23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանա-թուրքական խմբերը հարձակվել են ամերիկահայ գործարարի վրա

Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել`մեղադրանքների տարափ տեղալով “Hyatt Hotels” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան եւ այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:

Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA), Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC), Թուրք-ամերիկյան ասոցիացիաների դաշնության (FTAA) եւ Ամերիկայի ադրբեջանական ընկերության (ASA) ղեկավարները, “Hyatt”-ի տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Փրիցկերին ուղղված իրենց նամակում Հոփլամազյանին մեղադրել են “էթնիկ քարոզչական արշավներում” ներգրավված լինելու մեջ:

Ադրբեջանական եւ թուրքական  խմբերը հարձակվել են Հոփլամազյանի վրա` “Հայ-ամերիկյան լոբբիստական խմբի` Ամերիկայի հայկական համագումարի սեպտեմբերի 22-ի կազմակերպած հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ որպես “Hyatt”-ի տնօրեն ելույթ ունենալու համար”: Նրանք նաեւ իրենց դժգոհությունն են հայտնել, որ “Հոփլամազյանը ծառայում է “Դիմագրավել պատմությունը եւ ինքներս մեզ” շահույթ չհետապնդող խմբի Խորհրդատվական մարմնում, որը “ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին”:

Թուրքական չորս կազմակերպությունները պնդել են, որ “Պարոն Հոփլամազյանի ներգրավվածությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ թշնամություն տարածող էթնիկ հատուկ շահերի խմբերում, կարող է ոտնահարել “Hyatt”-ի Բիզնես վարքագծի եւ էթիկայի կանոնակարգի Շահերի բախում կետը”: Այնուամենայնիվ, հյուրանոցի կայքում տեղադրված Կանոնակարգի ուսումնասիրությունից պարզ երեւում է, որ այն չի պարունակում ոչ մի նշում` “Hyatt”-ի ղեկավարի կողմից Կանոնակարգի դրույթներից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ:

Ադրբեջանական եւ թուրքական խմբերն իրենց նամակում մի շարք չարանենգ հայտարարություններ են արել` Հայոց ցեղասպանությունը բնութագրելով որպես  “անհիմն պնդում” եւ “Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ներհամայնքային վայրագություններ”: Նրանք կեղծորեն պնդել են, որ այդ “վայրագությունները” երբեք որեւէ դատարանում չեն վիճարկվել եւ հայերի տեղահանության ոչ մի մտադրություն չի հաստատվել: Ոչ մի պատիժ կամ դատավճիռ չի կայացվել ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին 1948-ի կոնվենցիայի դրույթների”:

Թուրքական կազմակերպությունների ղեկավարները նման անհեթեթ պնդումներ անելով, պարզապես, իրենց տգիտությունն են բացահայտել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ: Նրանց ձեռնտու է մոռանալ 1919-ի թուրքական ռազմական դատարանների մասին, որոնք մահվան էին դատապարտել Հայոց ցեղասպանության թուրք պարագլուխներին: Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի եւ Արգենտինայի դաշնային դատարանները եւս վերահաստատել են Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Բացի այդ, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման եւ  փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը 1985-ին իր ընդունած զեկույցում Հայոց ցեղասպանությունը որակել է որպես ցեղասպանության օրինակ:

Միաժամանակ, ադրբեջանական եւ թուրքական խմբերը հավաստիացրել են, որ իրենք ներկայացնում են “ավելի քան կես միլիոն  թուրքական ծագում ունեցող ամերիկացիներին”: Սա իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ ըստ ԱՄՆ վերջին մարդահամարի` Միացյալ Նահանգներում այդքան շատ թուրք բնակչություն չկա: Եթե անգամ թուրքական ծագում ունեցող ամերիկացիների թիվը հասնում է կես միլիոնի, ապա խիստ կասկածելի է, որ նրանք բոլորն էլ իրենց համաձայնությունը տվել են այդ կազմակերպությունների կողմից նման անհեթեթ արկածախնդրությունների մեջ մխրճվելու համար: Ամենայն հավանականությամբ, այս չորս խմբերի անդամների ընդհանուր թիվը կազմում է ներկայացված թվերի միայն չնչին մասը:

Ակնհայտ է, որ այս թուրքական խմբերն իրենց կեղծ հայտարարություններով եւ անմիտ մեղադրանքներով նպատակ ունեն վախեցնել  Հոփլամազյանին եւ ստիպել նրան հեռու մնալ հայկական կամ ցեղասպանությանն առնչվող հարցերից: Առավել մտահոգիչ է, որ թիրախ դարձնելով “Hyatt”-ի գլխավոր տնօրենին, ադրբեջանական եւ թուրքական խմբերը հույս ունեն նման գործունեություն ծավալելուց ետ կանգնեցնել մյուս ամերիկահայ գործարարներին:

Ադրբեջանական եւ թուրքական խմբերն իրենց համատեղ նամակում անուղղակիորեն սպառնացել են “Hyatt”-ի կորպորատիվ շահերին` նշելով, որ ընկերությունը “ներկայումս ղեկավարում է ընդհանուր թվով չորս հաջողված հյուրանոցներ Ստամբուլում (Թուրքիա) եւ Բաքվում (Ադրբեջան)”: Հետաքրքիր է, արդյոք Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները լիազորե՞լ են այս ողորմելի խմբերին` խոսել իրենց անունից: Ընդ որում, այս կազմակերպությունները գիտակցո՞ւմ են, որ նրանք ականահարում են իրենց հարազատ երկրների բիզնես շահերը` հիմարաբար սպառնալով այնպիսի համաշխարհային ընկերության, ինչպիսին “Hyatt”-ն է:

Շատ ցավալի կլինի, եթե ադրբեջանական եւ թուրքական անխոհեմ արշավն ընդդեմ նշանավոր ամերիկահայ գործարարների սկիզբ դնի անցանկալի իրադարձությունների այնպիսի մի շղթայի, որը կհանգեցնի հայ համայնքի պատասխան քայլերի ընդդեմ հաջողակ թուրք գործարարների, ինչպիսին, օրինակ, “Կոկա կոլա” ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Մուհտար Քենթն է:

Խիստ անհավանական է, որ ադրբեջանա-թուրքական նամակը որեւէ շոշափելի օգուտ բերի այս խմբերին, քանի որ “Hyatt”-ի տնօրենների խորհուրդը, հավանաբար կանտեսի նրանց անհիմն մեղադրանքները: Ավելի կարեւորն այն է, որ տիպար ամերիկահայ գործարարի նկարագրի վրա նման ռասիստական հարձակումը, Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, հայերին կդրդի ավելի վճռականորեն հետամուտ լինել իրենց արդարացի պահանջներին` թե Թուրքիայից, եւ թե Ադրբեջանից:

Վերջապես, խիստ վիրավորական է, որ ադրբեջանական եւ թուրքական այդ խմբավորումները քար լռություն էին պահպանել, երբ ադրբեջանցի սպան Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հային, իսկ հիմա աղմուկ են բարձրացրել, երբ ամերիկահայ մի գործարար, պարզապես օգտագործում է խոսքի ազատության իր իրավունքը Բեվերլի Հիլզում:

Հարութ Սասունյան`
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ