25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դու կարող ես ամեն ամենքին փրկության տանել

ԲԱՆ ԻԹ

Ա
Բարու սկիզբն, արդ, Դո՛ւ Ես միմիայն՝ Գթությո՛ւն անճառ, Բարձրյալ Աստծո Միածի՛ն Որդի, օրվա ողջույնը Դո՛ւ դարձրիր մեզ ներման փրկչարան՝ և ո՛չ թե ատյան անդարձ կորստի՝ այդպես ինձ համար եղանակելով չար օրվա մեջ էլ՝ մե՛ծ ավետիսի ակնկալություն: Դու, ախտավորիս՝ Բժի՛շկ ու Փրկի՛չ, մոլոր ոչխարիս՝ Հովիվ հոգածու, Տէ՛ր՝ ապավինած ծառայիս համար, մեծ վշտացյալիս մխիթարելու անապա՛կ գինի, սպեղանի՛ դեղ վիրավորվածի՛ս, սուրբ ազատություն մեղքերի զորքով գրավված անձիս, և մերժվածիս՝ բարերարության համա՛կ օրհնություն, շնորհի կնի՛ք՝ խոտանվա՛ծ մարդուս և կոչման օծո՛ւմ՝ խիստ կողոպտվածիս, Դու կործանվածիս վերականգնո՛ւմն Ես՝ կրկին նորի՛ց նոր, գլորվածիս՝ վե՛մ ու պատսպարան. որ և՛ կայո՛ւն է, և չի՛ երերում, վեհ ու վայելո՛ւչ օժանդակություն՝ գայթակղվածի՛ս. բարձրությա՛ն Դուռ՝ տարակուսածի՛ս և երանության երկնային Սանդո՛ւղք եղկելո՛ւս համար. պայծառ շողերով Ուղի՛ղ ճանապարհ՝ մոլորիս առջև. պարտքերիս հանդեպ՝ ներող Թագավոր, լքվածիս քաղցը՜ր, ամենաքա՜ղցըր Հուսադրություն, դրժվածի՛ս համար՝ Կյանք ուղեկցելու ձեռք Բռնողն Ես Դու:

Բ
Ամենամե՛ծն Ես, Ամենաառա՛տ, և բարիներին Քո լիությո՛ւնը կարգ սահմանեցիր, որպեսզի նրանք անպակասորե՛ն առատ վայելեն, որ և Հեղո՛ւմ Ես մեզ վրա հաճախ ու առա՛նց չափի, քան այնքանը, որ՝ խնդրո՛ւմ ենք Քեզնից, և քան այնքա՛նը, որ գիտակցում ենք կամ հնարավոր տեսնում համարում՝ ըստ մեծ Պողոսի գոհաբանության:

Քանի որ Ի՛նքըդ մեզ պատվիրեցիր՝ ի՛նն անգամ հիսուն, եռակի թվով, չո՛րսն անգամ տասն հեղ, վաղ առավոտից մինչև արևմուտ, երկնայինը մեր մեջ, և մենք էլ Նրա բարի անվանը անթարթ հույս դրած՝ հավե՜տ հայեցմամբ, մենք էլ նույն չափով և նույնի՛ նման՝ անարգել սրտով, և ավելի՛ վեր, քան թե մարդկային ակնկալման չափն աղերսանքների՝ բարիքնե՛ր գործենք մեկս մյուսիս և ծառայեցնենք մեր շնորհները միմյա՛նց համար: Սակայն եթե իմ թշվառությունն ու անարգությունը բերենք ու դնենք Քո փառքերի մեջ, ամենակարող Զորությո՛ւն ահեղ, Աստվա՛ծ բոլորի, օրհնյա՛լ Քրիստոս, ինչպիսի՞ ներում, չափ ու կշռույթ պիտի սահմանվի, որ Հաստատողդ՝ հողիս բանական, ընդունի մի օր որպես կցորդված հավասարություն:

Քանզի գործելու համար մեզ տված Ավետարանիդ մնասն, այսինքն՝ չափը շնորհի, անկարելի՛ է մեզ հետազոտել այս բաների մեջ, որովհետև Դու ամբողջովի՛ն Ես Բարի, ո՛վ Աստված, խավար բարկության մա՛ս չկա Քո մեջ, ուստի և սաստիկ նվա՛զ ու ցած են մեծությանդ առջև թիվը աստղերի, որոնց որ Ինքդ ոչէությունից կոչեցիր կյանքի՝ նրանց առանձին անվամբ կնքելով, կամ հյութն երկրի՝ օդի մեջ հեղված մի բան էր, որին՝ չգոյությունի՛ց բերիր հաստատման՝ որպես տարածուն մի հատա՛կ կառույց, բայց այս ամենը անչափ քիչ են, Տէ՛ր, ա՛յն կոչիդ հանդեպ, որով հենց Ի՛նքդ ինձ վարդապետեցիր, որ՝ Քե՛զ նմանվեմ:

Գ
Ահա և կամքիդ երկայնամիտ ու պայծառ Լույսի մեջ՝ ծածկվե՛ց լրիվ, ընկղմվեց հալվե՛ց չարությունն հանուր, որպես թե փոքրիկ մի ամպի մռայլ՝ արևի տապից, և նույնի նման հասարակության կիրքը բնական՝ Բարուդ առջև է հալվում չքանո՛ւմ: Որովհետև որ մարդկանցից ո՞վ կա, որ մեղսագործեց ու չղջացավ, ո՞վ զազրագործեց՝ հետո չամաչեց, ո՞վ գարշագործեց ու չպատկառեց, ո՞վ սխալվեց ու՝ ապա չդիմեց ապաշխարության, ո՞վ էր կործանվեց ու չհեծեծաց, ո՞վ գայթակղվեց ու չստերջացավ, ո՞վ պարտվեց ու՝ հետո չփակեց բերանն իր հոխորտ, ո՞վ պատրանքներով ընկավ ու հետո հոգոց չհանեց, ո՞վ խմեց լեղի ու չդառնացավ:

Բարձր մի տեղից ո՞վ ընկավ ներքև ու վեր չցատկեց, ո՞վ էր կորցրեց մեծությունն իր վեհ և չապաշխարեց, ո՞վ զրկվեց իր երանությունից, հետո լաց չեղավ, ո՞վ կողոպտվեց Քո փառքի շնորհից, հետո չըողբաց, ո՞վ վնասակար գտավ ինքն իրեն և ինքը իրեն չմեղադրեց, ո՞վ մերժվեց իր Աստծո երեսից ու չհառաչեց, ո՞վ ինքն իսկ լսեց սպառնանքն Աստծո ու սոսկում չապրեց, ո՞վ թեկուզ մեկ հեղ չարի հետ եղավ՝ հազա՛ր չավաղեց, ո՞վ ձմռան օրով լրիվ մերկացավ ու չսարսռաց, ո՞վ անօրինության գործեր կատարեց և չքարկոծե՛ց մտքում ինքն իրեն, ո՞վ ստրուկին տեսավ մեծ դիրքում ու չխայթվեց:

Ո՞վ չարիք գործեց և ինքը իր դեմ նզովք չկարդաց, ո՞վ ախտավորվեց և չպարսավեց ապա ինքն իրեն, ո՞վ ամոթալին գործեց՝ մարմինն իր չձաղկեց հետո, ո՞վ հայեց աչքն իր այն ամենին, որ ամո՛թ են մարդուն և իր անկատար օրը չանիծե՛ց, ո՞վ իր անօրեն գործերն հիշեց ու չընկավ ջերմի մեջ, ո՞վ մտաբերեց իր գաղտնիքները՝ և չխորովվե՛ց, աներևույթներին ո՞վ կերպավորեց ու չկորացավ կրկին վար՝ երկի՛ր, ո՞վ էր մեղքերի իր հեշտանքներին անշեջ հնոցի բոցը չխառնեց, ո՞վ վնասակար բնավորության գծերն իր դիտեց և չպապակե՛ց, ո՞վ կա, որ հիշեց իր ներգործությամբ չարիքներն եղած և իր սատակման համար չաղոթե՛ց, ո՞վ անճառելի բաներին նայեց և չխռովվեց, ո՞վ անկրելի բաներ կրեց ու չընկավ թախծի մեջ, կամ այդ բեռներից մեծամեծերն ու՝ ինքը չմաշվե՛ց, ո՞վ ինքն իսկ տեսավ ապականողներին իր անբծության ու չտոչորվեց, ո՞վ տեսավ իրեն տարագրության լացերին պատճառ ու չտագնապե՛ց, ո՞վ տեսավ երեսն աղտեղության մեջ և չհամարեց անձն իր արժանի վերին բարկության, ո՞վ իր աչքերին, թեկուզ մի՛ մեղք, որ՝ գործել էր արդեն, կրկին պատկերեց և մահվան զենքից խոցեր չստացա՛վ, խայտառակություններն իր՝ ո՞վ հիշեց, հետո վայեր չգոչե՛ց՝ վհատությունը հեծեծանքների ձայնին խառնելով: Մեկը կա՞ արդյոք, որ արքայական գահից զրկվելով դարձավ մի տնանկ ու կարկամելով վայր չգլորվեց, ո՞վ իր պսակի պերճության փոխան հող դրեց գլխին և չմահացավ՝ կրկնակի էլ հոգին դնելով չարչարանքներում, ո՞վ է, որ պայծառ պատմուճանի տեղ քուրձ հագավ վրան ու խիստ չտխրեց, մեկը կա՞, որ իր կյանքը կորցներ ու չհեկեկար արյուն արցունքով, ո՞վ լույսի փոխան իր վրա գցեց խավար վերարկու ու չընվաղեց, մեկը կա՞, որ իր սիրելու վրա սգար շարունակ ու չթառամեր:

Դ
Ահա սրանք են այն ճշգրտագույն պատկերումները հանդիմանության, որ պարտավորս ունեմ իմ վրա՝ խիստ տխո՛ւր մի դեմք, քաղվա՛ծ ճառագայթ, խոնավությունից ցամքա՛ծ մի մարմին, նիհարա՛ծ շուրթեր, անշո՛ւք կերպարանք, խոր տրտմա՛ծ ոգի, ծռվա՛ծ պարանոց ու այլայլվա՛ծ ձայն:

Եվ եթե մեկն այս ճշմարտությունը հայտնի է անում, դնում աչքի դեմ՝ անօրենություն արդեն չի՛ գործի, կշարունակի դա՛ռն իր պատկերը նկարագրել՝ միտք, որ արդեն էլ ամբարտավան չէ և սիրտ անհպա՛րտ, որը պարգևն է այս իսկ թշվառի, որ պահքերի մեջ՝ ինքնակշտամբող մեկն է դեգերող, իրավունքներից մերժված սովյա՛լ, քաղցա՛ծ, լլկվա՛ծ արդարությունից, պատշաճ դատ անող, որ սակայն ինքն է հարված ստանում, և մի մահապարտ, որ հանցանքներն իր ի՛նքը վկայեց, և նաև մեկը, որ դո՛ւրս վտարվեց արժանիների շրջապատներից, անձ, որ եղկելի անե՛ծք է տալիս շարունակ իրեն: Եվ այս խոսքերս, թե թարգմանության հայացքով կարդանք, ներկայացված է իբր արդարագործ այն փարիսեցու օրինակի մեջ, որը կշտամբվեց, երբ որ նույն տեղում՝ բարեհռչակվեց մաքսավորը, որ՝ մեղապա՛րտ էր խիստ:

Ե
Եվ արդ, եթե որ՝ հնարավորությունը բանսարկուի չարիք գործելու՝ գալիս գտնում է գայթակղությամբ մոլորվածներիս, իր մոլեխոտը մեր մեջ սերմանում և մտցվում է օրվա հաշվի մեջ, էլ ինչո՞ւ հապա հոգու քաջության բարիքները այն, որ Դո՛ւ Ես տնկել մեր մեջ Քո Ձեռքով, խնամքների մեջ կեցուցիչ Կամքիդ, Դու գրի չառնե՛ս յուրաքանչյուր օր, Տէ՛ր իմ Բարեգութ, Հզո՛ր և Հաղթո՛ղ, քավի՛չ մեղքերի, երբ Դո՛ւ Կարող Ես ամե՛ն ամենքին փրկության տանել:

Անդունդներն անգամ, այդ Դո՛ւ Կարող Ես փոխել երկնքի՛ և կամ խավարի՛: Մթությա՛ն մեջ էլ Լույսըդ հաստատել: Այդ Դո՛ւ Կարող Ես դառնության լեղին վերածնելով դարձնել արդեն քա՛ղցր մանանա, կամ թե կոծերը սաստիկ վշտերի՝ հարսանյայց ուրա՛խ ու բերկրանքի հանդեսի՛ փոխել, և այդ ամենը ո՛ղջն էլ դյուրին են գործել Քեզ համար ու հնարավոր, և այդ ամենից ավելինե՛րն էլ Կարող Ես անել՝ տիրապետելով համայնի՛ վրա ահավորապե՛ս: Եվ համայնից էլ Քեզ Գովե՜ստ ու Փա՛ռք, այժմ, հավիտյա՜նս հավիտենից: Ամէ՛ն:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ