29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տղերքը «հավեսի» էին ընկել. ՃՈ տեսուչներ են կալանավորվել

vendollar

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանության» երկու տեսուչների կողմից կատարված հանցագործությունների` կաշառք պահանջելու եւ ստանալու մի քանի դրվագներ:

ՔԿՀ-ից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանները նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով, խոշոր չափերով կաշառք են ստացել ԻԻՀ քաղաքացուց, ինչպես նաեւ կաշառք են պահանջել եւս 4 քաղաքացիներից:

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երեւան քաղաքի Աճառյան փողոցում, ՃՈ ավագ տեսուչ Նշան Թադեւոսյանը, իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչ Արթուր Մարտիկյանի հետ, առանց ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հատկանիշների առկայության, կանգնեցրել են ԻԻՀ քաղաքացի Ֆաթոլահ Հաջամինի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, ապա` առանց համապատասխան ստուգման, նրան մեղադրել ալկոհոլ օգտագործելու մեջ: Այնուհետեւ հիշյալ ոստիկանները, ոտնահարելով ԻԻՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, Ֆ. Հաջամինին 12 օրով ազատությունից զրկելու եւ ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու սպառնալիքով նրանից նախնական համաձայնությամբ պահանջել ու ստացել են խոշոր չափերով` 191.200 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար եւ 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունում վերը նշված դեպքի քննության ընթացքում բացահայտվել են հիշյալ ՃՈ տեսուչների կողմից դեպքի օրը նաեւ այլ քաղաքացիներից կաշառք պահանջելու եւս 4 դրվագներ:

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին Ն. Թադեւոսյանն ու Ա. Մարտիկյանը Երեւան քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցրել են անվտանգության գոտին չամրակապած երեք վարորդների եւ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` վարչական իրավախախտումները չարձանագրելու համար նրանցից նախնական համաձայնությամբ պահանջել 3000-5000 ՀՀ դրամ կաշառք:

Նույն օրը ՃՈ տեսուչները անվտանգության ամրագոտին չամրակապելու համար կանգնեցրել են եւս մեկ վարորդի: Այնուհետեւ, նկատելով, որ վերջինիս ավտոմեքենայի տեխզննության կտրոնը ժամկետանց է եւ պատկանում է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ՃՈ տեսուչները, այդ մասին արձանագրություն չկազմելու համար, նախնական համաձայնությամբ վարորդից պահանջել են 30.000 ՀՀ դրամ կաշառք:

Այսպիսով, ԻԻՀ քաղաքացուց նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Ն. Թադեւոսյանին ու Ա. Մարտիկյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, իսկ ՀՀ 4 քաղաքացիներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու համար նույն ՃՈ տեսուչներին մեղադրանքներ են առաջադրվել 4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ՃՈ տեսուչներ Ն. Թադեւոսյանի ու Ա. Մարտիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ