16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Չենք կարող ասել, թե այս Կառավարությունը ձեռքերը ծալած նստած է. կառավարման փորձագետ

Henaran.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

-Կառավարությունը 2017-2022 թվականների ծրագիրն իշխանության կողմից որակվում է որպես իրատեսական, իսկ ընդդիմության կողմից` որպես թվերի կույտ: Ծրագրում խոստացվում է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, այնինչ այս տարվա համար նաախապես հայտարարվել էր 3.2 տոկոս: Դուք իրատեսական համարո՞ւմ եք նման նիշը:

-Մակրոտնտեսական թվերն իմաստ չեն ունենում, եթե չբացվի կառուցվածքը, այդ 5 տոկոսը աճը, որ նախատեսված է, ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ որ  ուղղություններով է լինելու խթանիչ: Այ դա կարևոր է, եթե պարզվի, որ օրինակ հանքարադյունաբերությունը 10 անգամ աճելու է, դա երկրի համար դրական էֆեկտ չի տա, երկրի զարգացման համար դրական չի լինի:

Գործազրկության նվազեցում է նաև նախատեսվում:

-Նորից պիտի նշեմ, որ դա որպես ցանկացած թիվ` լինի 25 տոկոս, 10 տոկոս, դեկլորատիվ իմաստով շատ լավն է, բայց հարց է առաջանում` ո՞ր ռազմավարական ծրագրի, տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացման հաշվին է այդ կրճատումը լինելու: Եթե պարզվի, որ ամբողջ գործազրկության կրճատումը լինելու է  հանքարդյունաբերության ոլորտի աճի հաշվին, այսօրվա դրությամբ դա վատ չի, մարդիկ փող են ստանալու, բայց երկրի զարգացման իմաստով դա արժեք չունի: 

Ընդհանրապես ես շատ վերապահումով եմ մոտենում ցանկացած հաղթական կոչերի կամ խոստումների, որովհետև մենք քառորդ դարից ավել փորձ ունենք, և այդ կոչերը պիտի կիրառման մեխանիզմներով լինեն, և ամբողջ պետությունում պիտի պատասխատվության ինստիտուտ մտնի. ցանկացած պաշտոնյա, ինչու չէ ցանկացած ընդդիմադիր, որ մեծ-մեծ բաներ են խոսում, չլինելու դեպքում սեփական գլխով պիտի պատասխան տան, այն ժամանակ մեզ մոտ հաղթական կոչերը կտրուկ կնվազեն:

Նվազագույն ախատավարձի բարձրացումն էլ է տեղավորվո՞ւմ այդ նույն տեսլականի մեջ, թե ինչ միջոցով են բյուջեն լցնելու, որպեսզի աշխատավարձ բարձրացնեն:

-Նվազագույն աշխատավարձն անմիջականորեն կապվում է գնաճի հետ, որպեսզի ոչ միայն կոմպեսացվի գնաճի կորուստները, որ ունենում է մարդը և մի քիչ ավել իր մոտ արագացված աճի աշխատավարձը, որ ոչ միայն ծածկի գնաճը, այլև բարեկեցություն բերի: Ես մի քանի տարի առաջ մի աշխատություն հրապարակեցի ու զեկուցեցի, որ այն գնաճերը, որ մեր մոտ  հրամցնում են, տեսական, վերացական թվեր են: Օրինակ` երբ մեզ մոտ գնաճը կազմում է 5 տոկոս, և պաշտոնապես դա հայտարարվում է, լինում է այսպես. ես բաժանել եմ գնաճի 3 մասերի` գնաճ անապահով մարդկանց համար, այսինքն` առաջին անհրաժեշտության ապրանքների և կոմունալ վճարների, միջին եկամուտ ունեցողների և հարուստների համար: Արդյունքում ստացվել է, որ անապահով խավի համար գնաճն առնվազն 1.5 անգամ ավելի բարձր է հայտարարված գնաճից, որովհետև գնաճը միշտ լինում է առաջին անհրաժեշտության  ապրանքների վրա: Օրինակ` բյուրեղապատ ջահի գինը կարող  է իջնել կամ անշարժ գույքինը, բայց շաքարավազը, գազը կամ հացը կարող են աճել 20-25 տոկոսով: Ստացվում է, որ անապահով խավի մոտ առաջին անհրաժշետության  ապրանաքներն ու կոմունալները սարսափելի կշիռ են կազմում նրանց բարեկեցության վրա:

Հոգնեցի ասելով, որ գնաճը մեկ թվով ներկայացնելը մեղմ ասած գրագետ չի, պետք է առնվազն 3 գնաճ ապահովվի, և կտեսնեք, թե բարեկեցությունը որքան բարձրանում է, գնաճը հաշվարկվում է ավելի լայն ապրանքերի ու ծառայությունների ցուցակով, գնաճն այդքան իջնում է: Հետևաբար, որ ասում են, թե այսքան տոկոսով բարձրացում է լինելու, այս տարվա համար չեմ հաշվել, բայց շատ հավանական է, որ այս տարվա կտրվածքով առաջին խմբի` ապահով խավի համար իրական գնաճը լինի 15 տոկոս, հետևաբար աշխատավարձի բարձրացումն անապահով խավի համար բարեկեցության իմաստով չի ծածկի գնաճից բխող կողմերը:

Դուք էլ ասացիք, որ հայտարարությունները զուտ ձևական բնույթ չպիտի կրեն…

-Հայտարարություններ թող լինեն, բայց բոլորը` և´ իշխանությունը, և´ ընդդիմությունը, և´ քաղաքական գործիչները պիտի իմանան, որ ցանկացած հայտարարություն, եթե ի կատար չածվի, այդ մարդը գլխով պատասխան է տալու ժողովրդի դեմ, այն ժամանակ միայն հայտարարությունները կվերանան, և կգան իրական արդյունքներ:

-Այս Կառավարությունը, որ գործում է սեպտեմբերից, երբ եկավ, իր հետ հույսեր բերեց նաև:  Ներկայացվեցին երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր: Կարճաժամկետ ծրագրերը կատարվե՞լ են:

-Որոշ միջանկյալ արդյունքներ տեսնում եմ, համենայնդեպս փորձ է կատարվում կրճատել կառավարման ապարատը, փորձ է արվում զարկ տալ ինչ-որ ոլորտների և մի շարք նման բաներ, բայց դրանք մի կողմից դեռ ընթացքում են, մյուս կողմից չեն կրում համակարգված բնույթ: Ես չեմ սիրում ոչ օբյեկտիվ գնահատականներ տալ, և բնական է, որ դուք էլ, ես էլ չենք կարող ասել, թե այս Կառավարությունը ձեռքները ծալած նստած է, այդպես չէ, բայց փոփոխությունների բնույթը` թե´ համակարգվածության իմաստով, թե´ խորության իմաստով, թե´ կադրերի իմաստով գոհացուցիչ չէ:

Բայց ամեն դեպքում միտում կա՞:

-Որոշակի փորձեր տարբեր ուղղություններով տեսնում եմ, որոշ միջանկյալ փոփոխություններ տեսնում եմ, բայց միշտ իմացեք պետությունը, ինչպես և մարդու օրգանիզմը համակարգ է, եթե մարդը հիվանդ է ամբողջությամբ, ձախ ոտքը մի քիչ բուժելը չի ազդի իր ամբողջ առողջության վրա, ամբողջ առողջությունը համապարփակ և ամբողջությամբ պիտի աստիճանաբար լավանա: Նույնը և պետությունը, այս կամ այն ոլորտում ինչ-որ տեղաշարժերը չեն ազդում համակարգի բարելավման վրա, սա կառավարման տեսությունն  է: Բայց քանի մենք` հայերս, կառավարումից այնքան հեռու ենք, ինչքան խոզը` տուռնիկից, մենք կարող ենք շեշտը դնել մասնավոր դեպքերի վրա, չնայած դրանք կան, բայց չտեսնել, որ ամբողջ համակարգն ամբողջական իմաստով չի բարելավվում, սխալ կլինի:

 

Հարցազրույցը` Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ