24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՊՏՀ ուսանողը՝ համալսարանական սպորտի կամավորների համաշխարհային համաժողովի մասնակից

Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի (Ռուսաստանի Դաշնություն)` Վոլգայի տարածաշրջանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության ակադեմիան հուլիսի 2-ից 8-ը հյուրընկալել է երկրագնդի ամենատարբեր անկյունների սպորտային լավագույն կամավորների առաջին համաժողովը, որն իրականացվում է Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի հովանու ներքո: Թեև համաժողովի գաղափարը ծնվել է դեռ 2012թ-ին Կազանի կամավորական շարժման ակտիվիստ Տիմուր Տուֆեթուլովի կողմից, այնուամենայնիվ, այս ձևաչափով համաժողովն առաջին անգամ իրականություն դարձավ հենց այս տարի: Համաժողովին մասնակցում են 100 կամավորներ աշխարհի 91 երկրներից, ովքեր այս օրերին համախմբվել են 1 գաղափարի շուրջ. բացահայտել ամբողջ աշխարհում կամավորության և երիտասարդական սպորտի հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները:

19601512_10155282585911071_1065029700244923408_n

         Հուլիսի 3-ին կայացավ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը, Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի (FISU) նախագահ Օլեգ Մատիցինը, Կազանի քաղաքապետ Իլշուր Մեթշին և բազմաթիվ այլ հարգարժան հյուրեր: «Ռուսաստանը շարունակում է անել ամեն բան՝ ստեղծելու հնարավորինս բաց հարթակ Օլիմպիական գաղափարախոսության առջև, և վստահ եմ, այստեղ հավաքված երիտասարդ կամավորները կնկատեն դա»,- բացման հանդիսության ընթացքում իր ելույթում նշեց Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի նախագահ Օլեգ Մատիցինը: Նա նաև հավելեց, որ ցանկացած ծրագրի հաջողության գրավականը մրցակցային ոգու առկայությունն է, որի համար համաժողովի մասնակիցներին տրվեց առաջադրանք. մշակել նախագիծ Միջազգային համալսարանական սպորտի օրը նշելու համար: Մրցույթի արդյունքները կամփոփվեն համաժողովի վերջին օրը, և լավագույն 5 մասնակիցները կստանան հնարավորություն՝ մասնակցելու Թայվանում կայանալիք ամառային համալսարանական ունիվերսիադային:

19667692_10155282587921071_8986887589477310357_o

    Համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող, Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի կամավոր, ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահության անդամ Գրիգոր Ոսկերչյանը: Մեզ հետ զրույցում Գրիգորը նշեց, որ ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով և ջերմ ու ընկերական մթնոլորտը բոլոր մասնակիցների միջև ապահովված է: «Թեև համաժողովն առաջին անգամ է կյանքի կոչվում, բայց կազմակերպիչներն արել են ամեն բան՝ գերազանց արդյունք ապահովելու համար: Շնորհակալություն հիանալի ընդունելության և գիտելիքներով հարուստ, հագեցած ու հետաքրքիր մի քանի օրեր մեզ՝ կամավորներիս պարգևելու համար: Ջանք ու եռանդ չեմ խնայելու՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու և հայկական դրոշ այս հարթակում ևս հպարտությամբ ծածանելու համար»,- ավելացրեց Գրիգոր Ոսկերչյանը:

19598699_698793830311582_800587144518852345_n

         Համաժողովականների օրը Կազանում հագեցած է ոչ միայն գիտելիքներով հարուստ տարբեր սեմինարներով, քննարկումներով ու բանավեճերով, այլ նաև ժամանցային ծրագրերով ու միջոցառումներով: Բանախոսություններով հանդես են եկել մեծ ճանաչում ունեցող այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են FISU-ի մամուլի քարտուղար Տորին Կոոսը, գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը և այլք: Մասնակիցները համաժողովի ընթացքում փորձարկեցին նաև նոր հարթակ՝ ”WhenSpeak” (Երբ խոսում են), որը մշակվել է հատուկ համաժողովի համար և որի ընթացքում համաժողովի մասնակիցները հանդես են եկել տարբեր հոդվածներով:

         Մեր երկրի ներկայացուցիչ Գրիգոր Ոսկերչյանին մաղթում ենք հաջողություն համաժողովի առաջիկա օրերի և մրցույթի ընթացքում և վստահ ենք, որ նրա շնորհիվ Հայաստանի անունն այս անգամ էլ պատվով կհնչի երիտասարդական սպորտի բնագավառում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ