20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչով է զբաղված Մինսկի խումբը

Վերջին շրջանում  քաղաքական գործիչները և վերլուծաբանները տարաբնույթ կարծիքներ են հնչեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Որոշները ընդհուպ պնդում են՝ ՄԽ-ն իրեն սպառել է շատ վաղուց, ավելին, այն իր գործառույթները պատշաճ  չի իրականացնում։

Երբ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև  բախումներ են լինում,   սովորաբար, ԵԱՀԿ   ՄԽ-ն կոչ է անում խուսափել ընդհարումներից՝ այդ կերպ  հավասարության նշան դնելով կողմերի միջև և   խուսափելով հասցեական գնահատականներ հնչեցնելուց։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը   Henaran.am-ի  հետ զրույցում նշեց․  «ՄԽ-ն այս պահին  առավելապես ոչ այնքան կոնֆլիկտի կարգավորմամբ է զբաղված, որքան կոնֆլիկտը կառավարելի հունի մեջ պահելու գործով։ Կարծում եմ՝  ԵԱՀԿ ՄԽ-ն տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման հարցում չափազանց կարևոր գործոն է։ Հետևապես, ես չեմ կիսում այն  տեսակետը, թե ՄԽ-ն իրեն սպառել է։ ՄԽ-ի եռանախագահության ձևաչափը պատշաճ պայմանների առկայության դեպքում (որոնք անպայման դեռ կձևավորվեն մեր տարածաշրջանում ու դրա շուրջ), արագ կարող է ակտիկանալ և նույնիսկ ինչ-որ որոշումներ պարտադրել կողմերին», – նշեց քաղաքագետը։

Վերջինս շեշտեց՝  ՄԽ-ն իր ներկայիս մանդատով լիազորված չէ որոշելու՝ որ կողմն է եղել  հերթական սրացման հեղինակը,  որի կապակցությամբ ՄԽ համանախագահները հանդես են գալիս այս կամ այն հայտարարությամբ։

«Ստացվում է՝  նրանց հայտարարությունները ներկայիս մանդատի շրջանակներում այլ կերպ հնչել չեն կարող։ Չնայած դրան՝ մի քանի ամիս առաջ, երբ Ադրբեջանը ակնհայտորեն խախտեց զինադադարը, ՄԽ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց մոտավորապես այն բովանդակությամբ, որ մենք կրակել ենք և լավ ենք արել։ Այո՛, մետավորապես այսպիսին էր բովանդակությունը։ Ընդ որում, այդ ժամանակ Ադրբեջանն ինքն իրեն մատնել էր, որ հենց ինքն է նախահարձակ եղել։ 

Դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես եկավ հասցեական գնահատականներով, և այնպես չէ, որ բացառապես միայն խաղաղասիրական կոչեր հնչեցին։ Բացի դրանից՝ ՄԽ-ի եռանախագահության ձևաչափով էր, որ Վիեննայում առաջարկվեց ընդլայնել այդ մանդատը, ներդնել այսպես կոչված՝ վստահության մեխանիզմներ, որն իր մեջ ներառում է մշտական մոնիթորինգ՝ ընդ որում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ, երկրորդ՝ պատասխանատվության մեխանիզմներ, այսինքն՝ զինադադարի պահպանման ռեժիմ, որով պատժելիության մեխանիզմ կներդրվեր։ 

Հաջորդը հետաքննության մեխանիզմն էր, որը արդեն ՄԽ եռանախագահությանը թույլ կտար հետաքննել և իրերը կոչել իրենց անուններով։ Եվ, պետք է մի բան փաստեմ․ այդ ծրագրերը խափանվում  են Ադրբեջանի ձեռքերով՝ ՌԴ-ի կողմից։ Այնպես որ, այդ պրետենզիաները ոչ թե ՄԽ համանախագահների ձևաչափին է վերաբերում, այլ ՄԽ երեք համանախագահներից մեկին, որը, չգիտես ինչու, համարվում է  մեր երկրի  ռազմավարական դաշնակիցը», – եզրափակեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ