25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայոց լեզուն մշտապես հնչեցրեք ձեր ընտանիքներում»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ուրախությամբ հաստատելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես սիրով է ընդունում ուխտի եկած իր զավակներին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը հորդորեց ուխտավորներին ջերմեռանդությամբ հաղորդակցվել հայրենիքի սրբություններին, որոնք կերտվել են իրենց հայրերի կողմից Քրիստոսի եւ Նրա հրաշափառ Հարության հանդեպ ունեցած սիրո եւ հավատքի զգացումներով` կարեւոր նկատելով նաեւ այն, որ յուրաքանչյուր հայորդու համար ուղեւորությունը դեպի Հայաստան ընկալվի իբրեւ ուխտագնացություն:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք հայտնեց, որ Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կոգեշնչի ու կզորացնի նրանց եւ կներշնչի հայրենիքի հանդեպ հարգանքով ու սիրով կրթել ու դաստիարակել նոր սերունդներին, պահպանել եւ պաշտպանել այդ ոգին նրանց մեջ:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ իր հովվապետական այցելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայության զորավոր հավատքը եւ անսակարկ սերն ու նվիրումը համայն հայության հոգեւոր կենտրոնի նկատմամբ: Անդրադառնալով Սփյուռքի առջեւ ծառացած մարտահրավերներին` Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին հայաշունչ պահել իրենց կյանքը, հայոց լեզուն մշտապես հնչեցնել իրենց ընտանեկան հարկերից ներս եւ հավատքով, աղոթքով, բարի ու աստվածահաճո գործերով զորացնել Մայր Եկեղեցին, պայծառացնել տիրախնամ թեմը:

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Հայրապետը նաեւ պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելությանն ու հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեությանը:

 

Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, ապա այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ