28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Այցելություն սահմանի պահապաններին (տեսանյութ)

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում այցելել էր Արցախի զորամասերից մեկը։

«Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» խորագրով ծրագիրը մեկնարկեց Քարվաճառի այն տարածքում, որտեղ զոհվել էր Շուշիի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն։ Այստեղ ծրագրի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Պետոյի հիշատակին կառուցված հուշաքարին:

Հաջորդ կանգառն Արցախի սահմանային զորամասն էր։ Այստեղ հայրենիքի համար նահատակված ազատամարտիկ Վահե Բաղդասարյանի անունը կրող պահակակետերում բացվեցին Վահեի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ, զինծառայողներին և ներկաներին բաժանվեցին Վահե Բաղդասարյանի մասին պատմող  թերթիկներ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, իր խոսքն ասելով Վահե Բաղդասարյանի հիշատակին, նշեց. «Հին Հունաստանում նշանավոր պետական գործիչ Թեմիստոկլեսը գոյապայքարի կռիվ տվող իր Հայրենիքի առթիվ ասել է. «Մենք կկործանվեինք, եթե չզոհաբերեինք մեր կյանքերը»: Վահեն ուզում էր բժիշկ դառնալ ու իրեն նվիրել մարդկանց կյանքի փրկությանը խաղաղ պայմաններում: Սակայն հանդիսանալով նորանկախ Հայաստան կերտող սերնդի վառ մասնիկը՝ կամավոր կանգնեց ազգային ինքնասիրության և պատվի պաշտպանի դիրքում. իր կյանքի կոչումն իրագործեց այլ ձևով և այլ պայմաններում: Սեփական անձն ազգին ու պետությանը ծառայության դնելը մարդու քաղաքացիական գիտակցության արտահայտումն է, իսկ կյանքի զոհաբերումը՝ այդ գիտակցության բարձրագույն աստիճանը: Պետության ակունքում կանգնած է քաղաքացին,  բանակի ակունքում՝ աշխարհազորայինը: Վահեն իր անձի մեջ համադրում է երկու հատկությունն էլ: Ու քանի դեռ վառ է Վահեի ու իր նման հերոս ազատամարտիկների հիշատակը, ուրեմն կան Վահեի հատկություններն ունեցող մարդիկ, իսկ քանի կան այդպիսիք, ուրեմն Հայոց պետությունն ապահով է»:

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը նշեց, որ յուրաքանչյուր զոհվածի հիշատակը մեզ համար սուրբ է, և մենք երբեք իրավունք չունենք մոռանալու, որ մեր կողքին ապրել են լուռ, անխոս հերոսներ։

Ծրագրի շրջանակներում բացվեց նաև լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Լուսանկարները պատմում էին 1992-93թթ. Արցախյան և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմների ու դրանց մասնակից հերոսների մասին։

Անցկացվեց նաև կրթական ծրագիր։ ՀՀ Կրության և գիտության ներկայացուցիչ, ՀՕՄ-ուհի Օֆելյա Գրիգորյանը զինծառայողներին ներկայացրեց կրթական այն հնարավորությունները, պայմանները, որոնցից նրանք կարող են օգտվել ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։

Զորամաս այցելուների թվում էր նաև սփյուռքահայ թատերագետ, բեմադրիչ, բանաստեղծ Հրանտ Մարգարյանը։ Նա պարբերաբար այցելում է Արցախ աշխարհ, զորամասեր՝ ամենատարբեր աջակցություն տրամադրելով։ Պարոն Մարգարյանը նշում է, որ իրենց նպատակը հայրենիքը զորացնելն է. «Արցախը մեզ համար ազգային հիմնախնդիր է, և մեր ուժերը պետք է կենտրոնացնենք այն պահել-պահպանելու համար»։

Ծրագրի շրջանակներում ՀՕՄ-ուհիները զինծառայողներին փոխանցեցին Հայաստանի և սփյուռքի կրթօջախների աշակերտների նամակները, որտեղ երեխաներն իրենց բարեմաղթանքներն էին ուղղել սահմանը պահող տղաներին։

Արցախյան այցելությունն ամփոփեց մշակութային ծրագրով՝ հայրենասիրական երգ ու պարով, որոնց իրենց կատարումներով միացան նաև զինծառայողները։ 

Հատված արցախյան այցելությունից կարող եք դիտել հետևյալ հղմամբ

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ