23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր» խմբի գործով նիստը դեռ չմեկնարկած ընդմիջում հայտարարվեց

Այսօր նշանակված «Սասնա ծռեր» խմբի 14 անդամներով գործով արտագնա դատական նիստը դեռ չմեկնարկած ընդմիջում հայտարարվեց:

Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ Շուրջ 1 ժամ ուշացումով նիստերի դահլիճ են  բերվեցին ամբաստանյալները: Քիչ անց դատավոր Արտուշ Գաբրիելյանը դահլիճից հեռացել է դահլիճից : Ավելի ուշ նիստին մասնակցած փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ մեկ ժամով ընդմիջում է հայտարարվել:

Նշենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ դահլիճը փոքր է:

Մեր թղթակցի հաղորդմամբ դատարանի բակում բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ակցիա իրականացնել և բոլորը միահամուռ կերպով սպասում են դատական նիստի շարունակվելուն:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Այնուհետեւ, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ակոսափող որսորդական հրացաններ եւ ատրճանակ:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, ծառայողական գործունեության իրականացման հետ կապված, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները եւ պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետեւանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաեւ վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ: Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները:

Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց եւ հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված եւ քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը եւ այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել եւ գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Պավել Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Լամբարյանը եւ Սեդրակ Նազարյանը:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ