18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտակարգ իրավիճակներ են սպասվում. «Կոնգրեսը» թաքնված չի մնալու

Henaran.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

-Հայ ազգային կոնգրեսն այս պահին ո´չ խորհրդարանում, ո´չ որևէ համայնքում խմբակցություն չունի: Ի՞նչով է զբաղված կուսակցությունն ընտրություններից հետո: Նույնիսկ տեսակետ եղավ, որ ՀԱԿ-ն իր քաղաքական վախճանն է կնքել:

-Հիմա շատերը մեզ դիտում են որպես պարտված, ասում են` դուք պարտված եք և համարյա այլևս անելիքներ չունեք, մանավանդ որ մենք ավագ սերնդի մարդիկ ենք: Բայց չեն հասկանում մի բան, որ որևէ կազմակերպություն, կուսակցություն, որևէ մարդ չի կարող պարտված լինել, եթե ինքն իրեն պարտված չի ճանաչում: Մենք ոչ միայն մեզ պարտված չենք ճանաչում, այլև բազմիցս հայտարարել ենք, նույնիսկ ՍԴ դիմեցինք, որ այս ընտրություններն անցել են ծայրահեղ խայտառակ կեղծիքներով, էլ չեմ ասում համատարած կաշառքը, բռնաճնշումները: Մենք դրա համար մեզ պարտված չենք ճանաչում, մենք գիտենք, որ այս այլանդակությունը վերջ ունի, բայց  ձեռքներս ծալած նստելով` այդ վերջը չի գալու: Մենք անցել ենք դժվարին ճանապարհով` ղարաբաղյան մարտերով, բանտերով, բայց երկաթի նման կոփել ենք մեր կամքն ու հոգին, մտածում ենք նոր ձևեր` բռնատիրական ռեժիմից ազատվելու համար:

Օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ խոշորացման գաղափարով: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերում` հաշվի առնելով, որ 2013-ին «Կոնգրեսը» չաջակցեց «Ժառանգության» թեկնածուին:

-Եթե մենք կարողանանք համոզված լինել, որ այդ ուժերը, որոնց հետ միավորվում ենք, կեղծ ընդդիմադիր չեն, «Բաղրամյան 26»-ից չեն ուղղորդվում, իհարկե, միավորվելը շատ ճիշտ բան է: «Միասնությունն է հավերժությունը Հայաստանի», Շիրազն է ասել, բայց մեր ժողովրդին այնքան են խաբել, մոլորեցրել, այս ժողովուրդը էլ ոչ մեկին չի հավատում, ճիշտ բան էլ ասես, չեն հավատում: Ժողովուրդը վերածվել է, Վրթանես Փափազյանի ասածով, նախիրի, կոպիտ եմ ասում, բայց մինչև այդ նախիրն իր մուրացկանի ձեռքը բռունցք չդարձնի, իրավիճակ չի փոխվի, որովհետև ինչպիսի կուսակցություն էլ ուզում է լինի, առանց ժողովրդի գիտակից աջակցության ոչնչի չի կարող հասնել: Ժողովուրդը պիտի հավատա այդ ուժին, որ գա նրա հետևից, եթե չհավատա, չի գա:

Տեսակետ կա, որ ինչքան իշխանությանը չեն ընդունում, այնքան էլ ընդդիմությանը չեն վստահում, որովհետև մի քանի անգամ տարել են  հեղափոխությունների, ու դրանք իրականություն չեն դարձել:

Հիմքեր ունի այդ տեսակետը, որովհետև բազմաթիվ ընդդիմադիրներ կան, որ կեղծ են, ինչից ասես խոսում էին, բայց դրանք իշխանության մարդիկ էին: Օրինակ` «Դաշնակցությունն» ասում էր ընդդիմադիր եմ, Արթուր Բաղդասարյանը չէ՞ր հայտարարում: Ի՞նչ ընդդիմադիր, եթե նա իշխանության կերակրատաշտից օգտվում է: Եթե Արթուր Բաղդասարյանն ու դաշնակները իշխանության կողմից չլինեին, կունենայի՞ն այդ բարիքները, որ կուտակել են: Հիմա ընդդիմադիրը մենակ հայտարարելով չի, ընդդիմադիրը պիտի գործով երևա, պարզ երևա: Շատ հայհոյելն էլ հույս չի տալիս, շատերը կան, որ գիշեր-ցերեկ զբաղված են հայհոյանքով, ժողովուրդն ասում է` էս մարդը խոսելու բան չունի, հայհոյում է անընդհատ: Մենք այդ ամեն ինչը լավ պատկերացնում ենք, մտածում ենք, որ ժողովրդի հետ պիտի այնպիսի աշխատանք տարվի, որ ժողովուրդը հասկանա, որ այս ռեժիմը տանում է կործանման: Մենք գիտենք, որ Հայաստանում արտակարգ իրավիճակներ են սպասվում, անխուսափելի է դա:

Կոնկրետ ի՞նչ վիճակներ:

-Միջազգային տերմինով ասված`ֆորսմաժորներ:

Ղարաբաղի հետ կապվա՞ծ:

-Այո, հենց ղարաբաղի հետ կապված, քանզի Սերժ Սարգսյանը նաև բացահայտ հայտարարեց  փոխզիջումների մասին իր մի քանի հարցազրույցների ժամանակ, նաև Ազգային ժողովում ունեցած վերջին ելույթում:

 –ՀԱԿ-ը նո՞ւյնը չէր առաջարկում:

-Մենք խոսում էինք արժանապատիվ զիջումների մասին:

ՀԱԿ-ն ասում էր` բերեք, այդ հարցը մտցնենք օրակարգ, դնենք քննարկման սեղանին, մինչև լուծումը գտնենք: Հնարավոր է, որ ինչ-որ բան զիջես, բայց ոչ բոլորը, իսկ Սերժ Սարգսյանն ուզում է բոլորը զիջել: Լուծումը շատ ցավագին է լինելու, և ամենաշատը դրան ղարաբաղցիներն են ըմբոստանալու: Ռուսներին դա պետք է, որպեսզի ԱՊՀ-ը մնա ամուր:

Այս պարագայում ՀԱԿ-ը պատրա՞ստ է կանգնել ժողովրդի գլխին, առաջնորդել:

-Եթե ժողովուրդը կանգնի մեր կողքին, մենք պատրաստ ենք, իհարկե: Ժողովուրդը պիտի դուրս գա  փողոց, եթե ուզի, որ մենք առաջնորդենք, կառաջնորդենք, եթե ոչ, ում էլ առաջնորդ կուզի, մենք նրա հետևից կգնանք: Բայց բոլոր դեպքերում մենք թաքնված չենք մնա: Մենք հակված ենք, որ եթե չազատագրվենք այս ռեժիմից, ապա Հայաստանը խորտակված երկիր է:

 

Հարցազրույցը վարեց Սերինե Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ