24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկապարտեզներին սուրճ, բաստումրա եւ սուջուխ են մատակարարել. ՏՄՊՊՀ-ն նյութերը կուղարկի դատախազություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:

Վարույթի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել է հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզների գործունեությունը: Արդյունքում բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի, այլ կերպ ասած՝ խաբեության տասնյակ դեպքեր:

Եւ այսպես. 1. ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները  մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ  կամ մարգարին, որոնք թե որակական և թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին:

Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպղեղ և այլն (կից ներկայացվում են մի քանի հաշիվ-ապրանքագրեր):

2. Հատկապես մարզերում բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ,  քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին: Եթե նախորդ դեպքում  տնօրենները նշում էին, որ խնդրի մասին տեղյակ չեն եղել, ապա այս դեպքում ակնհայտ է, որ նրանք իմացել են սփրեդի ձեռքբերման մասին:

3. ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել՝ առանց մրցույթների  անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ տասնյակ և միգուցե ավելի բարեխիղճ տնտեսվարողներ զրկվել են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից:

4. Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին “կարագ” են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ:

Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի: Այնուհետև ՏՄՊՊՀ-ը տնտեսվարողներից պահանջել է  ներկայացնել ձեռքբերված ապրանքների համապատասխանության սերտիֆիկատները, որպեսզի ի վերջո  պարզի թե մատակարարները իրականում ինչ ապրանք են գնել և վաճառել:

Արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողները հիմնականում ներկայացնում են միևնույն սերտիֆիկատները: Ստացվում է, որ տնտեսվարողը կարող է ձեռք բերել ցանկացած այլ ընկերության համապատասխանության սերտիֆիկատի պատճե և անհայտ ծագման ապրանքն իրացնել նշված փաստաթղթի ներքո:

Բացի այդ, սերտիֆիկատները պարունակում են ընդհանուր բնույթի տեղեկատվություն, տրվում են երկար ժամանակահատվածով և դրանց մեջ չեն նշվում կոնկրետ ապրանքների խմբաքանակները և, ընդհանրապես այդ սերտիֆիկատներով հնարավոր չէ իդենտիֆիկացնել տվյալ ապրանքը:

ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են. Լուսաշխարհ ՍՊԸ, ԱԲԱՖ  ՍՊԸ , Սեար գրուպ ՍՊԸ, Երեքնուկ ՍՊԸ, Այգաբեր ՍՊԸ, Կրիստալ ՍՊԸ, Աբովյան Սիթի ՍՊԸ, Արմեն ԱՔԷ ՍՊԸ, Արարտ ՍՊԸ, Էթյունի ՍՊԸ, Ոսկե խարիսխ ՍՊԸ, Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ, Վոլոդյա Հովսեփյան ԱՁ,Կարապետ Կարապետյան ԱՁ, Վոլոդյա Փանոսյան ԱՁ, Մանուկ Մարգարյան ԱՁ, Նարինե Վիրաբյան ԱՁ, Նվեր Սևումյան ԱՁ, Ռիմա Տոնոյան ԱՁ, Ռիմա Մարգարյան ԱՁ, Երեմ Ասատրյան ԱՁ, Արամայիս Գևորգյան ԱՁ, Խանում Սիմոնյան ԱՁ, Արմեն Հովեյան ԱՁ, Արման Համբարձումյան ԱՁ: Նշենք նաև, որ ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են:

Խոսքը մասնավորապես վերաբերում է մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները:

Օրինակ Ռուսաստանի դաշնությունում գործում է նորմատիվային իրավական ակտ, որը հստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը: ՏՄՊՊՀ-ը անընդունելի և դատապարտելի է համարում տնտեսվարողների նման վարքագիծը, առավել ևս, որ խնդիրն առնչվում է մանկահասակ երեխաներին:

Այդ իսկ պատճառվող որոշվեց կիրառել անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:

ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն, ինչպես նաև բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնվում են վերոնշյալ խնդիրները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ