28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն դիակիս վրայով Սերյոժայիս կտանեն բանակ. Ապրիլյան քառօրյա պատերազմում ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին ուղարկել բանակ

886165.thumb
Ապրիլյան քառօրյա պատերազմում 18 անհետ կորած զինվորների թվում եղած Գրիգոր Հարությունյանի մայրը հրաժարվում է երկրորդ որդուն, ով նաև կնոջ միակ խնամատարն է, ուղարկել բանակ: 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց որդեկորույս մայրը` Անահիտ Հարությունյանը, մինչև կրտսեր որդուն` Սերյոժա Հարությունյանին բանակ զորակոչելը, դիմել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ` որդուն ծառայությունից ազատելու խնդրանքով: 
 
«Զինկոմիսարիատից ինձ կանչեցին, պահանջեցին որոշ փաստաթղթեր այն մասին, որ վերջին տասը տարիների ընթացքում իմ խնամատարները եղել են երկու որդիներս` Գրիգորը և Սերյոժան, իսկ Գրիգորի մահից հետո իմ խնամքով զբաղվում է միայն Սերյոժան: Նաև փաստաթղթեր եմ ներկայացրել առաջին ամուսնուցս ունեցած երկու երեխաներիս` Հասմիկի և Արամի, ինձանից հեռու ապրելու մասին»,- ասաց Ա. Հարությունյանը` շեշտելով, որ ինքն առողջական խնդիրներ ունի արյան բարձր ճնշման հետ կապված:  
 
Որդեկորույս մայրն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` նոտարի և ԺԷԿ-ի կողմից հաստատված և կնքված ներկայացրել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ, որտեղից էլ դրանք ուղարկվել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ: 
Ա. Հարությունյանի փոխանցմամբ` վերոնշյալ փաստաթղթերը ՀՀ ԶՈւ ԳՇ ուղարկվել է սույն թվականի մարտի 27-ին, իսկ չորս օր անց` մարտի 31-ին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը զեկուցագիր է ուղարկել` պարզաբանելով, որ օրենքի սահմաններում Սերյոժա Հարությունյանը չի կարող ազատվել ծառայությունից, սակայն հնարավոր է նույն փաստաթղթերի հիման վրա տարկետում ձևակերպել: 
 
«Մեր զինկոմիսարիատը բոլոր փաստաթղթերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարան, որը չմերժեց, և ինձ բոլորը վստահեցրեցին, որ տարկետում է լինելու: Որոշ ժամանակ անց զանգահարեցի զինկոմիսարիատ, հարցրեցի, թե Սերյոժայի փաստաթղթերից պատասխան կա, պարոն Մամիկոնյանն ինձ ասաց, որ հանգիստ լինեմ և սպասեմ, մինչև հուլիսյան զորակոչն ավարտվի, որից հետո պատասխանը կգա»,- նշեց Ա. Հարությունյանը` ընդգծելով, որ այսօր` հուլիսի 31-ին,  բոլորովին անսպասելի կերպով զինկոմիսարիատից զանգահարել են իրեն և տեղեկացրել, որ ՀՀ Պաշտպանության նախարարը չի հաստատել Սերյոժա Հարությունյանին տարկետում տալու դիմումը, հետևաբար վերջինիս զորակոչելու են Արարատի զորամաս: 
 
Նախապես ծանուցում չստանալով պատճառով անակնկալի եկած կինը հենց այսօր գնացել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ և դիմում է գրել` հրաժարվելով որդուն ուղարկել բանակ: 
 
Ա. Հարությունյանի համոզմամբ` իր որդին որպես հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի եղբայր, պետք է ազատվի ծառայությունից: 
«Պաշտպանության նախարարը պետք է ընդառաջ գնա և որդուս ազատի ծառայությունից` հաշվի առնելով այն, որ նա միակողմանի ծնողազուրկ է, ապրում ենք սոցիալապես անապահով պայմաններում, ապրիլյան քառօրյայում խոշտանգված զինվորի եղբայր է և հիվանդ մոր միակ խնամատարը. Միայն դիակիս վրայով Սերյոժայիս կտանեն բանակ»,- եզրափակեց հուսահատված մայրը` ՀՀ ՊՆ նախարարին հիշեցնելով ժամանակին հրապարակայնորեն արված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ ՊՆ-ը մշտապես գտնվելու է զոհված զինծառայողների ընտանիքների կողքին:  
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ