18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՆ-ն էլ. ով է հաջորդը

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն` գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների եւ հրամանատարների մասնակցությամբ:

Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները:

Զեկույցում ներկայացված առաջին խնդիրը վերաբերել է մրցույթների թափանցիկությանը եւ մրցակցային միջավայրի ապահովմանը: Փաստացի մի շարք ցուցանիշները ներկայացնելուց հետո` վերահսկողական ծառայության ղեկավարն իր եզրակացության մեջ նշել է, որ դիտարկված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք:

Ընդ որում, կան դեպքեր, երբ գործում են “ունիվերսալ” կազմակերպություններ` իրականացնելով եւ՛ սննդամթերքի, եւ՛ ավտոպահեստամասերի, եւ՛ վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաեւ շինարարության աշխատանքներ: Զեկույցի համաձայն, վերջին երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների կազմը գրեթե չի փոփոխվում: Ծառայության ուսումնասիրությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք նույնպես ազդեցություն ունեն մրցակցային միջավայրի ձեւավորման եւ մրցույթների թափանցիկության վրա:

Զեկուցված երկրորդ խնդիրը վերաբերել է ՀՀ ՊՆ կարիքների համար ձեռքբերված ապրանքների եւ նույնանման ապրանքների շուկայական գների համեմատականին: Նշվել է, որ աշխատանքային խմբի կողմից ընտրանքային կարգով ուսումնասիրվել են ՀՀ ՊՆ 2012թ. կարիքների համար ձեռք բերված որոշ ապրանքների գնման պայմանագրերը եւ դրանց հիման վրա կնքված համաձայնագրերը:

Ընդգծվել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՊՆ-ի կողմից ապրանքների ձեռքբերման շուկայական գների վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2011թ. ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս վիճակն անհամեմատ շտկվել է, եւ մատակարարված ապրանքների արժեքը հիմնականում համապատասխանում է մեծածախ շուկայում նմանատիպ ապրանքների համար առաջարկվող արժեքին: Այնուհանդերձ, ըստ եզրակացության, որոշ ապրանքներ հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր գներով: Միաժամանակ, աշխատանքային խումբը գտել է, որ ռիսկային կարող են լինել ոչ միայն ապրանքների բարձր գները, այլեւ դրանց փաստացի քանակները եւ որակը:

Խորհրդակցության ժամանակ ներկայացված հաջորդ խնդիրը վերաբերել է մրցույթներում հաղթող ճանաչված եւ ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած այն ընկերություններին, որոնք փոխկապակցված են որոշակի անձանց հետ:

Նախագահն անթույլատրելի է համարել գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները եւ խստորեն քննադատել այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց: “Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Ե՛վ պաշտպանության նախարարը, եւ՛ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երեւույթների դեմ պայքարում են՝ վաղը, մյուս օրը խնդիրներ չունենան”,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ երբ գումարտակի, վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ իրենից վերեւ ղեկավարները պաշտպանում են այն մարդկանց, ովքեր անկեղծ են, իրավիճակն այլ կլինի եւ կազդի բարոյահոգեբանական ամբողջ մթնոլորտի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է նախագահին, որ այսուհետ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ ավելի հետեւողական կլինեն եւ Նախագահի հանձնարարության համաձայն, առավել կխստացնեն հսկողությունը ներկայացված գործընթացի բոլոր փուլերի` մրցույթների կազմակերպման եւ գնագոյացման, ձեռքբերված ապրանքների մատակարարման ու ընդունման-հանձնման ուղղությամբ: “Պարո՛ն նախագահ, աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել եւ ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում”,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի եւ նրանց տեղակալների հետ առանձին քննարկել է մարտական պատրաստվածության եւ սպառազինության հետ կապված հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ