20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա «շառլատանություն» է, դա սուտ է. Սերժ Սարգսյան

«Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում ընդգծել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին և առանձնացնելով մի քանի սկզբունք։

«Երկրորդ կետը․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»:

Նախագահը շեշտել է, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։

Ապա անդրադառնալով ապրիլյան քառօրյայից հետո բանակում համալրումներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։  Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես և հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»:

Ինչ վերաբերում է 80-ականների զենք ունենալու մասին իր հայտարարությանը, որը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ քաղաքագիտական շրջանակների կողմից, ՀՀ նախագահն ասել է. «Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով էր հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ի՞նչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետև դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տևական ժամանակ է պետք։  Մենք և այն ժամանակ և այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում, է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»:

Նախագահը նշել է, որ պատերազմում միայն զենքը չի հաղթում։ «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետև դա անհնար է, որևէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ և զինամթերք՝ խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»,-հավելել է Ս.Սարգսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ