25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս փուլում գոնե պետք է հանգիստ թողնենք նրան. Շարմազանովը՝ Վազգեն Խաչիկյանից

«Պարոն Խաչիկյանը ներման դիմում է գրել ՀՀ նախագահին, և նախագահն օրենքով սահմանված կարգով ներում է շնորհել»,-այսօր «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ լրագրողները հետաքրքրվեց, թե Վազգեն Խաչիկյանն, ով ազատ է արձակվել, դեռ ՀՀԿ անդամ է, թե ոչ, և արդյոք նրան կտեսնենք քաղաքականության մեջ:

Հիշեցնենք՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել:

Շարմազանովը հիշեցրեց, որ Վ. Խաչիկյանը 5 տարի անցկացրել է ազատազրկման վայրերում, հիմա վերադարձել է ընտանիք, ինքը շնորհավորում է նրան ու ընտանիքին: «Իսկ այն աժիոտաժը, որ կա, չեմ հասկանում: Սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ նախագահն օգտվում է իր լիազորություներից ու ներում է  շնորհում:

Ես ճանաչել եմ նրան որպես «Հանրապետական», եթե օրենքը թույլ է տալիս, նա, կարծեմ, ՀՀԿ-ական է, եթե օրենքը թույլ չի տալիս, և պետք է սառեցվի անդամակցությունը, կսառեցվի: Նա իմ ընկերն է, ընկերս մնացել է և նախկինում, երբ եղել է բանտում, ես նրան այցելել եմ, և լինելու է սրանից հետո: Իմ ընտանիքում էլ է ուրախություն, և ես մարդկային հարաբերությունները քաղաքական ու իրավական հարաբերությունների հետ չեմ խառնում»,-նշեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալուն, ապա Շարմազանովը միայն տեղյակ է, որ Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն, ով Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, վերաառաջադրվելու է այդ պաշտոնում, և Թումանյանի շրջանային կառույցի ու Լոռու մարզի կառույցի կողմից լիազորվել է այդ թեկնածունը:

«Այս փուլում գոնե պետք է հանգիստ թողնենք նրան, թող ինքը զբաղվի իր երեխաների դաստիրակությամբ, իր ընտանիքով ու առողջությամբ: Եվ ես կհորդորեի՝ քար մի՛ նետեք, որովհետև բոլորս էլ քրիստոնյա ենք, ոչ մեկս ապահովագրված չենք, ու թող ոչ մեկն իր վրա դատավորի լիազորություններ չվերցնի»,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով բոլոր ամբաստանյալները սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ էին և մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացումներ կատարելու մեջ:

Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել նաև նրանից բռնագրավել 261 մլն դրամի գույք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ