25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստան-Իրան հարաբերությունները օրինակելի և յուրահատուկ են․ նախագահի հարցազրույցը իրանական «Շարղ»-ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին։ Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին, էներգետիկ համագործակցությանը եւ այլն։

Նախագահը նշել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար գոյություն ունեն բազմաթիվ նախադրյալներ, որոնց արմատները գնում են հազարամյակների խորքերը:

«2017 թվականին լրանում է մեր նորօրյա հարաբերությունների քսանհինգերորդ տարին: Անցած քառորդ դարի ընթացքում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, հայ-իրանական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել»,- նշել է նախագահը:

Խոսելով հայ-իրանական Էներգետիկ համագործակցությունից՝ նախագահն ասել է, որ Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է

 «Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարեւորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները»,- նշել է նախագահը:

Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ ապա դա, նախագահի խոսքով,  պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, «եւ եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին եւ պատրաստ ենք համագործակցության համար»:

Անդրադառնալով մահմեդական և քրիստոնյա երկու երկրների միջև առկա բարեկամության հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ ու զարգացնել բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը։

«Հայաստան-Իրան հարաբերությունները, առանց չափազանցության, օրինակելի և յուրահատուկ են, քանի որ դրանց ամրապնդման ճանապարհին մենք կարողանում ենք լավագույնս համադրել դարերի խորքից եկող ավանդական արժեքները ժամանակակից իրողությունների հետ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ