24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի խայտառակիր ինձ, Տեր

Տե՛ս, Տե՛ր, ողորմելիիս և ողբալիիս, պաղատելիիս և եղկելիիս, ողորմի՛ր ինձ՝ անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ գիշերը հորդ արտասուք և առավոտյան՝ շնորհներիդ շողը: Բա՛ց իմ սրտի խավարած աչքը և բժշկի՛ր իմ հիվանդացած հոգին, ընդունի՛ր մեղավորիս դարձը և մի՛ բարկացիր
բազմամեղիս վրա, Տե՛ր իմ Հիսուս: Եվ քանզի անթիվ չարիքներ ունեմ, ջնջի՛ր ինձանից և տու՛ր ինձ բարի շնորհները:

Տո՛ւր ինձ, Տեր, ապաշխարության վայր, ճգնության օթևան, խաղաղության հոգի և արդարության ճանապարհ, ամրության սպառազինություն, հաստատության հույս և տոկունության երկյուղ:

Աղբյո՛ւրդ կենդանության, հագեցրո՛ւ իմ ծարավ հոգին Քո առատաբուխ վտակից, որ ցամաքած տոչորվում եմ բազում անօրենություններից: Ցնցի՛ր իմ քարացած սիրտը և ինձանից ապաշխարության արցունքնե՛ր քամիր:

Մի՛ հանդիմանիր ինձ, Տե՛ր, մեծ Օրը ահեղ և մի՛ կանգնեցրու հրապարակի ամոթալի Ատյանում և մի՛ խայտառակիր ինձ, մի՛ կշտամբիր Դատաստանի Ատյանում և մի՛ թող ինձ լսել «չեմ ճանաչում-ը և ահավոր բարբառն ահաբեկ, որ ասում է. Գնացե՛ք Ինձանից գեհենի հուրը: Եվ մի՛ վտարիր ինձ ծույլ և չար ծառայի հետ ու մի՛ մատնիր ինձ անօրեն կապողի ձեռքը, մի՛ դարձրու կերակուր՝ թունավոր որդերին, բորբոքված բոցի մեջ, և մի՛ նետիր ինձ տարտարոսի սառնամանիք խավարը: Այլ փրկի՛ր ինձ հրի սաստիկ կայծակներից, բոցեղեն գետերի արշավանքներից, սաստիկ լալագին ու խիստ տանջանքներից և տարակուսական ողբերից, ատամների կափկափումից ու սարսռելի կսկիծներից, խավարային բոցի տոչորումից և խորովվելուց դժնդակ, դառն աղետներից, բոցածավալ ու պարուրող հրից. և կողկողաձայն և անդադար վայից փրկի՛ր և ազատի՛ր ինձ, Տե՛ր:

Եվ այժմ, Տե՛ր, մի սպասիր, այլ փութապես նետի՛ր ապաշխարության և մաքրողական հրի բովը՝ սրբելով և ազատելով մեղքերից: Մեծ ջերմով եռացրո՛ւ և տո՛ւր հորդ արտասվել, պաղատել ու խնդրել և պատկերի՛ր իմ մեջ նախկին լուսավոր կերպարանքը:

Սրբուհվո Աստվածածնիդ՝ միշտ Սուրբ Կույսիդ և Հովհաննես Կարապետի, առաջին մարտիրոս Ստեփանոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Քո բոլոր սուրբ վկաների բարեխոսությամբ լսի՛ր ինձ՝ եղկելիիս: Եվ ձեռք մեկնի՛ր գլորվածիս, առաջնորդի՛ր մոլորվածիս, հանի՛ր ինձ խավարից դեպի լույս և ազատություն շնորհի՛ր իմ հոգուն: Հաստատի՛ր Քո սիրո մեջ և բևեռի՛ր Քո երկյուղին: Մաքրի՛ր իմ հոգու տաճարը և օթևանի՛ր ինձ մոտ:

Փակի՛ր իմ մեղքերի դուռը և շուրջբոլորս պարսպապատի՛ր իմ ոսոխից, չար ու անիրավ մարդուց փրկի՛ր ինձ, առաքինությամբ ազատի՛ր և պարգևի՛ր ինձ Քո անճառ երանությունը: Ողորմի՛ր մեզ՝ ողջերիս և պայծառացնելով լուսավորի՛ր մեր ննջեցյալների հոգիները:

Եnբ գաս երկնքից ահեղ փառքով և հրեշտակների անթիվ դասերով, զարհուրելով կդողան ողջ տարերքը, երկնայինները և երկրայիններս, նայելով Քո զորությանը՝ կսարսեն անմահ Թագավորիդ անճառ Դատաստ
անիդ և աններելի պատուհասիդ ահեղ փառքից:

Այն Օրը և ինձ ընդունիր, Տե՛ր, Քո արդարների և կատարյալների հետ, կարգի՛ր աջակողմյան դասում, պսակի՛ր Քո սրբերի հետ, շնորհի՛ր ինձ հավիտենական կյանքը և պարգևի՛ր ինձ Քո անճառ բարիքները… և զուգահավասար դարձրու՛ Քո սուրբերին՝ միշտ արժանավայել օրհնաբանելու, հանապազ պայծառացրու՛ Քո աստվածային անստվեր լույսով: Ամեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ