25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը փորձարկում է. Ժամանակ

ԲՀԿ նախագահ և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ մասնակցելով առաջին նիստին և ճեպազրույց ունենալով լրագրողների հետ, գործնականում անպատասխան է թողել լրատվաքաղաքական թոփ-դիլեման՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան հարցադրումը:

Տեսականում Գագիկ Ծառուկյանն իհարկե վարվել է իրավիճակին լիովին համարժեք՝ ասելով, որ խորհրդարանի ընտրությանը 50+1 տոկոս ձայն ստացած ՀՀԿ-ի որոշումն է լինելու, թե ով կնշանակվի վարչապետ 2018 թվականին: Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ թեև զուտ քվեարկության առումով խորհրդարանական երկրորդ ուժը չունի իրավիճակի վրա ազդելու դե յուրե հնարավորություն՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան լիովին բավարար է, այդուհանդերձ՝ երկրորդ ուժի պահվածքը, քաղաքական դիրքորոշումը, վարքը էական նշանակություն են ունենալու ուժերի հետագա հարաբերակցության հարցում, իրավիճակի ձևավորման հարցում: Եվ այստեղ քննարկելու խնդիր չկա, քանի որ ԲՀԿ-ն կամ պարզապես Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը փաստացի հենց այդ գործառույթն ու առաքելությունն է իրականացնում արդեն մի քանի տարի, անգամ 2015 թվականի փետրվարից հետո:

Խոշոր հաշվով, հենց Գագիկ Ծառուկյանն է իր քաղաքական բուֆերային «կարգավիճակով» ՀՀԿ-ին հնարավորություն տվել հանրայնորեն լեգիտիմ պայմաններում ձևավորել այդ 50+1-ն ու ապահովել վարչապետի հարցը լուծելու միանձնյա հնարավորությունը: Եվ այստեղ իհարկե հարց է ծագում, թե ի՞նչ ակնկալիքով: Անկասկած է, որ Ծառուկյանի մասնակցությունը չէր կարող լինել առանց ներհամակարգային լայն քննարկումների, առանց Սերժ Սարգսյանի հետ քննարկումների:

Ու թեև Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը համաձայն չէր Ծառուկյանի վերադարձին, այնուհանդերձ՝ կասկածից վեր է, որ այդ վերադարձը տեղի չէր ունենա, եթե Սերժ Սարգսյանը սկզբունքորեն դեմ լիներ դրան: Ի վերջո, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ինքը նաև խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուն է դեմ, բայց մտածել, թե մոդելը փոխվել է անկախ Սերժ Սարգսյանի ցանկությունից՝ կլինի թերես ինքնախաբեություն կամ միամտություն:

Եվ ուրեմն՝ նույն կերպ մտածել, թե Գագիկ Ծառուկյանի համար միևնույն է Սարգսյան, թե Կարապետյան, և նա այդ հարցում լիովին «ապավինում» է ՀՀԿ ընտրությանը՝ թերևս նույնպես կլինի միամտություն: Ի վերջո, Ծառուկյանը Հայաստանում ամենահարուստ մարդկանցից և բիզնես տիրույթում ամենամեծ շահեր ունեցող ֆիգուրներից է, որի համար ամենևին չի կարող էական չլինել հարցը, թե ով է լինելու պետության առաջին դեմքը 2018 թվականի ապրիլից հետո:

Այստեղ էական է նաև այն, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, խոսելով ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, ասում է, որ Կարապետյանն իր ընկերն է և կոռեկտ չէ գնահատել ընկերոջը: Ընկերոջը գնահատելն իհարկե կոռեկտ չէ, սակայն, մեղմ ասած, քաղաքականապես կոռեկտ չէ, երբ թիվ մեկ օրենսդիր մարմնում թիվ երկրորդը հանդիսացող ուժի առաջնորդը վարչապետի խնդրին անդրադառնում է ընկերական կատեգորիայի չափումներով, երբ խնդիրը գերազանցապես քաղաքական է և պետական:

Այդ տեսանկյունից ակնառու է դառնում ևս մեկ անգամ, որ Հայաստանի խորհրդարանում թիվ մեկ կամ թիվ երկու ուժը պայմանականություն է, և իրականում խորհրդարանում դե յուրե պատկերից դուրս առկա է նաև դե ֆակտո պատկեր, որը ամենևին չի համընկնում առաջինի հետ: Եվ խնդիրն այն չէ, որ Ծառուկյանի դիրքորոշումից է կախված լինելու՝ ով կլինի վարչապետ, ով՝ ոչ: Բայց Ծառուկյանի վարքից է կախված լինելու, թե ինչպիսին կլինի այդ վարչապետի «կյանքը 2018-ից հետո»:

Մնում է հարցը, թե ինչից է կամ ումից է կախված լինելու Ծառուկյանի դիրքորոշումը: Համենայնդեպս, ուշադրության է արժանի այն, որ Սերժ Սարգսյանը 2017 թվականի մայիսին՝ խորհրդարանի ընտրությունից մեկուկես ամիս անց, Երևանի քաղաքապետի ընտրությանը փորձարկել է, թե ինչպիսին է «կյանքը առանց ծառուկյանական բուֆերի»:

 

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ