24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 28-ին, դեռ չմեկնարկած հետաձգվեց:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված արտագնա նիստը պետք է մեկնարկեր ժամը 11:00-ին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ եկավ մեկ ու կես  ժամ անց եւ հայտարարեց, որ ոչ բոլոր ամբաստանյալներն ու փաստաբաններն են ներկա, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին:

Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ ապակեպատ դահլիճ են սարքել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ