18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջում են ազատ արձակել Վահագն Չախալյանին

 2012թ. սեպտեմբերի 23-ին Ախալքալաքում կայացավ ցույց ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի։ Ախալքալաքի կենտրոնական` Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախքահայեր դատապարտեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները եւ պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալյանին։

Ցույցի նախաձեռնող` “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի անդամները հայտարարեցին, որ իշխանություններից դրական արձագանքի բացակայության դեպքում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի միջոցառումները շարունակվելու են։

 

Ցույցի վերջում ընդունվեց կոչ` ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

“Ջավախքի հայ բնակչությունը, խստորեն դատապարտելով Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի փաստերը, իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Վահագն Չախալյանը գտնվում է բանտում:

Ձերբակալվելով 2008թ. հուլիսի 21-ին՝ նա  խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` “հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման”, “խուլիգանության” եւ “զենքի պահպանման” մեղադրանքներով:

Ջավախքի հայ բնակչությունը խորապես համոզված է, որ Վահագն Չախալյանի դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները անհիմն եւ շինծու են, նրա դեմ դատավճիռը՝ անարդար: Վահագն Չախալյանը այսօր բանտում է գտնվում բացառապես այն բանի համար, որ հետեւողականորեն իր ձայնն էր բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական եւ կրոնական օրինական իրավունքների:

Վահագն Չախալյանի դեմ այս աղաղակող անարդարությունը եւ նրա բանտում գտնվելը Ջավախքի հայ բնակչության շրջանում օր-օրի խորացնում է Վրաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահության, վրդովմունքի եւ դժգոհության տրամադրությունները։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Ջավախքի հայ բնակչությունը կոչ է անում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դրսեւորել բարի կամք եւ անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին:

Միայն այս քայլով Վրաստանի իշխանությունները կարող են գործնականում ցույց տալ Վրաստանի ազգությամբ հայ իրենց քաղաքացիներին, որ իրապես մտահոգված են երկրում օրինականության եւ արդարադատության հաստատման խնդրով եւ վճռակամ են ուղղելու անցյալում տեղ գտած սխալները”,-ասված է կոչում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ