28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու տարի է ամուսնալուծված են. Շանթի կնոջ մեկնաբանությունը

image_28986

-Շանթ Հարությունյանը դեռ  փաստաբան չունի, բնավորությանը ծանոթ լինելով` կարող եմ ասել՝ չի էլ ունենալու:Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Ցեղակրոն” կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան  Բադալյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ.կան ձերբակալվածներ, այդ թվում Շանթը: 

Ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի կնոջ հետ Henaran.am-ի հարցազրույցը:

Ռուզան, ինչ ես կարծում, Շանթի երեկվա պահվածքը զգացմունքային էր, պահի տակ ընդունած որոշո՞ւմ էր:

-Ասեմ, որ մենք մոտ երկու տարի է , ինչ ամուսնալուծված ենք: Մեր ամուսնությունը փաստացի բնույթ էր կրում, ԶԱԳՍ չէինք մտել: Բայց չի փոխվել իմ  վերաբերմունքը նրա նկատմամբ ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ որպես  մեծ գաղափարների կրող:

Մարտի 1-ի դեպքերից հետո նա վստահ էր, որ Հայաստանում ոչինչ հնարավոր չի փոխել, բայց դեռ հավատում էր: Չուներ մտադրություն իշխանությունը զավթելու, ուղղակի ուզում էր փոխել մի բան: Նրա կյանքի իմաստը երկիրը նորմալ երկիր դարձնելն էր:

Տեսնելով որ մարդիկ  ընդդիմություններ են խաղում, ժողովրդին հավաքում են, ծեծկռտուք սարքում, թողնում միայնակ, եւ նման շատ բաներով հիասթափեցնում ժողովրդին` ինքը որոշեց դա անել: Գտնելով, որ ընտրություններով հնարավոր չէ փոխել իշխանությունը, նա որոշեց հեղափոխություն անել…

-Բայց բռնությա՞մբ…

-Կներեք, վերջացնեմ խոսքս:  Շանթը բռնկուն է, միգուցե  բորբոքված է խոսում, բայց էն գաղափարները, որ Շանթն է կրում, մեր ժողովրդի 5 տոկոսը ունենար, հաստատ էս երկրում մի բան կփոխվեր:

Եթե մի երկրում ասում են գիժ է էն մարդը, որ կրում է ազատության, արդարության, հավասարության, եղբայրության արժեքները իր մեջ եւ փորձում է սերմանել ժողովորդին, ապա կներեք, էդ ժողովրդի 95 տոկոսն է գիժ, ոչ թե ինքը: Ժողովուրդը ադեկվատ չի իրավիճակին: Եթե մարդը էս երկրում իրեն նորմալ է զգում, ուրեմն ինքն է աննորմալ, ոչ թե Շանթը:

-Բայց, փաստորեն, երեկ ինքը հրահրեց չէ՞…

-Ես այնտեղ չեմ եղել, քիչ եմ ժամանակ ունեցել հետւելու հրապարակումներին, բայց Ազատության հրապարակում նստացույց անելուց անընդհատ ասում էր, որ մասսաներին հավաքելու է եւ խաղաղ ճանապարհով է հասնելու իշխանափոխություն: Բայց հայտարարում էր, եթե իշխանությունը բռնություն կիրառի, ինքն էլ է անելու:

Ես էնտեղ չեմ եղել, տղաս է պատմել, ոստիկանները փորձել են մոտենալ ցրել երթը, որը դեռ չէր սկսել: Համաձայնության եկան Օսիպյանի /Երեւանի փոխոստիկանապետ-հեղ./, հետ,  որ երթը խաղաղ է լինելու, բայց սադրանքների ենթարկեցին, գիտեք դա ոնց է լինում:

Մի բան ասեմ, հնարավոր չէ, որ մարդը մի տղա ունենանա եւ կրակի բույնը տանի: Ինչքան էլ Շանթը խենթ լինի, 14 տարեկան տղային չէր տանի այդտեղ: Շանթի խենթությունը նորմալ է, նա  առողջ դատողություն ունի: Որդիս էլ է բազմաթիվ հարվածներ ստացել, եթե Շանթը իմանար ընդհարում է լինելու, որդուն տուն կուղարկեր:

Շանթին ճանաչելով՝ վստահ եմ, նա բռնության կոչ չէր անի: Մի՞գուցե ժողովրդի մեջ վախը կոտրելու համար ասեց, գո՞ւցե նաեւ ասաց` ապացուցելու, որ իր շարժումը հզոր է: Չէ որ ժողովուրդը վախեցած է: Ես համաձայն չեմ այն ամենի հետ, որ վերագրում են Շանթին:

-Ռուզան, իսկ չէիք փորձո՞ւմ  արգելել Ձեր որդուն Ազատության հարապարակ գնալ

– Ես չէի ուզում, ճիշտն ասած, բայց նա ներշնչված է  հոր գաղափարներով:  Մեկ-երկու ժամով էր գնում, դասերից հետո: Հայրը  երեկ ասել էր, որ վերջին օրն է, երթին մասնակցի եւ հետո պիտի այլեւս չգնար: Բայց տեսաք ինչ եղավ:

– Շանթին հարցաքննե՞լ են :

-Չգիտեմ, սնունդ տարանք, ես իրան չհանդիպեցի: Ինձ հարցաքննեցին, տունս խուզարկեցին: Չնայած բաժանվել էինք, բայց մեկ-մեկ մեր տանն էր մնում, ինքը առանձին էր ապրում՝ մենակ, քրոջ տանը: Խուզարկեցին, բայց պայթուցիկ, փամփուշտներ չգտան, չէին էլ կարող գտնել:

-Իսկ քրոջ տունը խուզարկե՞լ են:

-Տեղյակ չեմ, իմ մոտ բանալի չկա, ես այնտեղ չեմ էլ եղել երբեւիցե: Բայց համոզված եմ, այնտեղ էլ ոչինչ չեն գտնի բացի քնապարկերից թերեւս:

 

Լուսանկարի որակի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ