29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տերն անտունների աղոթքը լսեց

sam-chester4

Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ, ապրեցրո՛ւ ինձ, քանի որ ջրերն իմ հոգուն հասան. ես անդունդների՛ խորքերը ընկա, որտեղ ո՛չ մի պահ չկա ինձ հանգիստ: Գնացի՜- հասա խորքերը ծովի և ալիքները ինձ ընկղմեցին: Հոգնեցի՛ ես իմ աղաղակներից, մինչև որ ձայնս նվազե՛ց իսպառ, դարձավ կերկերա՛նք: Եվ տեսողությո՛ւնըս տկարացավ Տեր Աստծուն ուղղված սպասումներից: Բազմացա՜ն նրանք. ավելի՛ էին գլխիս մազերից, նրանք, ովքեր որ՝ ատո՛ւմ էին ինձ հանիրավի տեղ: Թշնամիներս զորացա՛ն վրաս, ատելիներն իմ առավե՛լ ևս դարձան ինձ նանիր, և ինչ որ ե՛ս չէի հափշտակել՝ հատուցո՛ւմ էի դրանց փոխարեն:

Աստվա՛ծ իմ, գիտե՛ս, թե ինչ բանում եմ եղել անզգամ և հանցանքը իմ չե՛մ ծածկել Քեզնից: Թող որ ինձ համար չամաչե՛ն նրանք, ովքեր գիտեն ու սպասում են Քեզ, Քե՛զ՝ Տե՛ր Զորության, թող որ չամաչե՛ն նրանք, ովքեր որ Քե՛զ են որոնում: Հանուն Քեզ էր, որ նախատինքների ես համբերեցի, և ծածկվեց իմ երեսն ամոթով: Օտա՛ր եղա ես եղբայրներիս մեջ, մորս որդիքն ինձ որպես միայն հյո՛ւր ինձ ընդունեցին: Քո Տան նախանձը խժռում էր ինձ, նախատիչներիդ նախատինքները ի՛նձ վրա իջան: Հոգիս պահքի՛ մեջ խոնարհեցրի, ա՛յդ էլ դարձրին նախատինքների առիթ ու պատճառ, իմ հագուստները դարձրեցի քո՛ւրձ՝ ա՛յդ էլ սարքեցին ծաղրանք ու առակ: Իմ մասին էին բամբասում նրանք, որ դռանն էին ելնում ու նստում, և անպատվելով իմ անունն, այդպես՝ խմում են գինի: Իսկ ես այդ պահին Քո առջև կանգնած աղոթում էի՝ Քեզ ընդունելի ժամանակի մեջ: Աստվա՛ծ իմ, բազո՛ւմ Քո ողորմությամբ ակա՛նջ արա ինձ դեպի ճշմարիտ փրկությա՛նը Քո առաջնորդելու:

Ապրեցրո՛ւ ինձ, որ փափուկ կավին ի կուլ չգնամ, ես պիտի ապրե՛մ՝ ատելիներիս ձեռքից փրկվելո՛վ և ազատվելո՛վ բազում ջրերի մեջ խեղդվելուց: Ջրապտույտներն իմ առջև ելած՝ չե՛ն կարենալու ինձ խորքը քաշել, չե՛ն կարենալու ջրի անդունդներն իրենց մեջ կուլ տալ, իր կափարիչը վրաս չի՛ փակի որևէ ջրհոր: Լսի՛ր ինձ, ո՜վ Տեր, որովհետև որ քա՜ղցր է միայն ողորմությունդ, Քո ողորմության բազմազանությա՜մբ նայիր ինձ վրա և Քո ծառայի խնդրվածքներից դեմքդ մի՛ շրջիր, քանի որ ահա խիստ նեղվա՛ծ եմ ես, իմ խոսքն ավելի՛ առաջ լսիր, քան՝ իմ ձայնը հնչի: Նայի՜ր իմ հոգուն և փրկի՜ր անձն իմ, թշնամիներիս որոգայթներից ապրեցրո՜ւ ինձ:

Քանի որ միայն Քե՛զ է լավ հայտնի նախատինքներն իմ, ամո՛թս նաև, նվաստացումնե՛րս ամեն օր կրած: Առջև՛դ են բոլոր նեղիչներն հոգուս, սիրտս համբերեց նախատինքների՛ և թշվառությա՛ն: Կարծում էի, թե իմ տրտմությունը մե՛կը կկիսի, բայց ո՛չ ոք չկար, չգտա՛ մեկին, որ կկամենար ինձ մխիթարել: Ինձ լեղի՛ տվին որպես կերակուր. երբ ծարավեցի՝ ջրի փոխարեն խմցրին քացա՛խ: Նրանց սեղանը թող իրենց առաջ որոգա՛յթ դառնա, որպես հատուցում իրենց կատարած գայթակղության: Թող որ խավարե՛ն նրանց աչքերը, որ էլ չտեսնե՛ն, և թիկունքները նրանց մշտապե՛ս կորացած պահիր: Եվ նրանց վրա պիտի թափես ո՛ղջ բարկությունը Քո և սաստկացա՛ծ բարկությունդ այդպե՛ս հասցնես նրանց: Նրանց տները ավերա՛կ դառնան, նրանց հարկի տակ թող չգտնվի՛ ո՛չ մի բնակիչ: Որովհետև ում Կենդանացրիր, նրանք նրա դեմ հալածանքների հարվածո՛վ եկան՝ ավելացնելով ա՛յն ցավերը, որ վերքերի՛ցըս կար: Նրանց մեղքերին մե՛ղք ավելացրու, քանի որ նրանք չպիտի՛ մտնեն Քո արդարության սահմաններից ներս:

Ջնջվե՛ն պիտի կյանքի ուսուցման մատյանիդ միջից, արդարներիդ հետ չպիտի՛ գրվեն: Իսկ ես աղքա՛տ եմ և ցավերի՛ մեջ, փրկությո՜ւնդ, Աստվա՛ծ, պիտի գտնի՛ ինձ: Պիտի օրհներգե՜մ Աստծուս անունը, գովաբանելո՜վ՝ բարձրացնե՜մ Նրան: Ա՛յդ պիտի հաճո լինի իմ Աստծուն, և առավե՛լ, քան հո՛րթը մատաղվող, որ եղջյուրներ ու կճղակներ ունի: Եվ աղքատները պիտի տեսնե՛ն այդ և ուրախանա՜ն, որովհետև որ իրենց աղոթքը ավելի՜ն է, քան մատաղն հարուստի. Աստծո՛ւն խնդրեցեք, և պիտի ապրե՜ն հոգիները ձեր: Որովհետև որ՝ Տերն անտունների աղոթքը լսե՜ց և չարհամարհե՛ց Իրեն հույս դրած բանտարկյալներին:

Օրհնեցե՜ք Նրան` երկի՛նք և երկի՛ր, ծովե՜րդ ամենայն և ամենա՜յն ջուր, որ գալիս եք ու լցվում նրանց մեջ: Եվ Աստված պիտի Սիոնն ազատի՜ և քաղաքները Հրեաստանի պիտի շենանա՜ն, պիտի կառուցվե՜ն և բնակեցվե՜ն, ժառանգվե՜ն դրանք: Քո ծառաների զավակներն այնտե՛ղ պիտի հաստատվեն, պիտի բնակվե՛ն նրանց մեջ, ովքեր անունդ են սիրում: 

 

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիկմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ