28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նուրբ դիրք` Բրյուսելի եւ Մոսկվայի արանքում

BB4A1F75-0C53-4954-AEE7-3B5B551F9DF1_w1023_r1_s

Համաեվրոպական մակարդակում Բաքվի ուղղությամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրյալներ  են փոխանցում:

Խավիարային դիվանագիտության ծալքերի բացահայտման դրսեւորումները, ամբողջացման կարգով արձանագրել են Փարիզում պաշտոնական Բաքվի բացած դատը երկու լրագրողների դեմ, որոնք Ալիեւյան իշխանությունը որակել էին բռնատիրություն. բուլղարական մամուլի կատարած բացահայտումները ադրբեջանական զինամթերքի ահաբեկչությանը տրամադրման մասին, ինչպես նաեւ Բուդապեշտ-Բաքու արտահանձնման գործարքային գործողությունը իրականցնելու համար միլիոնավոր դոլարների հատկացման փաստի շրջանառությունը եւ նորագույնը` ադրբեջանական «լվացքատան» գաղտնազերծումը` խոսում են տնտեսաահաբեկչական պետական միավորի մութ, սակայն հետզհետե լույսին եկող գործունեության մասին:

Այս բոլորը, իհարկե արժե հարց տալ, որ հետաքննական լրագրությամբ բացահայտվող երեւույթները չեն կարող լինել  բացարձակի մեջ: Ենթադրվում է, որ հետեւող պետությունները թե արտահանձնման մանրամասնություններից, թե ահաբեկչական խմբավորումներին հայթայթված գումարներից, թե նաև դրամական հսկայական գումարների լվացման մեքենականությունների մանրամասնություններից տեղեկացել էին ժամանակին:

Այժմ, պահն է, որ այդ բոլորին լուռ հսկած կենտրոնները, հաճախ էլ այդ գործընթացները տվյալ պահին արտոնածները, այժմ գեթ տեղեկատվական մակարդակի վրա գայթակղությունների թղթածրարը ուզում են հարստացնել Բաքվի հետ երկխոսության նոր պայմաններ ստեղծելու համար:

Դիտարժան երեւույթ է այն, որ որքան մոտենա Երեւան-Բրյուսել նոր համաձայնագիր ճշտելու թվականը եւ որքան շատանան այդ ուղղությամբ եվրոպական համապատասխան կառույցների ներկայացուցիչների դրական ու հեռանկարային հայտարարությունը, միաժամանակ այնքան բացասական ընթացք կստանա Անկարա-Բրյուսել կամ Անկարա-ԵՄ-ի անդամ պետություններ հարաբերությունները: Թվում է, որ Անկարայի ուղղությամբ սկսել է ընթանալ նաեւ Բաքվի նկատմամբ եվրոպական քաղաքականությունը. առայժմ` հայտարարողական եւ տեղեկատվական մակարդակների վրա:

Այս առումով անտեսելի չէ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը: «Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած հետաքննության կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ հայտնի խոսնակ Մարիա Զախարովան հանդես է եկել ի պաշտպանություն Ալիեւների եւ Ադրբեջանն անվանել է «Ռուսաստանի դաշնակից»: «Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Արեւմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Կարծում եմ` խոսքը մի քանի ուղղություններով տեղեկատվական ուժեղ ճնշման մասին է: Դա իրականացվում է մեծ քանակությամբ կեղծ նորությունների հրապարակման միջոցով: Մենք փորձում ենք մշտապես արձագանքել դրանց»,- ասել է Զախարովան:

Հայտնապես նուրբ է ու բարդ իրավիճակը: Հայկական կողմը ռուսական պահվածքը նկատի ունենալով խանդավառության ալիք բարձրացնելու շատ պատճառներ չունի` Բաքվի նկատմամբ եվրոպական քաղաքական բեմերի վրա զարգացող հակաադրբեջանական մթնոլորտի դիմաց: Բրյուսելի հետ նոր համաձայնություն ստորագրելու նախաշեմին գտնվող Երեւանը մի կողմից փոխլրացնող բազմավեկտոր արտաքին քաղաքականությունում նոր շրջափուլ թեւակոխելու պատրաստ է, մյուս կողմից ռազմավարական հատուկ գործընկերոջ ցուցաբերած զգայնությունները հաշվի առնելով , ծայրահեղորեն հավասարակշռված քայլեր առնելու հարկադրանքի առաջ է գտնվում։

Քաղաքական հաշվարկային տրամաբանությունը այս բոլորի մեջ հուշում է, որ Մոսկվան Բաքվի նկատմամբ սիրաշահելու մոտեցումները պիտի շարունակի, մինչ եվրոպական պետություններ հակաադրբեջանական տրամադրությունների զարգացման դեպքում հավանաբար հիշեն ինքնորոշման իրավունքի վերաբերող միջազգային իրավաչափությունները:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ