20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը որոշել է սատարել Բակո Սահակյանի թեկնածությունը

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը:

Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի  հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների  ու ռազմավարության մասին,  վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ – վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում:

ԱԺԿ խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով եռամյա աշխատանքը, անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին կուսակցության ակտիվ դերակատարությանը, միջազգային համագործակցության ոլորտում ձեռնարկված քայլերին: Զեկույցում ուրվագծվել է արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հեռանկարների, կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, ՏԻՄ համակարգի կատարելագործման և ԱԺԿ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ առաջիկա անելիքների ընդհանուր պատկերը:

Համագումարին ներկայացվել է նաև վերստուգիչ-վերահսկիչ  հանձնաժողովի հաշվետվությունը՝ վերջին երեք տարիներին կուսակցության ֆինանսական-տնտեսական և կազմակերպչական գործունեության մասին:

Կանոնադրության համաձայն համագումարում տեղի է ունեցել նաև կուսակցության բարձրագույն մարմինների ընտրությունները: Ընտրվել է 25 հոգուց բաղկացած Կենտրոնական խորհուրդ և երեք հոգանոց կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:

Օրակարգային վերջին հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Դավթյանը, ով համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:

«Ինձ համար դա մեծ պատիվ է և հպարտություն, որովհետև ես ձեզ երաշխավորում եմ մի մարդու, ով եղել է իմ աշակերտը և ով նախորդ տասը տարիներին իր գործով ու անցած ճանապարհով արդարացրել է Արցախի հայության առաջնորդը լինելու համաժողովրդական վստահությունը»,- նշել է Սվետլանա Դավթյանը:

Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաև կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը:

 

ԱԺԿ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ