19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մաքրիր իմ գարշահոտությունը Քո մաքրությամբ

Եվ արդ, լվա մեղքերից և մաքրիր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում, լցրու իմ փակման կարոտությունը, խառնիր ինձ սրբերի դասին ու արդարների ժողովին, ովքեր հարաժամ վայելում են Քո ցանկալի տեսությունը: Եվ չեմ հայցում, ինչպես համարձակերես բարեգործ մեկը, այլ՝ աղերսելով թախանձում, ինչպես պարտապանը ու բազմամեղը:

Չեմ համարձակվում ինչպես մաքուրը, այլ՝ աղաչում եմ՝ մաքրիր իմ գարշահոտությունը Քո մաքրությամբ, քանզի բռնված եմ իմ անթիվ մեղքերի բազմություններով և իմ անօրենության ամբոխներն ինձ հանապազ խեղդում են, սիրտս ճմլում ու մարմինս և ոսկորներս հալեցնում են ու մաշեցնում. ուստի հանապազ թախանձում եմ՝ պաղատելով, աղաչելով ու աղերսելով, քանզի Դու իմ Հայրն ես ու Տերը, արարիչը և ստեղծողը, ո՞ւմ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն: Մեղա Քեզ, խոստովանում եմ Քեզ և աղաչում՝ մի մերժիր ինձ Քո ողորմությունից ու մի զրկիր Քո երեսից:

Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի ամաչեցրու ու (Դատաստանի) մեծ Օրը ինձ մի դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի հանդիմանիր, անողորմ տանջանքներով մի տանջիր և սոսկալի գեհենովդ մի պատուհասիր: Այլ փրկիր հրացայտ հնոցներից և հրեղենների հրահոսան գետերից, չարաժանիք որդերից, անթափանց խավարից, դառը դատաստաններից ու աններելի տանջանքներից, անքակտելի կապանքներից և հանապազորյա նեղություններից, միշտ ողբալուց ու ատամներ կրճտացնելուց:

Այլ գթա մեղքերով վիրավորվածիս և բժշկիր անօրենությամբ հիվանդացածիս: Ընդունիր ինչպես հայհոյողին և հալածչին, փարատիր իմ մեղքերի բազմությունը, սրբիր ինձ պղծությունից, ինչպես պոռնիկին, և արդարացրու, ինչպես մաքսավորին: Ողորմիր, ինչպես քանանացուն, և ներիր իմ հանցանքներն, ինչպես ավազակին: Բնակեցրու ինձ սրբերի դասի և Քո կամարար արդարների խորանների մեջ, անանց կյանքի վայելչության և անբավ ուրախության բարիքների մեջ՝ ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, Որին, փառք հավիտյանս: Ամեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ