20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գոտիների տարբեր ընկալումներ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց:

Լավրովը խորքում արձագանքում էր Իսրայելի վարչապետի այն հայտարարությանը, որի համաձայն Թել Ավիվը մերժում էր Սիրիայում իրանյան ներկայությունը երկարաձգող զինադադարի հաստատման վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունը:

Թեհրանի ներկայությունը Իսրայելի անմիջականության մեջ սպառնալիք է նկատվում Թել Ավիվի համար: Փաստորեն, Հեզբոլլահ կազմակերպությունը այս պարագայում ընկալվում է իբրեւ իրանյան բանակի ստորաբաժանում: Հեզբոլլահը լիբանանյան կազմակերպություն լինելով սիրիական տարածքների վրա, պատերազմում է սիրիական կառավարական ուժերի կողքին մաքրազտելու համար տարածքները իսլամական ահաբեկչական տարրերից:

Ռուս-ամերիկյան համաձայնությունը տարածվում է նաեւ Իրանի վրա. մասամբ նաեւ Անկարայի վրա, որը ամեն պատեհ առիթ օգտագործում է քուրդ զինյալներին հարվածելու` ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր կարգախոսի տակ:

Թվում է, որ հրադադարի որոշումը փոխկապակցված է նաեւ լարվածության մեղմացման գոտիների շուրջ ընդհանուր համաձայնության հետ: Լարվածության մեղմացման գոտիները այլ բան չեն, եթե ոչ ազդեցության գոտիներ, յուրաքանչյուրը մի գերտերության կողմից հովանավորված:

Երեւացող անհանգստությունը վերաբերում է Իսրայելին: Ամերիկյան «Ֆորին փոլիսի»-ն ավելի է պարզաբանում Թել Ավիվի անհանգստության պատճառը: Թերթը հայտնում էր, որ ռուս-ամերիկյան համաձայնությունը երաշխավորում է, որ Հեզբոլլահը հեռու պահվի Գոլանի բարձունքներից:

Ազդեցության գոտիների շուրջ ընդհանուր համաձայնությունն է, որը ավելի ազդեցիկ է դարձնում ահաբեկչության դեմ պայքարը: Մինչ այս համաձայնությունը գետնի վրա զգալի տեղաշարժ կամ մաքրազտման գործողությունների արդյունավետությունը չէր երեւում: Հետզհետե շոշափելի  է դառնում ռուս-ամերիկյան համաձայնությունը:

Սակայն իրադրությունները հուշում են, որ ամեն ինչ այնքան հեզասահ եւ համաձայնեցված ու վերահսկելի վարքագծերով չի ընթանում:

Որքան էլ իսլամական ծայրահեղականությունը արմատախիլ անելու վճռակամ եւ համակարգված գործողություններ են տեղի ունենում, դեռեվս ենթահողը ձեւավորված չէ քաղաքական տարածաշրջանային համաձայնության համար: Նման խմբավորումները դեռ գործիքի դեր ունեն կատարելիք:

Գործիքի դեր է վերապահվում նաեւ քրդական գործոնին, որը այս դեպքում անհանգստացնում է Անկարային: Ուրեմն, մի կողմից Իսրայելի եւ Հեզբոլլահի միջեւ պատնեշներ կամ արգելակիչ գոտիներ  են առաջադրվում Թել Ավիվի կողմից, մյուս կողմից Թուրքիայի եւ քրդական տարածքների միջեւ անվտանգության գոտիներ են հետապնդվում Անկարայի կողմից:

Լարվածության մեղմացման գոտիներ բառակապակցությունը անվտանգության գոտի կամ արգելակիչ գոտի է ընկալվում անհանգստություն ունեցող պետությունների կողմից։

Համաձայնությունը ցարդ զինադադարին է վերաբերում. լարվածության մեղմացման գոտիները մինչ այժմ հստակորեն չեն սահմանագծվել։ Զինադադարը ընդամենը «թայմ աութ» է` ազդեցության գոտիների շուրջ ընդհանուր համաձայնության հանգելու բանակցությունները աշխուժացնելու համար:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ