24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլորս ենք հաղթել. Գեներալը`որդու կազմակերպածից

Էջմիածնի մարզադաշտում ավարտվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: Առաջնությանը մասնակցում էին Երեւանի եւ Արմավիրի մարզի մոտ 20 թիմ: Հաղթող դարձավ պատանի երկրապահի թիմը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արմավիրի թիմը, 3-րդը` Արագածինը:
Առաջնության ավարտին, երկրապահական ավանդույթների հարգմամբ, ծաղկադրում կատարվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Ապա տեղի ունեցավ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Մրցանակներ հանձնվեցին նաեւ լավագույն ռմբարկուին, տարբեր օղակների լավագույն խաղացողներին: Միջոցառման կազմակերպիչ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եզրափակիչ խոսքում մաղթեց, որ պատանի մարզիկները չբավարարվեն ձեռքբերումներով, միշտ ավելիին ձգտեն: ԵԿՄ վարչության նախագահի ուղերձն ընթերցեց վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: Ուղերձի տեքստն ամբողջությամբ` ստորեւ:

Հարգելի՛ մարզիկներ, ֆուտբոլասերներ, երկրապահներ, էջմիածնեցիներ, հյուրեր.
Շնորհավորում եմ ամենքիս ֆուտբոլի փոխանցիկ գավաթի ավանդական մրցաշարի անցկացման կապակցությամբ:
Ավանդույթի համաձայն՝ մրցաշարը կազմակերպել էր Էջմիածնի քաղաքապետարանը: Ինչպես միշտ՝ երկրապահ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությունն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ: Միջոցառման անցկացմանն էլ, դարձյալ՝ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ աջակցել են Երկրապահ կամավորականների միությունն ու «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունը:
Երկրապահի համար միշտ էլ սպորտն առաջնային նշանակություն է ունեցել: Դեռ Արցախյան պատերազմի օրերին ռազմական գործողությունների հարաբերական դադարի պահերին ես կազմակերպում էի մարզական մրցություններ, ֆուտբոլի առաջնություններ 5-րդ լեգենդար բրիգադի գումարտակների միջեւ: Հրադադարի կնքումից հետո էլ, պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում, համակարգում էի նաեւ բանակի մարզական կառույցները: Մեր նախաձեռնությամբ հիմնադրվել է ձիասպորտի հիանալի կենտրոն, որ միակն է Արմավիրի մարզում: Առհասարակ, Երկրապահն առաջնորդվում է «Առողջ մարմնում առողջ հոգի» նշանաբանով: Եվ պատահական չէ, որ ԵԿՄ շատ պատասխանատուներ նաեւ Հանրապետության տարբեր մարզական ֆեդերացիաներ են ղեկավարում: Այսպես օրինակ, ԵԿՄ վարչության, նախագահության անդամ Կարեն Գրիգորյանը ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է, ԵԿՄ վարչության, նախագահության անդամ Նազիկ Ամիրյանը՝ նետաձգության ֆեդերացիայի: Երկրապահը գործակցում է ֆուտբոլի, շախմատի, դուքենդոյի, այլ մարզական ֆեդերացիաների հետ:
Շնորհավորելով հաղթողներին, մրցանակակիրներին՝ ես հավաստիացնում եմ այս առաջնության մասնակից թիմերին, որ նման միջոցառումների ժամանակ պարտվողներ չկան: Բոլորս ենք հաղթել՝ այս պրոցեսի բոլոր մասնակիցներս: Նման միջոցառումները հայրենասիրական ակցիա են, դրանք էլ նպաստում են մարզական, մարտական ոգու բարձրացմանը, առողջ ապրելակերպի պրոպագանդային:
Հիշենք մեկընդմիշտ՝ Երկրապահի գործունեությունը հայ ազգի, Հայաստան պետության, հայկական Արցախ պետության զորեղացմանն է միտված:
Աստված պահապան ամենքիս: 
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

unnamed (1)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ