25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք ծնվել եք Ստեփանակերտում, պարզ չէ՝ որտեղ եք անցկացրել Ձեր մանկությունը. հարցեր վարչապետին

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի  տեղեկատվություն ստանալու հարցում է արել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որը ներկայացնում ենք առանց խմբագրման: 

ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին,

Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ,

Երևան, 0010,

Հայաստանի Հանրապետություն

Տեղեկատվություն ստանալու հարցում

Հարգելի պարոն Կարապետյան,

Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում է ձեր կողմից:

Համաձայն Ձեր կենսագրության (տես` http://gov.am/am/prime-minister/)՝ Դուք ծնվել եք Ստեփանակերտում: Պարզ չէ՝ որտեղ եք անցկացրել Ձեր մանկությունը, որ դպրոցում եք սովորել, պարզ չէ՝ Ձեր մանկության տարիներին  արդյոք գիտեիք, որ Երևանում կա «Մոնումենտի անտառ», և որ այն երևանցիների` հատկապես արաբկիրցիների ջանքերով կառուցվել է 1930-ական թվականներին: Մինչ այդ անտառի փոխարեն եղել են ամայի տարածքներ, և ծառերը տնկվել են աստիճանաբար՝ տարիների ընթացքում ծրագրված և կազմակերպված բեղուն աշխատանքի շնորհիվ: Սկզբում այն կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում», հետագայում ստացել՝ «Մոնումենտի անտառ» ոչ պաշտոնական անվանումը: Այդ այգին իմ և իմ նման շատ շատերի մանկության տարիներին արդեն խիտ անտառի էր վերածվել:

Այս հարցման անհրաժեշտությունը բխում է՝  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված էկոլոգիական ճգնաժամը, քաջ գիտակցելով նման անտառի արժեքն ու տեսնելով դրա ոչնչացումը, հատկապես կարևորելով էկոլոգիական տեղեկատվության դերն ու նշանակությունը: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել՝ երբ մարդը ավերում է հանրային նշանակության արժեքը՝ ի բավարարումն իր անձնական շահի, քաղաքակիրթ և էկոլոգիական գիտելիքներով զինված հանրությունը դա գնահատում է որպես բարբարոսություն, հետամնացություն և տգիտություն:

Ի լրացումն սրա՝ ներպետական և միջազգային իրավական գործիքների նորմերի ուժով՝  ապօրինի ծառահատումը ենթակա է քրեական և վարչական պատասխանատվության:

Ղեկավարվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի, Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով՝ ցանկանում եմ  մանրամասն   ծանոթանալ մեր կողմից ստացված տեղեկության և այդ նպատակով հարցմամբ դիմում եմ Ձեզ՝ որպես տեղեկատվություն տնօրինողի և  պահանջում՝ տրամադրել համապատասխան տեղեկատվությունը` պատասխանելով  հետևյալ հարցերին ու ներկայացնելով պահանջվող փաստաթղթային և իրավական հիմքերը.

Հարց 1

Եթե ձեր մանկությունը չեք անցկացրել Երևանում և չգիտեք «Մոնումենտի անտառ»-ի մասին, իսկ ձեր կենսագրությունից (տես` http://gov.am/am/prime-minister/) տեղեկանում ենք, որ 1980-1985թթ.  սովորել եք Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և հետագայում աշխատել եք Երևանում, ակնհայտ է, որ պետք է տեղյակ լինեիք «Մոնումենտի անտառ»-ի  մասին:

Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`

Դուք երազե՞լ եք հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին և հանրային տարածքում` «Մոնումենտի անտառում» ունենալ դղյակ-ամրոց: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այն անձանց, ովքեր ոչնչացրած «Մոնումենտի անտառ»-ի տեղում կառուցում են դղյակ-ամրոցներ: 

Հարց 2

Համասփյուռ հայությունը խիստ զայրացած է այնպիսի արատավոր երևույթի փաստով, ինչպիսին կանաչ տարածքների հաշվին համայն հայության մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցող կառուցապատումն է:

Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`

Ի պաշտոնե տեղեկացված լինելով և քաջ գիտակցելով, որ «Մոնումենտի անտառ»-ը հանրային սեփականություն է և ենթակա չէ օտարման ու ոչնչացման՝ չե՞ք պատրաստվում հասարակության հետ համատեղ նախաձեռնել այն վերադարձնելու գործընթաց:

Հարց 3

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված «Մոնումենտի անտառում» կառուցվող դղյակ-ամրոցը, համաձայն լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով շրջանառվող լուրերի՝ պատկանում է Ձեզ, և Դուք պատրաստվու՞մ եք այնտեղ անցկացնել Ձեր՝ որպես գուբերնատորի օծման և այն նստավայր  հռչակելու արարողությունը:

Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`

Դու՞ք եք հանդիսանում այդ դղյակ-ամրոցի սեփականատերը: Եթե այո, ապա եր՞բ եք ձեռք բերել հողը և կառուցապատման թույլտվությունը, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում: Եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի և գույքի նրա տարեկան հարկը:

Հարց 4

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝  Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարիսպի համար որքա՞ն գումար է տրամադրվել:

Հարց 5

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝  Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարսպից ներս ընկած հատվածում` «Մոնումենտի անտառում», կառուցվող  դղյակ-ամրոցը պահպանվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Խնդրում եմ պատասխանել` ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում և ի՞նչ հիմունքներով: Որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականցվող այդ ծառայությունը:

Խնդրում եմ տեղեկատվություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 (Պատրաստ եմ վճարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության  տրամադրման համար):

Եթե Դուք վերը նշված դղյակ-ամրոցի հետ չունեք առնչություն, ապա այս հարցմանը կից  համացանցային հրապարակումների հղումները օգտակար կլինեն հարցմանը ճշգրիտ և համապարփակ պատասխան տրամադրելու համար (տես`

https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665647316834792/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665578066841717/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665551940177663/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665532423512948/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665520160180841/,https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665503796849144/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665501656849358/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665493916850132/):

Հարգանոք՝

«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ