19 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Շինարարության ոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք.վարչապետ

unnamed

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել եւ ամեն տարի նշելով՝ փաստում է, որ շինարարությունը եղել եւ մնում է մեր երկրի տնտեսության կարեւոր եւ առանցքային բնագավառներից մեկը: «Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաեւ մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում: Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով եւ ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը եւ ավանդույթները՝ կառուցելով ամուր եւ գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ», – ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք գտնվում, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է եւ պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար: «Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում եւ, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է եւ հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարի համար եւ տնտեսության զարգացման, եւ ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք եւ համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը: «Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ», – նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ արդեն նախորդ ամիս արձանագրվել են աճի միտումներ: «Բոլորս պետք է վստահ լինենք, որ կառավարությունն այսօր վիճակագրական ինդիկատորներին հստակ հետեւում է: Համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», – ասել է Կարեն Կարապետյանը:  

Ամփոփելով խոսքը՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել եռանդ եւ հաջողություններ:

Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանին, «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Արայիկ Կարապետյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Էդուարդ Մարությանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ «Գապեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Գաբրիելյանը, «Կարիտաս Իտալիանո» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Բաբայանը, «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեհրոնյանը, «Միկշին» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը:

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ