24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահին

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ

‘‘Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին եւ իրենց են վերագրում սեփական բարերարությունը: Իսկ երբ վիճակը վատանում է, նրանք սկսում են զգալ նրա անհրաժեշտությունը եւ գնահատել նրա բարերարությունը”…Պատմությունը խիստ է պատժում դասերը չիմանալու համար (Վ.Օ.Կլյուչեւսկի) Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ:

Ամենից առաջ կուզենայի անկեղծորեն խոստովանել, որ նամակիս չափից ավելի մեծ ծավալը խորապես իմաստավորված, պայմանավորված է այն թեմայի պատմական անհրաժեշտությամբ, ես նույնիսկ կասեիՙ ռազմավարականությամբ, որի մասին ցանկանում եմ պատմել Ձեզ:Եթե Դուք իմ նամակը կարդաք, ինչպես ասում են` առանձին կտորներով, կամ էլ եթե ընդհանրապես չկարդաք, ես դա կընդունեմ նորմալ եւ սթափորեն: Սա բոլորովին էլ մի ինչ-որ կոկետություն չէ:

Սա կյանքի իրողություն է: Բանն այն է, որ ես այսօր չէի կարող չգրել իմ բաց նամակը: Միաժամանակ անիմաստ կլիներ այն հասցեագրել մեկ ուրիշին: Այս նամակի հիմքում ընկած են նշումներ արված Գյուլիստանի պայմանագրի լուսանցքներում: Ընդգծեմ, որ դրանց մեջ մի քանի անգամ հանդիպում է Ձեր ուսուցչի, Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի անունը: Եվ ահա ցանկություն առաջացավ բաց նամակն սկսել նրա բառերով. ‘‘Գորբաչովի, եթե չասենքՙ մեր ողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու հայերի տրամաբանական պահանջը նա որակեց որպես ‘‘Ղարաբաղի խնդիր’‘: Մինչդեռ, դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…’‘:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, հավատացե՛ք, այն, ինչի վրա ուշադրություն է դարձրել Անատոլի Ալեքսանդրովիչը, չափազանց լուրջ է եւ, ես կասեիՙ չափազանց պատմական: Բայց նախ երկու խոսք այն մասին, թե ինչպես եւ ինչու Սոբչակը ձեռք զարկեց այդ թեմային: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի ընթացքում Անատոլի Ալեքսանդրովիչը տեղեկացավ, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից, որը հենց հայկական էր արդեն իսկ այն պատճառով, որ կոչվում էր ‘‘ինքնավար’‘, ոչ մի հայ չէր ընտրվել ժողովրդական պատգամավոր, եւ այդ փաստը համարում էր անհեթեթություն:

Արդեն ինքը, ընտրված լինելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Օրենսդիր կոմիտեի կազմում, համագումարի ամբիոնից հանդես եկավ առաջարկությամբՙ ինձ տալու իր տեղը միայն նրա համար, որ ղարաբաղյան փոքրիկ պատգամավորությունից եւս մեկ ներկայացուցիչ կարողանար մշտապես աշխատել Գերագույն խորհրդում:

Այս ամենի, ինչպեսեւ Սոբչակի ելույթի մասին կարելի է կարդալ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի կարմիր կաշեկազմ սղագրական հատորում:Նրա գաղափարին հավանություն տվեցին շատերը, այդ թվում եւ ակադեմիկոս Սախարովը: Ե՛վ Սոբչակը, եւ՛ Սախարովը ուշադիր, գիտնականների պես, ինչպես ասում ենՙ մատիտը ձեռքին ուսումնասիրել են Գյուլիստանի (1813) եւ Թուրքմենչայի (1828) դաշնագրությունները:

Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ Մոսկվայի (1921 թվականի մարտ) եւ Ղարսի (1921 թվականի հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին: 1639 թվականից այն անցել էր Իրանին, իսկ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրից հետո Պարսկաստանից անցավ Ռուսաստանի կազմ:

Ընդ որում, պահպանվեցին բոլոր հայկական եկեղեցիները, պատմության եւ մշակույթի հուշարձանները: Նորագույն պատմության մեջ ռուսաստանյան ղեկավարներից Դուք թերեւս առաջինն էիք, ով, եթե հիշողությունս չի դավաճանում, 2006 թվականին բարձրաձայնեց պատմական ճշմարտությունը գործուն կերպով պաշտպանելու անհրաժեշտության մասին: Որպես Ձեր ծրագրի շարունակություն, արդեն նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրոք ստեղծվեց ‘‘ի վնաս Ռուսաստանի պատմության նենգափոխման ավելի ու ավելի ագրեսիվ փորձերի’‘ հակազդման հատուկ հանձնաժողով:Թվում էր, թե այդ անհրաժեշտ եւ կարեւոր գործը տեղից շարժվեց:

Սակայն շուտով ռուսական հասարակայնության, ինչպես ասում ենՙ որոշակի մասը գաղափարն ընդունեց եթե ոչ սվիններով, ապա, մեղմ ասածՙ քննադատաբար: Պատճառը, իմ խորին համոզմամբ, այն էր, որ պատմական ճշմարտության վերաբերյալ այն ժամանակվա նյութերում եւ բանավեճերում կային շատ ընդհանուր, ավելի ճիշտՙ ընդհանրացված, հետեւաբար եւ վերացական բաներ: Տպավորություն էր ստեղծվում, թե մոռացության է մատնվում նման դեպքերի համար ամենագլխավորըՙ ‘‘Ճշմարտությունը կոնկրետ է’‘արիստոտելյան փիլիսոփայական բանաձեւը:

Ինչպիսին էլ որ լինի ճշմարտությունը (վտանգավոր, վնասակար, սարսափելի), այն պետք է ընդունվի այնպիսին, ինչպիսին կա:Գյոթեն, օրինակ, ‘‘գերադասում էր վնասակար ճշմարտությունը օգտակար սխալից’‘: Եվ երբ Անատոլի Սոբչակը խոսում էր Գորբաչովի դժբախտության եւ ողբերգության մասին, ապա նկատի ուներ հենց պատմական ճշմարտության աղճատումը: Մեծագույն պետության եւ հզոր կուսակցության ղեկավարը պատկերացում չուներ այն մասին, թե որոնք էին իր պատմական հայրենիքիՙ Ռուսաստանի իրական սահմանները: 

Չգիտեր այն մասին, որ հեղափոխական աղմուկի տակ Ստալինի եւ Աթաթուրքի կողմից ստեղծված, էությամբ թուրքական Ադրբեջան հանրապետությունը, կրկնում եմ, մեծամասամբ տեղակայված է պատմական Հայաստանի տարածքում, որը Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերից հետո ներառված էր Ռուսաստանի կազմում: Իսկ Ելցինըՙ ավելի վատթար. ո՛չ Բելովեժյեում, ո՛չ Կրեմլում, ո՛չ մահվան սնարում այդպես էլ չհասկացավ, որ 1991 թվականին բոլորովին էլ Ռուսաստանի նախագահ չէր դարձել: Նա ՌՍԴԽՀ նախագահն էր, իր կետագծված ու պայմանական խորհրդային սահմաններով: Դուք ինքներդ մի անգամ Ձեր ելույթում հստակ նշեցիք. ‘‘Ռուսաստանն, ըստ էության, վերանվանվել էր ԽՍՀՄ-ի, բայց դա չի նշանակում, թե դադարել էր Ռուսաստան լինելուց’‘: Այսպիսին է ճշմարտությունը, որը վերացական չէ: Այն կոնկրետ է:

Շոշափելի է: Տվյալ դեպքում կարելի է նույնիսկ ձեռքով դիպչել նրան:Դա Գյուլիստանի պայմանագիրն է, որը ներկայացնում է իննամյա պատերազմի հանրագումարը: Նրա տասնմեկ հոդվածներում ամփոփված է երկու պետություններիՙ Ռուսաստանի եւ Պարսկաստանի ողջ աշխարհաքաղաքական սկզբունքը, որոնք մարգարեաբար գիտակցում էին, որ իրենց միջեւ ‘‘հավերժական խաղաղությունը, բարեկամությունը եւ բարեհաշտությունը’‘կարող են գոյատեւել բացառապես պատմական փաստաթղթի տառի եւ ոգու երաշխավորված իրագործման դեպքում: 

Այնտեղ ընդգծվում է գուցե ամենագլխավորըՙ համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը  կրում են Ռուսաստանի եւ Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլեւ, ինչը ավելի կարեւոր է, ‘‘ժառանգորդներն (!-Զ.Բ.) ու հաջորդողները (!-Զ.Բ.)’‘:Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոշոր հաշվով դա այսօր վերաբերում է նաեւ անձամբ Ձեզ: Այդ կապակցությամբ հրատապ, եթե չասենքՙ օպերատիվ անհրաժեշտություն կա հրապարակելու, օրինակ, դաշնագրի երրորդ եւ չորրորդ հոդվածները, առանձնապես եթե հաշվի առնենք, որ ներկայիս (ռուս, ռուսաստանցի) լայն ընթերցողը ծանոթ չէ դրանց.

‘‘Հոդ. III:Նորին Շահական մեծությունը, ի ապացույց Նորին Մեծություն Ամենայն Ռուսիո Տիրակալի հանդեպ իր անկեղծ բարեկամության, սույնով հանդիսավորապես ընդունում է, ինչպես իր, այնպես էլ Պարսից գահի Բարձր Հաջորդների անունից, որ Ռուսական կայսրության սեփականությանն են պատկանում ներքոնշյալ խանություններըՙ Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենտի, Կուբիի, Բաքվի եւ Թալիշի խանությունը իր այն հողերով, որոնք ներկայումս գտնվում են Ռուսական կայսրության իշխանության տակ…’‘(գործնականում ամբողջը, չհաշված ներկայիս Ադրբեջանի տարածքը, որը թուրքերն ստեղծեցին Մոսկվայում եւ Ղարսում): ‘‘Հոդ. IV:

Նորին Մեծություն Ամենայն Ռուսիո Տիրակալը, փոխադարձ կապվածություն ցուցաբերելով Նորին Մեծություն Պարսից Շահին եւ ի ապացույց իր անկեղծ ցանկությանՙ Պարսկաստանում, Իրեն հարեւան պետությունում ամուր հիմքերի վրա տեսնելու ինքնակալությունը եւ պետական իշխանությունը, սույնով հանդիսավորապես խոստանում է Իր եւ Իր Հաջորդների անունից (!-Զ.Բ.). Պարսից շահի որդիներից նրան, ում ինքը կնշանակի Պարսկական պետության Ժառանգորդ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն, որպեսզի Ռուսիո Բարձրագույն Արքունիքի օգնությամբ ամրապնդվի Պարսից Արքունիքը…’‘:

Ընդգծեմ, որ ‘‘Բարձր հաջորդներ’‘եւ ‘‘հավերժական ժամանակներ’‘ բառակապակցությունները դաշնագրում ներկա են ոչ թե որպես դիվանագիտական սիրախաղ կամ մի ինչ-որ անթաքույց մաքիավելիզմ, այլ ապագայի, սերունդների հանդեպ պատասխանատվության արտահայտություն:   Այնպես որ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ստացվում է, որ ես Ձեզ դիմում եմ, բացի ամենայնից, նաեւ որպես հենց իրՙ Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդի, ե՛ւ Հաջորդի: Եկեք հիշենք պատմությունը. 1812 թվական (մեկ տարի անց կնքվելու է Գյուլիստանի պայմանագիրը):Վառվում էր Մոսկվան: Նապոլեոնը գտնվում էր Կրեմլում: Իսկ Նորին Մեծությունը պնդում էր, որպեսզի ‘‘Ղարաբաղյան ճակատից ոչ մի զինվոր ետ չկանչվի’‘:

Դիմում եմ Ձեզ, հիանալի գիտակցելով այն բուն ‘‘պատմական ճշմարտության’‘իմաստն ու էությունը, որի մասին Դուք խոսեցիք 2000 թվականի կեսերին, երբ շնորհիվ Ձեր ջանքերի աճեց (վերականգնվեց) ռուսական բանակի հզորությունըՙ մղձավանջային իննսունականներին հոգեվարք ապրելուց հետո:

Ալեքսանդր Առաջինի համար պատմական ճշմարտությունը առավել քան շոշափելի-կոնկրետ էր:Քանզի նա լավ գիտեր այն մեծ, յուրօրինակորեն ռազմավարական եւ նույնիսկ մարգարեական նամակագրության մասին, որ սկսվել էր Ալեքսեյ Միխայլովիչ ցարի եւ ղարաբաղյան մելիքների (իշխանների) ժամանակներից: Հիշում եմ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թե ինչպես Դուք, արդեն որպես Ռուսաստանի նախագահ Հայաստան կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի ժամանակ, Երեւանի պետական համալսարանի դահլիճում մեջբերում կատարեցիք Պետրոս Մեծից, Ձեր կողմից հավելելով. ‘‘Ասված էՙ արված է’‘:

Բառերը, որ մեջբերեցիք, Պետրոս Առաջինը գրել էր 1724 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ղարաբաղյան կոնկրետ հոգեւոր, ռազմական առաջնորդներին եւ կառավարիչներին ցուցաբերել էր ‘‘կայսերական բարեհաճություն եւ շնորհավորանք ողջ հայ ժողովրդին’‘: Քանզի այն ժամանակներում (եւ առհասարակ մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը) պատմական անհեթեթություն էր Ղարաբաղը դիտարկել Հայաստանից անջատ: Տասնյոթերորդ եւ տասնութերորդ դարերում ռուսական ցարերի հանդիպումների եւ նամակագրությունների ռազմավարությունը ուղղված էր խորապես մտածված, հստակ հաշվարկված պատմական հեռանկարին:

Գեներալ-ֆելդմարշալ Գրիգորի Պոտյոմկինը կայսրուհի Եկատերինա Երկրորդին Ղարաբաղից գրած իր ուղերձում համառորեն խնդրում էր ‘‘կիրառել բոլոր ջանքերը, որպեսզի Ղարաբաղը կարգավորվի հայ ժողովրդի համար առավել շահեկան կերպով’‘: Խոսքն, իհարկե, այն նույն հարավային ուղղության ռազմավարական կարեւորության մասին էր:

Եկատերինա Մեծը պարտավորեցրեց, որպեսզի ‘‘Հայ քրիստոնեական ժողովրդի’‘հանդեպ առանձնահատուկ բարեմիտ վերաբերմունքը էստաֆետի պես մեկ ցարի ձեռքից փոխանցվի հաջորդին: XVIII դարի ավարտին, իննամյա պատերազմն սկսվելուց ոչ շատ առաջ Պավել Առաջինը իր կայսերական բարեմտությունն ու ողորմածությունը արտահայտեց ‘‘վեհապետական եւ հռչակավոր Ղարաբաղյան մարզին’‘, որի անառիկ բարձունքներում, ռուս ականավոր պոետ եւ հումանիստ Սերգեյ Գորոդեցկու բառերով, ‘‘ավելի քան երկու հազար տարվա ընթացքում հայ ժողովուրդը դիմակայել է քոչվոր ցեղերի ոտնձգություններին, պահպանելով իր մշակույթը, պաշպանելով իր ազգային դեմքը’‘: Եկատերինա Երկրորդի օրհնությամբ հրատարակվեց այն ժամանակների համար աննախադեպ հայ-ռուսերեն ծանրակշիռ բառարանը: Դա 1787 թվականին էր:

Ահա թե ինչպիսի կենսական անհրաժեշտություն գոյություն ուներ դեռեւս շատ առաջ, քան Արեւելահայաստանը վերջնականապես կմիավորվեր Ռուսաստանի հետ: Ի դեպ, Թուրքմենչայի պայմանագրից շատ չանցած, 1837 թվականին հենց իրՙ Նիկոլայ Առաջինի ներածական խոսքով հրատարակվեց նորացված բառարանը: Իսկ դրանից էլ առաջ, Ալեքսանդր Առաջինի օրոք Մոսկվայում բացվեց հայկական համալսարան:

Մի խոսքով, Գյուլիստանի եւ դրա օրգանական շարունակությունը կազմող Թուրքմենչայի պայմանագրերն ըստ էության դարձան ոչ միայն ռուսների եւ հայերի համար պատմական օրինաչափության, պատմական ճշմարտության մարմնավորում, այլեւ պարսիկների համար, որոնք Արաքսից եւ Քռից դեպի հյուսիս ընկած տարածքներում միշտ խնդիրներ էին ունեցել հիմնականում թուրքական ցեղերի հետ: Թող ներկայիս սերնդի, առանձնապես երիտասարդության մոտ այն տպավորությունը չստեղծվի, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եղբայրական հարաբերությունները սկսվեցին այդ երկու պատմական փաստաթղթերի ընդունումից հետո:Կարծում եմ, չի խանգարի մի քանի պատմական նրբագծեր ավելացնել մեր փոխհարաբերությունների ‘‘դիմանկարին’‘:

…Բյուզանդիայի կայսր Վասիլ (Բարսեղ) Երկրորդը (ազգությամբ հայ) լավ իմանալով, որ Նովգորոդի եւ Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչի (Վլադիմիր Առաջինի) տատիկը` իշխանուհի Օլգան Ռուսաստանում առաջինն էր քրիստոնեություն ընդունել, համաձայնվեց իր քրոջըՙ բյուզանդական արքայադուստր Աննային կնության տալ Վլադիմիրին:

Այնպես որ, ռուսական փրկիչ Ուղղափառության ակունքներում կանգնած էին հայերը:Ինչպես ասում ենՙ բարեկամացած էին ընտանիքներով եւ պետություններով: Այդ ժամանակներից պետք է անցներ հազար տարի, որպեսզի մեծ մարտիրոս Տիխոնը, ինչպեսեւ բոլշեւիկյան մղձավանջներից հետո Ռուս եկեղեցու վերածնունդը տեսած Ամենայն Ռուսիո պատրիարքներ Ալեքսիյ Երկրորդը եւ Կիրիլ Առաջինը, ասես պայմանավորված, արտասանեին համարյա միեւնույն բանը Հայ առաքելական եկեղեցու մասին. ‘‘Մենք պատկանում ենք ուղղափառ ժողովուրդների նույն ընտանիքին, որոնք աստիճանաբար վերադառնում են քրիստոնեական հավատի գիրկը, բարոյականության ակունքներին’‘:

Բոլոր ժամանակներում հայերը Ռուսաստանում ներկայացված էին ոչ միայն առեւտրի, գործարարության, շինարարության, այլեւ բժշկության, գեղանկարչության, ճարտարապետության, մշակույթի ոլորտներում (կարդացեք Վ.Վ.Ստասովին): Դեռեւս Ուղղափառ Ռուսաստանի կազմավորման արշալույսին հայերը ռուսերենից թարգմանել էին ‘‘Վարք Բորիսի եւ Գլեբի’‘եւ նույն ժամանակ էլ հայերենից ռուսերենՙ ‘‘Վարք Գրիգոր Լուսավորչի’‘եւ ‘‘Վարք երանելի կույսերի’‘(խոսքը Հռիփսիմե եւ Գայանե սրբերի մասին է):

Ռուսական պատմության հայր Ն.Մ.Կարամզինը իր ‘‘Ռուսական պետության պատմություն’‘ բազմահատորյակում գրում է.‘‘Դեռեւս Մոնոմախի ժամանակներում (իսկ դա XI-XII դարերն էին) Կիեւում փառաբանված էին հայ բժիշկները…’‘, եւ նշում է հետաքրքրական մանրամասն. ‘‘Նրանցից մեկը (ինչպես գրում են), նայելով հիվանդին, միշտ գուշակում էրՙ կարո՞ղ է նա ապրել, եւ հակառակ դեպքում սովորաբար կանխատեսում էր նրա մահվան օրը’‘:

Գիտե՞ք, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թե ինչի մասին էի ես հաճախ մտածում ղարաբաղյան խառնակ տարիներին: Այն մասին, որ Նորին Կայսերական Մեծություն, Պայծառափայլ եւ Հզորագույն Մեծն Կայսր Տիրակալ եւ Ամենայն Ռուսիո Ինքնակալ Ալեքսանդր Առաջինը կշրջվեր գերեզմանում, իմանալով, որ ադրբեջանցիները թուրք ռազմածովային մասնագետների օգնությամբ խորհրդային (ռուսական) նավերից ապամոնտաժել են հեռահար հրանոթները, դրանք տեղադրել Շուշիի եւ Լաչինի, Աղդամի եւ Խոջալուի կրակակետերում եւ թիրախային զարկեր էին տեղում հայկական գյուղերի, Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանների, ‘‘Գյուլիստան-Ռուսաստան ճամբարի Ղարաբաղյան տիրույթի բնասահմանի վրա’‘(ներկայիս Շահումյանի շրջանը), որտեղ Ռուսաստանը եւ Պարսկաստանը պայմանագիր ստորագրեցին հավերժական ժամանակների համար: Կարեւոր մանրամասն. Ալեքսանդր Առաջինի կողմից ստորագրված Գյուլիստանի դաշնագրում հստակ որոշված է Կասպից ծովի ճակատագիրը ‘‘բոլոր ժամանակներում’‘:

Տերը մեկն էրՙ Ռուսաստանը: Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման լուծումը ձեռնտու էր նաեւ Իրանին:Ներկայացնեմ հատված դաշնագրի V հոդվածից. ‘‘Իսկ ռազմանավերի առումով, ինչպեսեւ նախկինում պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղության ժամանակ եւ միշտ (!-Զ.Բ.), երբ Ռուսական ռազմական դրոշը միակն էր (!-Զ.Բ.), որ գոյություն ուներ Կասպից ծովում, ապա սույն հարգանքով այժմ էլ նրան է վերապահվում նախկին իրավունքը, որպեսզի բացի Ռուսիո Տերությունից ոչ մի այլ տերություն Կասպից ծովում չունենա ռազմական դրոշ’‘:

Ինչպես տեսնում ենք, Կասպից ծովը պատերազմից առաջ էլ պատկանել է Ռուսաստանին: Հիմա Կասպից ծովում ծածանվում են հինգ դրոշներ: Պարսկաստանը, որ ինը տարի կռվել էր Ռուսաստանի հետ, ‘‘անկեղծ ցանկություն ունենալով վերջ դնել պատերազմի աղետներին’‘եւ ցանկանալով ‘‘ամուր հիմքի վրա վերականգնել հաստատուն խաղաղություն’‘, համաձայնվեց մեն-միակ դրոշինՙ Ռուսաստանի դրոշին: Իսկ հիմա, չգիտես որտեղից, մի ողջ ոհմակ հայտնվեց:

Ընդ որում, կասկած չկա, որ այսօր Իրանին ամենից շատ անհանգստացնում է հենց ադրբեջանական դրոշը: Եվ որպեսզի արդարացնի, ավելի ճիշտՙ օրինականացնի Կասպից ծովում դրոշ ունենալու իրավունքը, Ադրբեջանը սկսում է թափով հորինել եւ ապա հնացնել իր պատմությունը:Հայտնի է, որ ԽՍՀՄ կազմավորման առաջին իսկ օրերից սահմանները համարվում էին պայմանական, այսպես ասած, խորհրդային, այն էլՙ հավերժական ժամանակներով:

Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ ձեռքից ձեռք էին հանձնվում պատմական ողջ տարածքներ, որոնք հանդիսացել էին այս կամ այն ժողովրդի հայրենիքի մաս: Համարվում էր, թե իբր այդպես էր պետք ընդհանուր երկրին, այդպես էր պետք խորհրդային ժողովրդին, որն արդեն ստացել էր իր բնորոշումըՙ ‘‘Նոր պատմական հանրություն-խորհրդային ժողովուրդ’‘:Ինչպե՞ս այստեղ չմտաբերես Սոլժենիցինին. ‘‘Իսկ չէ՞ որ այն տարիներին համարում էին, թե բոլորովին էլ կարեւոր չէ որտեղ անցկացնել սահմանները, մի քիչ էլ կանցնի, եւ ուր որ է բոլոր ազգերը կմիաձուլվեն մեկի:

Խորաթափանց Իլյիչ-առաջինը սահմանների հարցը անվանում էր նույնիսկ տասներորդական: Այդպես Ղարաբաղը հատելով տվեցին Ադրբեջանին: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ: Այդ պահին պետք էր հաճոյանալ Սովետների սրտալի բարեկամ Թուրքիային’‘:Իսկ չէ՞ որ Ալեքսանդր Իսաեւիչը կարող էր որպես օրինակ բերել նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ ահռելի ու բազմաշրջան Գարդմանքը (Ելիզավետապոլի գավառի մի մասը): Եվ ոչ միայն դրանք…

Այդ ամենը, սկսած 1813 թվականից, գտնվում էր Ռուսաստանի կազմում: Եվ այդ ողջ տարածքի վրա, ներառյալ թալիշների, քրդերի, թաթերի, բուդուխների, խրիզների, խինալուգների եւ այլ ազգերի ու ազգությունների պատմական հողերը, ստեղծվեց ըստ էության միասնական թուրքական Ադրբեջան հանրապետությունը, որտեղ այդ բոլոր եւ այլ մահմեդական ժողովուրդներ, որոնք դարերով ապրել էին իրենց հայրենիքում, բռնի կերպով ուծացվեցին, մանավանդՙ Ալիեւ ավագի կառավարման տարիներին:Իսկ ի՞նչ կատարվեց այն տարածքում, որն աշխարհագրական ամենայն մանրամասնություններով ու մանրուքներով նշված է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերում:

Ինչպե՞ս այդ տարածքում հայտնվեց միութենական հանրապետություն, որն Աթաթուրքն առաջարկեց կոչել ‘‘Ադրբեջանի թուրքական հանրապետություն’‘: Այդ անվանումը չստացվեց:Փոխարենը, 1974 թվականի աշնանը, ավերելով եւ զավթելով Կիպրոսի տարածքի քառասուն տոկոսը, ի հիշատակ Աթաթուրքի երազանքի, այն անվանեցին ‘‘Կիպրոսի Թուրքական հանրապետություն’‘:

Եվս մեկ կրկնություն. գործնականում ողջ Հարավային Կովկասը պաշտոնապես գտնվում էր Ռուսաստանի կազմում: Այնպես որ, ճիշտ էր Ա. Սոբչակը. իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր: Կարելի է, իհարկե, դեմագոգաբար բարբառել, թե իբր, գիտե՞ք, 1917 թվականին իշխանությունը փոխվեց, եւ Ռուսաստանի նոր ղեկավարությունն իր հարցերը լուծում էր ուզածի պես: Այդ դեպքում ի՞նչ պատասխան տալ այն հարցին, թե որտեղի՞ց ծլեց Ադրբեջանը:

Խոսքը տարբեր ազգերից ու ազգություններից բաղկացած կոնկրետ բնակչության մասին չէ, որն այն ժամանակ ապրում էր այդ տարածքում, այլ արհեստականորեն ստեղծված ‘‘նոր’‘ժողովրդի մասին է: Չէ՞ որ ո՛չ Գյուլիստանի պայմանագրից առաջ, ո՛չ էլ դրանից հետո գոյություն չուներ ո՛չ այդպիսի ժողովուրդ, ո՛չ այդպիսի երկիր: Սա իմանալը շատ կարեւոր է:

Ես կարծում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեզ համար դժվար չի լինի գտնել Յուժակովի տասնվեց հատորանոց հանրագիտարանը (1904 թվականի) եւ տեսնել ‘‘Ազերբայջան’‘տերմինը, որի դիմաց գրված էՙ ‘‘ծայրագավառ Պարսկաստանի հյուսիսում’‘: Այնտեղ կա Պարսկաստանի քարտեզը:

‘‘Ազերբայջան’‘բառը գրված է ոչ այնտեղ, որտեղ այսօր նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն է, այլ Քուռ գետի աջ ափից ավելի ներքեւ: Դրանից հյուսիս կա Ղարաբաղ, կա Թալիշ, կա Շիրվան, իսկ Ազերբայջան չկա: Հյուսիսային մասում մի քանի ծայրագավառներ են (այդպես էլ գրված էՙ ‘‘ծայրագավառ’‘):

Դրանցից մեկն էլ Ազերբայջանն է (Ադերբեյջան): Ընդամենը 36 կարճ տող: Վերջին ինը տողերում խոսվում է բնակչության մասին. ‘‘Հյուսիսումՙ թուրքեր են եւ քրդեր’‘: Երկու տողից հետո նշվում է. ‘‘Թուրքերը եւ քրդերը վարում են քոչվորական ապրելաձեւ’‘:

Եվս երկու տողից հետո ընդգծվում է, որ ‘‘քրդերը ցածրադիր վայրերում զբաղվում են հողագործությամբ’‘: Դա նշանակում է, որ թուրքերը, որոնք որոշ ժամանակ անց կոչվեցին ադրբեջանցիներ, վարում էին միայն քոչվորական ապրելաձեւ:Հիշեցնենք, սա տպագրված է 1904 թվականին:

Հարկ է հիշել եւ այն մասին, որ այդ ամբողջ աշխարհագրությունը գտնվել ու հիմա էլ գտնվում է (այդ նույն թուրքերի ու քրդերի ժառանգների հետ միասին) Արաքսի ու Քռի աջ ափերից դեպի հարավ, այսինքնՙ Ռուսաստանի սահմաններից դեպի հարավ, Իրանի տարածքում: Իսկ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը ստեղծեցին, ինչպես արդեն ասել եմ, դեպի ավելի հյուսիս, հիմնականում հայկական պատմական տարածքում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ: Կարծում եմ, չկա ավելի անհեթեթ, եթե չասենքՙ վտանգավոր բան, քան թույլ տալ քաղաքական գործիչներին չարաշահել ‘‘կատարված փաստի’‘չարաբաստիկ սինդրոմը:

Իբր, գնացքն արդեն մեկնել է: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել ‘‘պատմական ճշմարտության’‘հետ, ‘‘ի վնաս Ռուսաստանիՙ պատմությունը նենգափոխելու ագրեսիվ փորձերի’‘դեմ պայքարի հետ: Ճիշտ է, մեր դեպքում խոսքը ոչ միայն պատմության նենգափոխման մասին է, այլեւ ուրիշի հայրենիքը նենգորեն ու բարբարոսաբար զավթելու մասին:Եկեք հիշենք 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի նախօրեն: Ընդամենը մեկ օրինակՙ հրեշավոր իր էությամբ:

Հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիան, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրած ամեն ինչ, կորցրած կայսրության կարգավիճակը, բայց շահադիտաբար առաջինը ճանաչելով խորհրդային իշխանությունը, պատվիրակություն է ուղարկում Մոսկվաՙ բոլշեւիկների հետ բանակցելու: Գործընթացը ղեկավարում էր ազգությունների ժողկոմ Ստալինը:Պակտը ստորագրեցին մարտի 16-ին: Իսկ մարտի 4-ին ‘‘Ազգությունների կյանքը’‘պարբերականում Ստալինի տեղակալ Ա.Սաչկոն իր շեֆի թելադրանքով գրեց տեքստՙ ուղղված հայ ժողովրդին:

Շատ եմ խնդրում Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ուշադիր հետեւել այդ հրեշի մտքի ընթացքին: Կուսակցության անունից եւ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի Ա.Սաչկոն, նույնն է թե Ստալինը, ‘‘կոչ է անում Հայաստանին’‘ռուս-թուրքական պայմանագրին նվիրված գալիք կոնֆերանսում ‘‘զոհաբերել ե՛ւ իր նախկին տարածքները, ե՛ւ իր ժողովրդի այն հատվածը, որը մնացել է Թուրքիայում’‘:

Ասացեք խնդրեմ, Դուք երբեւէ նման մի բան լսած կա՞քՙ ‘‘զոհաբերել սեփական ժողովրդի մի հատվածը’‘: Իսկ չէ՞ որ դա տեղի էր ունենում այն արյունոտ ժամանակներում, երբ հենց Թուրքիայում դեռեւս շարունակվում էր հայերի ցեղասպանությունը: Երկար տարիներ ոչ ոք կարգին չգիտեր, թե ինչ էր խոսվել Մոսկովյան կոնֆերանսի կուլիսներում: Միայն մի քանի տասնամյակ անց, Ստալինի մահից անմիջապես հետո, թուրք պատմաբան Բայքլօղլին, հղում կատարելով պատվիրակության ղեկավար Յուսիֆ Բեյզեմին, ‘‘Աթաթուրքը Անատոլիայում’‘գրքում գրելու էր . ‘‘1921 թվականի փետրվարի 22-ին Ստալինի հետ առաջին հանդիպման ժամանակ նա մեզ խոստացավ օգնել զենքով, փողով, կենդանի ուժով (Եվ նաեւ կատարեց իր խոստումը:

Հիշենք, մի ողջ արշավախումբՙ մեկ բեռնատար ոսկով, զենքով եւ զինամթերքով, Մ. Վ. Ֆրունզեի գլխավորությամբ, որը բարեկամական այցով ուղեւորվեց Թուրքիա: Գիտի՞ արդյոք Ռուսաստանը, որ այդ զենքը օգտագործվեց հայերի դեմ:- Զ.Բ.):Իսկ հայկական հարցը,- ասաց Ստալինը,- դուք արդեն լուծել եք’‘: Ռուսաստանում Թուրքիայի առաջին դեսպան, պատվիրակության անդամ, գեներալ Ալի Ջեբեսոյը թուրքական ‘‘Վաթան’‘թերթի 1954 թվականի ապրիլի 20-ի համարում գրում է.

‘‘Չիչերինը չէր համաձայնվում սահմանների հարցը լուծել հօգուտ Թուրքիայի, եւ միայն Ստալինի շնորհիվ հաջողվեց լուծել այն հարցերը, որոնք բանակցությունները կմտցնեին փակուղի’‘:Թերթի նույն համարում ‘‘Ստալինը եւ հայկական հարցը’‘հոդվածում Ջեբեսոյը գրում է, որ Ստալինի հետ երկրորդ զրույցի ժամանակ հարցրել են. ‘‘Արդյոք հայկական հարցը քննարկվելո՞ւ է կոնֆերանսի ժամանակ’‘: Նա պատասխանել է. ‘‘Դուք ինքներդ լուծել եք: Եթե մնացել են չլուծված հարցեր, ինքներդ էլ լուծեք’‘:

Ի՞նչ է ստացվում վերջնական արդյունքում: Ստալինը մարմնավորում էր Մոսկովյան պայմանագիրը: Մոսկվան մարմնավորում էր Ռուսաստանը:Եվ ստացվում է, թե Ռուսաստանն գործադրեց այդ ողջ մղձավանջը Հայաստանի դեմ: Ո՛չ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ ամենը հիմնականում Ռուսաստանի դեմ էր: Ծայրահեղ դեպքում, առաջին հերթին ‘‘Ռուսաստանի դեմ’‘:

Նույն ոգով եւ նույն ոճով ընթացան բանակցությունները յոթ ամիս անց, արդեն Կարսում:Հայկական Կարսում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ, այն ժամանակ կար ռուսական եկեղեցի, ռուսական գերեզմանատուն, ռուսական դպրոց, որտեղ, ի դեպ, սովորել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Մի խոսքով, այն ամենը, ինչ մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ ոչ միայն Գյուլիստանի, այլեւ, ինչպես տեսնում ենք, Թուրքմենչայի պայմանագրից հետո, գրչի մի հարվածով ակնթարթորեն հայտնվեց Թուրքիայի տիրույթում: Մինչդեռՙ երկու դաշնագրերում էլ հանդիպում է միեւնույն դրույթը.’‘Նորին Մեծություն Պարսից Շահը իր անունից եւ իր ժառանգների (!-Զ.Բ.) ու հաջորդների անունից (!-Զ.Բ.) Ռուսական կայսրությանն է զիջում որպես կատարյալ սեփականություն…’‘:

Եվ ապա հաջորդում է հայկական նախկին տարածքների ցանկը: Երկու պետություններ, դարեր շարունակ անցնելով հազարավոր փորձանքների ու դժբախտությունների միջով, մեծ կորուստների գնով հասան իրենց փրկիչ պատմական ճշմարտությանը, իսկ այսօր երկարատեւ որոնումների եւ խիզախ փոխզիջումների անգին պտուղներից սրբապղծորեն օգտվում է երրորդ կողմը, որը բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի եւ Ռուսաստանի թշնամին:

Եվ բոլոր ժամանակներում, ըստ տրամաբանության, կմնա թշնամի:Մեկ օրինակ. այսօր մեր աչքի առջեւ պանթուրքիստական Թուրքիան ավերում է մահմեդական Սիրիան: Կասկած չկա, որ դա ուղղված է այդ թվում նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Բերեմ Մ.Ս.Գորբաչովի հետ կապված մի օրինակ, որի համար ‘‘պատմական ճշմարտությունը’‘դատարկ հնչյուն էր:

1988 թվականի փետրվարի 26-ին նրա հետ Ղարաբաղի հարցով հանդիպման ժամանակ (ինձ հետ էր ականավոր հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը) ես մանրամասնորեն պատմեցի այն մասին, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ողջ տարածքը, որտեղ գտնվում էին մոտ հարյուր հիսուն հայկական բնակավայրեր, ավելի քան երեք հարյուր եկեղեցիներ ու տաճարներ, իսկ հայկական լեգենդար հինավուրց Ջուղայում հաշվվում էին փոքր ճարտարապետության համաշխարհային գլուխգործոցներ հանդիսացող մոտ տասը հազար խաչքարեր, մտցված է խիստ սահմանային գոտու ռեժիմի տակ:

Ո՛չ ես, ո՛չ անմոռանալի Սիլվա Կապուտիկյանը բոլորովին էլ չզարմացանք, որ Գորբաչովը չգիտեր այդ մղձավանջի մասին:Իհարկե, բացի ամենայնից, Ադրբեջանի դեմ բողոքներով մեր նամակները կրեմլյան չինովնիկների կողմից ուղարկվում էին Ադրբեջանի ղեկավարությանը:

Բերեմ մի փոքրիկ հատված Քաղբյուրոյի նիստում Գորբաչովի ելույթից,որը տեղի ունեցավ մեր հանդիպումից երեք օր անց. ‘‘Ողջ Նախիջեւանին վերագրվել է սահմանային գոտու կարգավիճակ: Ազատ մուտքն այնտեղ արգելված է:Բայց չէ՞ որ այնտեղ են թաղված ցեղասպանության զոհերը, այնտեղ են գտնվում նրանց բոլոր գերեզմանները:

Այնտեղ կային հայկական մշակույթի իննսուն հուշարձաններ, որոնցից մնացել է մեկը: Եվ վերջ: Ոչ մեկին չեն թողնում այն պատճառաբանությամբ, թե դա սահմանային գոտի է’‘:Սա ասում էր ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղարը, դիմելով ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի բոլոր անդամներին եւ անդամության թեկնածուներին, ԽՄԿԿ Կենտկոմի բոլոր քարտուղարներին, կուսակցության Կենտկոմի եւ կառավարության բոլոր հրավիրված պատասխանատու աշխատողներին: Եվ ոչինչ: Բացարձակապես ոչինչ չփոխվեց Նախիջեւանում:

Ավելի վատացավ: Հիշեցնեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, որ դա տեղի էր ունենում 1988 թվականի փետրվարի 29-ի երեկոյան: Այդ ժամերին Սումգայիթում դեռեւս շարունակվում էր հայերի կոտորածը:Եվ Գլխավոր քարտուղարը Քաղբյուրոյի նիստի ընթացքում խնդրեց պաշտպանության նախարար Յազովին բոլորի ներկայությամբ կրկնել այն, ինչ նախորդ օրն իրեն էր պատմել երես առ երես, ‘‘Պատմի՛ր, Դմիտրի Տիմոֆեեւիչ, թե ինչպես են այնտեղ սպանում’‘(ուշադրություն դարձրեք, որ ‘‘սպանել’‘բայը նա արտասանում է ներկա ժամանակով:

Գորբաչովը եւ Քաղբյուրոյի անդամները գիտեին, որ կոտորածը դեռ շարունակվում էր):‘‘Երկու կանանց կրծքերը կտրեցին, – պատասխանում է Յազովը,- մի կնոջ գլուխը կտրեցին, իսկ աղջկան մաշկահան արեցին: Այ այսպիսի վայրագություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում’‘: Ներեցեք ինձ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս նատուրալիզմի համար եւ մի մտածեք, թե ես հեռանում եմ ‘‘Ոչ թե Ղարաբաղի, այլ Ռուսաստանի խնդիր’‘թեմայից: Ամեն ինչ իրոք շատ պարզ է ու հասկանալի:

Հայկական հսկայական պատմական տարածքը (ողջ Ղարաբաղի Խանությունը Գյուլիստանի երկրամասի հետ, Նախիջեւանի Խանությունը, Ելիզավետպոլի գավառը եւ այլ տարածաշրջաններ) ուղիղ երկու հարյուր տարի առաջ, իննամյա պատերազմից եւ Գյուլիստանի դաշնագրից հետո Պարսկաստանի կազմից անցան Ռուսաստանի կազմ: Բնականաբար, այդ տարածքում ապրում էին նաեւ այլ ազգություններ ու ցեղեր, այդ թվում եւ թուրքեր (թյուրքեր):

Լենինը նրանց կոչում էր կովկասյան թաթարներ:Նույն ժամանակ էլ, որպեսզի տարբերեին կովկասի մահմեդականներին Ղրիմի մահմեդականներից, հայտնվեց նոր բառակապակցությունՙ ‘‘ադրբեջանական թաթարներ’‘: Պետք է հաշվի առնել եւ ժամանակը, երբ այս ամենը տեղի էր ունենում:

…Առաջին համաշխարհային պատերազմ: Հայոց ցեղասպանություն: Փետրվարյան հեղափոխություն: Հոկտեմբերյան հեղափոխություն: Այս մթին ու խառնաշփոթ խորապատկերի վրա հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիան մոտեցումներ է փնտրում բոլշեւիկների հետ, շողոքորթորեն առաջինն է ճանաչում սովետների իշխանությունը:Տարիներ անց Աթաթուրքը գրելու էր.

‘‘Մենք արագացրինք հաստատված կապերը բոլշեւիկների հետ, հուսալով, որ հաջողության դեպքում մենք կոչնչացնենք հայկական պետությունը, որը թարախապալար է մեր երկրի մարմնին’‘: Լենինը համոզված էր, որ Աթաթուրքը ամենաճշմարիտ հեղափոխական է, որը պայքարում է համաշխարհային իմպերիալիզմի դեմ: Հոկտեմբերյան հեղափոխությունից դեռ կես տարի առաջ Լենինը պահանջեց Ժամանակավոր կառավարությունից ռուսական ‘‘օկուպացիոն’‘զորքերը դուրս բերել Թուրքահայաստանից:Սակայն կառավարության գլուխ կանգնած Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկին ստիպված էր հրապարակավ պատասխանել բոլշեւիկներին.

‘‘Մենք չենք կարող հեռանալ Հայաստանից, քանի որ այդ դեպքում Հայաստանից ոչինչ չի մնա: Նա կզոհվի թուրքի յաթաղանից’‘: Եվ հին տոմարով 1917 թվականի հոկտեմբերի 11-ին, Ձմեռայինը գրավելուց 14 օր առաջ Լենինը գրում է. ‘‘Եթե սովետները իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, մենք պարտավոր ենք (?-Զ.Բ.) զորքերը դուրս բերել Հայաստանից’‘:Դա կոչվում էր ‘‘հեղափոխության արտահանում’‘, տվյալ դեպքումՙ դեպի Արեւելք, Թուրքիա:

Հեղափոխության առաջնորդը հարգեց իր խոսքը: Իշխանության գալով նոր, 1918 թվականի նախօրեին, Ստալինի հետ միասին, համենայն դեպս, ստորագրեցին չարագույժ փաստաթուղթը: Եվ սկսվեց ամենաահավորը: Զորքերը դուրս բերվեցին: Իրոք ծագեց ‘‘Ռուսաստանի խնդիրը’‘:Ոչ առանց Ստալինի օգնության հաշիվները մաքրեցին Գյուլիստանի պայմանագրի արդյունքների հետ:

Նույնը արվեց արդեն նաեւ Թուրքմենչայի պայմանագրի արդյունքների հետ: Կարսի մարզը, Արդահանը, Սարիղամիշը իսկույն անցան Թուրքիային: Այդ ժամանակ Անդրկովկասի մահմեդականների մեծամասնությունը, մանավանդ թուրքերը փաստորեն գտնվում էին թուրքական ‘‘Մուսավաթ’‘ կուսակցության ազդեցության տակ:Եվ այն ժամանակ ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչու հանկարծ առանձնակի դաժան նենգությամբ, անհավատալի արագությամբ վերսկսվեց հայերի հիմնավոր եւ լայնորեն կազմակերպված կոտորածըՙ հիմա արդեն Բաքվում, Գանձակում (Ելիզավետպոլ, Կիրովաբադ), Շուշիում, որպեսզի վերջնականապես կտրեին Իրանը եւ նախկին իրանական հողերը Ռուսաստանից: Այդպիսին էր ոչ միայն Թուրքիայի, այլեւ Արեւմուտքի գերխնդիրը:

Չէ՞ որ Թուրքիան այդ ամենը կազմակերպում էր բացեիբաց, անգլիացիների եւ գերմանացիների օգնությամբ:Հազար անգամ կրկնելու եմ, որ այն ժամանակ այդ ամենը տեղի ունեցավ այսպես ասածՙ Ռուսաստանի իրավաբանական տարածքում: Հենց միայն այդ հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ գլխավոր հարվածը, ինչպես միշտ էր տեղի ունենում, առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի դեմ, որին, կրկնում եմ, պետք էր վերջապես ու վերջնականորեն կտրել, պոկել Հարավային Կովկասից:

Կհնչի այն ժամը, երբ Անգլիան եւ ընդհանրապես Արեւմուտքը կհասկանան, թե ինչ ճակատագրական սխալմունքի մեջ են եղել: Գերմանիան արդեն հիմա դա շոշափելիորեն զգում է:Գերմանացի քաղաքական գործիչներից ինչ-որ մեկը երկրում թուրքերի քանակի կատաղի աճի հետ կապված դիպուկ նշել է. ‘‘Օդից Բյուզանդիայի հոտ է գալիս’‘:

Այստեղ գործում է շահերի չարաբաստիկ սկզբունքըՙ ըստ Պալմերսթոնի. ‘‘Անգլիան չունի մշտական բարեկամներ: Անգլիան չունի մշտական թշնամիներ: Անգլիան ունի մշտական շահեր’‘: Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչպես հակադարձեցին թուրքերը Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոնի այդ բանաձեւին: ‘‘Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը:Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ եւ կլուծի իր հարցերը’‘:

…Ավաղ, ինքը՝ Ռուսաստանը, փոթորկված հեղափոխական կրքերով, այդպես էլ չհասկացավ, թե ինչի հանգեցրին այդ անգլիական ‘‘շահերը’‘, որոնք վերաճեցին թուրքականի: Կարսի պայմանագրից արդեն մեկ տարի անց Աթաթուրքը ջախջախեց Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը:Ստեղծվեց արհեստական պետական կազմավորում, որը, ինչպես գրում է պատմաբան Ե.Ա.Պախոմովը, ‘‘կոչեցին նախնական Ադրբեջան անունով’‘:

Թուրքիան շարունակում էր հայերի ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանի տարածքում նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին եւ, համաձայն Հիտլերի հետ պայմանավորվածության, պատրաստվում էր հարձակվել Խորհրդային Միության վրա: Իսկ հարձակման համար ազդանշան պետք է ծառայեր Ստալինգրադի անկումը (կարդացեք Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլեւսկու հուշերը):

Եվ մենք (նկատի ունեմ մեր ողջ նախկին երկիրըՙ ԽՍՀՄ-ը) ստիպված էինք վերատեղակայել ամբողջ բանակներ, որոնք այնքան անհրաժեշտ էին Արեւմտյան ճակատին, Ախուրյան գետի ձախ ափում: Բառացիորեն Հիտլերի ինքնասպանության օրը, իսկ դա, ինչպես հայտնի է, հաղթանակի օրվանից մեկ շաբաթ առաջ էր, Թուրքիան փարիսեցիաբար պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում:Չերչիլի ֆուլտոնյան ճառից հետո, երբ սկսվեց սառը պատերազմը, եւ նախկին դաշնակիցները ստեղծեցին ՆԱՏՕ-ն, ռազմական մասնագետները գտնում էին, որ ոչինչ դուրս չի գա առանց Թուրքիայի, որը ԽՍՀՄ-ի միակ ‘‘ոչսոցիալիստական’‘հարեւանն էր:

Եվ այնժամ ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը, որ արդեն հասցրել էր ատոմային ռումբեր նետել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա, աշխարհով մեկ հայտարարեց. ‘‘Թուրքիան ԱՄՆ-ի ամենաարեւելյան սահմանագիծն է: Թուրքիան ԱՄՆ-ի հիսունմեկերորդ նահանգն է’‘:Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում սկսվեցին ‘‘Կոմունիզմի մեծ կառույցները’‘, եւ Թուրքիան պարտավորեցրեց ‘‘դուստր-հանրապետությանը’‘, ինչպես կոչում էր Ադրբեջանին, շինարարական իրարանցման քողի տակ, հետպատերազմյան սովի խորապատկերին, Ղարաբաղի, Նախիջեւանի, Գարդմանքի (Ելիզավետպոլի գավառ) հայ շինարարներին քաղցրաձայն կոչել աշխատանքի Սումգայիթի քիմիական կենտրոնի, Մինգեչաուրի ՀԷԿ-ի եւ այլ շինարարություններ:

Հիմա արդեն լավ հայտնի է, թե ինչպիսի ճակատագիր էր սպասվում այդ հայազգի ‘‘կոմունիզմի շինարարներին’‘, եւ ինչով դա ավարտվեց 1988 թվականի փետրվարի 26-29-ին Սումգայիթում, 1988 թվականի մայիսի կեսերին Շուշիում, 1988 թվականի սեպտեմբերի 17-ին Խոջալուում, 1988 թվականի հոկտեմբերին Կիրովաբադում, 1990 թվականի հունվարի 13-20-ին Բաքվում:‘‘Կոմունիզմի կառույցներում’‘չմնաց ոչ մի հատիկ հայ: Ջարդեր, ցեղասպանություն, կոտորած, որոնք Գորբաչովը անվանեց պարզապես ‘‘խուլիգանություն’‘:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի եղեք ուշադրություն դարձնել, թե պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ում եւ Ղարաբաղում քանի գեներալներ, մարշալներ, Խորհրդային Միության հերոսներ, այդ թվում նաեւ կրկնակի հերոսներ, Փառքի շքանշանի լիակատար ասպետներ կային, եւ որքան էին դրանք Ադրբեջանում: Պատերազմից հետո այդ մասին լռեցին:

Փոխարենըՙ Թուրքիայում ուրախանում էին, որ Ադրբեջանը, ինչպես Աթաթուրքն էր երազում, արդեն կայացել է որպես պետություն, եւ որ հեռու չէ այն ժամը, երբ բաց կլինեն ճանապարհները դեպի հյուսիս, որտեղ տեղադրված են հյուսիսկովկասյան մահմեդական հանրապետությունները: Դեպի Արեւելք, որտեղ Կասպից ծովից այն կողմ գտնվում են միջինասիական մահմեդական հանրապետությունները:

Եվ նույնիսկ հայացք էին գցում Ալթայի վրա, Յակուտիայի վրա: Ընդ որում, ինչպես միշտ է եղել, բոլորովին չէին մտահոգվում, որ վիրավորում էին այդ մահմեդական ժողովուրդներից յուրաքանչյուրի արժանապատվությունը:Այդ կապակցությամբ մի մեջբերում կատարեմ, որն այսօր շատ բանի մասին է խոսում: 1918 թվականի հունիսին, ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելուց հետո, Թուրքիայի եւ Անդրկովկասյան սեյմի միջեւ Բաթումում կայացած բանակցությունների ժամանակ ոչ այլ ոք, այլ թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան ասաց, դիմելով հայկական պատվիրակությանը. ‘‘Դուք տեսնում եք, որ ճակատագիրը մեզ մղում է Արեւմուտքից Արեւելք:Մենք հեռացանք Բալկաններից, հեռանում ենք նաեւ Աֆրիկայից:

Բայց պետք է ձգտենք դեպի Արեւելք. այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը, մեր լեզուն: Եվ այդ ձգտումը իր տարերային ուժն ունի: Մեզ ճամփաներ են պետք դեպի այդ կողմ: Իսկ դուքՙ հայերդ կանգնած եք մեր ճանապարհին’‘: Ուշադրություն դարձրեք, այդ դահիճը խոսում էր հարաբերական ‘‘նրբանկատ’‘տոնով: Բանն այն է, որ Բաթումի նիստի բառացիորեն նախօրեին թուրքական բանակը փորձել էր ներխուժել Երեւան մեկ նպատակովՙ վերջնականապես ո

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ