20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բութ գործիքով հարվածեցին որդուս քունքին, հետո քացու տակ գցեցին… ». Հայկական Ժամանակ

2016 թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը, որը ականատես է եղել դեպքին, այսօր դատարանում ցուցմունք տվեց:

Նա մանրամասն փորձեց վերհիշել այդ օրը տեղի ունեցածը: Ցուցմունքի ընթացքում նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր:

Դատավորի հարցին ի պատասխան՝ Էմմա Աբրահամյանն ասաց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին՝ նրանց տեսել է դեպքի վայրում: Նա պատմեց, որ հունիսի 4-ին՝ դեպքի օրը, եղբոր թոռան հարսանիքն է եղել, մեծ ոգեւորությամբ որդու հետ մասնակցել է այդ արարողությանը: Ասաց, որ որդին՝ Եղիշե Խաչատրյանը ալկոհոլ չի օգտագործել, քանի որ վաղ առավոտյան աշխատանքի էր, պետք է գնար գյուղ՝ խոտհունձի: «Հարսանիքից եկանք տուն, Փառանձեմն ասաց՝ Եղիշե, հիմա մի գնա, առավոտ կգնաս, բայց չէ: Որդուս հետ ճանապարհ ընկանք գյուղ: Նուբարաշենն արդեն անցել էինք, երբ Եղիշեն հիշեց, որ բանալիները մոռացել է, ասեց՝ մամա բանալիները մոռացել եմ, հետ եկավ: Նուբարաշենի մոտ էինք հասել, էդ ժամանակ չգիտեմ ինչ կատարվեց. մեր դեմ դուրս եկավ հանդիպակաց ուժեղ քշող մի մեքենա: Ասեցի՝ Եղիշե, էդ մեքենան գալիս ա դեպի մեզ: Ա՛խ, Եղիշե ջան: Ասեց՝ մամա, հանգստացի: Ինքը իրեն հավաքեց, արգելակեց մեքենան, չբախվեց հանդիպակաց եկող մեքենային:

Փրկվեցինք, էդ երիտասարդները փրկվեցին իմ որդու զգոնության շնորհիվ, բայց իրեն չփրկեցին՝ չհասկանալով, որ իրենց փրկել է իմ որդին»,- հուզված պատմեց 77-ամյա Էմմա Աբրահամյանը:  Նա պատմեց, որ Եղիշեն կանգնեցրել է մեքենան եւ հանդիպակաց եկող մեքենայի մեջ գտնվող անձանց հանդիմանել (մեքենայի մեջ եղել են Արարատ Նիկողոսյանը Արտաշես Չիչոյանը եւ Յուրի Հակոբյանը,-հեղ.):

«Ասաց՝ ոչխար անասուներ, ի՞նչ եք անում, մտնում էիք մեքենայի տակը: Սարսափելի էր: Դրանք էդ ոչխար անասունը չհանդուրժեցին, մեքենայից իջան եւ մայր հայհոյեցին իմ որդուն: Եղիշեն էլ իջավ մեքենայից, բայց ձեռքը բռնել, խնդրում էի, որ չիջնի, ասաց՝ մա՛մ, հիմա կգամ: Վիճաբանություն սկսվեց, երբ մեքնայից իջա, կռիվը թեժացել էր: Երեք տղա էին (Արարատ Նիկողոսյանը Արտաշես Չիչոյանը եւ Յուրի Հակոբյանը) ու մի աղջիկ, երեքն էլ հաղթանդամ էին ու քաշքշում էին Եղիշեին, խփում էին որդուս, գոռում էի՝ միլիցա կանչեք, օգնեք, բայց ապարդյուն: Արտաշեսը հարբած էր, Արիկը (Խոսքը Արարատ Նիկողոսյանի մասին է,-հեղ.) ավելի հաղթանդամ էր, քան մյուսը, բռունցքներով հարվածում էին իմ որդուն:

Կռիվն ավելի մեծացավ, իմ տղային էնքան էին հարվածել, որ կամաց-կամաց հենվեց մեքենային: Նրանք շարունակում էին խփել՝ աջից ու ձախից, իսկ իմ որդին բռունցքով չէր խփում, հայրական ապտակ էր տալիս նրանց»,- վերհիշեց Էմմա Աբրահամյանը: Նա ասաց, որ իրավիճակն ավելի վատացավ, երբ երեքին միացան եւս երեք հոգի՝ մեկ այլ մեքենայով: «6 հոգով ծեծել են Եղիշե Խաչատրյանին, եւ նրանցից մեկը չկար, որ ասեր՝ լավ էս ինչ ենք անում»,- ասաց տիկին Էմման: Վերջինիս պնդմամբ՝ որդուն ծեծի ենթարկողները գտնվել են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ:

Աբրահամյանը պատմեց, որ այդ ընթացքում ինքը եւ այդ աղջիկը, որի անունը Մարիամ Գրիգորյան է, փորձել են հանդարտեցնել վիճաբանողներին,  քաշել դեպի իրենց Եղիշե Խաչատրյանին, սակայն՝ ապարդյուն: Ըստ տուժողի՝ որդուն անգամ ընկած վիճակում են հարվածել, հարվածներ է ստացել նաեւ ինքը, ինչի հետեւանքով վայր է ընկել: «Բութ գործիքով հարվածեցին որդուս քունքին, հետո քացու տակ գցեցին… Ոհմակ էր, ոհմակ… կենդանու պես էին ծեծում երեխուս, որսի պես էին հարձակվում վրան»,- հուզված պատմեց տարեց կինը:

Էմմա Աբրահամյանը պարբերաբար կրկնում էր, որ բոլորին դեմքով մեկ առ մեկ ճանաչում է: Վերջինս, սակայն, Յուրի Հակոբյանին եւ Խաչիկ Կոսյանին շփոթում էր: Մասնավորապես, երբ խոսում էր ամբաստանյալ  Յուրի Հակոբյանի մասին՝ ցույց էր տալիս Խաչիկ Կոսյանի ուղղությամբ, թեեւ  Յուրի Հակոբյանը ճիշտ հակառակ կողմում էր նստած՝ ոստիկանների եւ կարգադիրիչների արանքում, նա տեսանելի չէր:

Ի վերջո Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ամբաստանյալներից ո՞վ է Յուրի Հակոբյանը եւ խնդրեց ցույց տալ նրան: Էմմա Աբրահամյանը վեր կացավ եւ ձեռքն ուղղեց դեպի Խաչիկ Կոսյանը, ապա փորձեց կրկին կողմնորոշվել. մինչ նա կպատասխաներ՝ դահլիճում իրարանցում սկսվեց. տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, նրա ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը, դիմելով դատարանին, պահանջեցին, որ նախ ամբաստանյալները ոտքի կանգնեն, եւ նոր միայն տիկին էմման ասի, թե ով է նրանցից Յուրի Հակոբյանը: Վիճաբանության ընթացքում Էմմա Աբրահամյանը ցույց տվեց, թե ով է Յուրի Հակոբյանը, ինչից հետո իրավիճակն էլ ավելի լարվեց: Պաշտպանական կողմը Փառանձեմ Մեյթիխանյանին մեղադրեց սկեսրոջը հուշելու մեջ:

Ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը դատավորին պնդեց, որ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, տատիկին հուշել է՝ «մամ, նա է Յուրան»: Էմմա Աբրահամյանը հուզվեց, բղավեց ու պնդեց, որ իրեն չեն հուշել. «Ե՜ս եմ որդի կորցնողը, ոչ թե դու»,- բղավում էր նա: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ Էմմա Աբրահամյանը մեջքով է կանգնած եղել դահլիճին եւ հուշում չի լսել: Փառանձեմ Մեյթիխանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ «մամա» չի ասել, այլ ասել է. «էս կողմից էն կողմ՝ բոլորին նայիր նոր ասա, որովհետեւ Յուրան ոստիկանների հետեւում չէր երեւում»: Մի քանի րոպե տեւած վիճաբանությունը չէր ավարտվում, այդ ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես է նախագահող դատավորը հեռացել նիստերի դահլիճից, հետաձգե՞լ է նիստը, թե՝ ընդմիջել:

Այս ընթացքում Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ եւ շտապօգնություն հրավիրվեց դատարան, ներկարկումից հետո, սակայն, նա կրկին վատացավ: Նրա համար երկրորդ շտապօգնությունը հրավիրվեց: Այս պայմաններում դատական նիստը հետաձգվեց:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 29-ին ժամը 14:00-ին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ