20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է

 

Այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է: Հանճարեղ բանաստեղծը մահացել է է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Սևակի սուրբ աճյունը հանգչում է հայտենի գյուղում՝  Արարատի մարզի Զանգակատուն գյուղում (Չանախչի):

Պ. Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ժ

Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը հայտնի է խորհրդահայ նշանավոր մի քանի գրողների գրական կեղծանունների «կնքահայր» լինելով: Նա ներկայացրել է Պ. Սևակի՝ բանաստեղծական անվան մկրտման պատմությունը.

«-Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում: Այդպես էլ 42 թվականին 7-րդ համարում տպագրեցի նրանից մեկ բանաստեղծություն («Անխորագիր»), իսկ հաջորդ համարում՝ երեք բանաստեղծություն` «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին»: Եվ այսպես նա դարձավ Պարույր Սևակ: (Այդուհետ Պարույր Սևակը այլևս չտպագրվեց մինչև 1948թ., իսկ Ռուբեն Զարյանը Պարույր Սևակի բանաստեղծությունների տպագրության համար հեռացվեց աշխատանքից:)

-Իսկ ինչո՞ւ Սևակ: Չէ՞ որ Ռուբեն Սևակը նույնպես հայտնի անուն է:
-Իսահակյանից մի պատմություն էի լսել, երբ Սիամանթոյին, Վարուժանին, Սևակին, մեր մյուս մտավորականներին տանում էին դեպի իրենց կյանքի վախճանը, շեյխի աղջիկը հիվանդանում է: Սևակը, որ մասնագիտությամբ բժիշկ էր, բուժում է շեյխի աղջկան: Շեյխը կյանք է շնորհում Սևակին: Բայց վերջինս մերժում է: «Իմ կյանքը այնտեղ է,- ասում է բանաստեղծը,- ընկերներիս հետ»: Եվ ես ցանկացա, որ սպանված բանաստեղծը իր ազգանունով ապրի այս նոր բանաստեղծի մեջ: Եվ բանաստեղծ Պարույր Ղազարյանը ասպետությամբ կրեց իր ՍԵՎԱԿ ազգանունը:

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1958թ. Սևակն ավարտում է «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը տպագրվում է Երևանում 1959-ին` միանգամից ժողովրդականություն բերելով նրան: 1963թ. տպագրվում է Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն:

Պ.Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969 թվականին, բայց… հրապարակ հանվում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:

1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:

Մեծն գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածները։ Ըստ վարկածներից մեկի, Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել, պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի, գրողի սպանությունը եղել է կազմակերպված և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

«…Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ… Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սևակը…Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...»:
Սերո Խանզադյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ