որովհետեւ «ընտանիքը անառիկ ամրոց է» հավատամքից ելնելով, հայ կանայք բռնություններից հոգեկան եւ ֆիզիկական խեղումներ ստանալու պարագայում անգամ չեն բարձրաձայնում դրա մասին: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա երեխաները մեր իրականության մեջ չեն ընկալվում որպես անհատներ, ովքեր կարող են իրենց ասելիքն ունենալ նման կարեւոր հարցերի վերաբերյալ: Երեխաները ծնողների սեփականությունն են, եւ ծնողն է որոշում՝ իր երեխայի համար ծե՞ծն է լավ մեթոդ, նվաստացո՞ւմը, անկյուն կանգնեցնե՞լը, թե՞ սենյակում փակելը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ