17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը ճիշտ գնահատական է տվել

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին:
 
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան, արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:
 
Անդրադառնալով այս թեմային՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Եթե մի պետություն հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ ունենալ իր անմիջական հարևանի հետ, այն էլ երրորդ պետության պատճառով՝ այս դեպքում Ադրբեջանի, դա միջազգային նորմերով բացահայտ թշնամանք է նշանակում: Միջազգային նորմերին անհարիր է այդ ամենը: Շարմազանովն, անշուշտ, ճիշտ գնահատական է տվել սրան»:
 
Թուրքագետը հիշեցրեց՝ 2009-ին, երբ Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Այդ օրը Ցյուրիխում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, իսկ նրանք այսօր կարողանո՞մ են Թուրքիային պարտադրել կատարել իրենց պարտավարությունները:
 
Հիշեցնենք՝ արձանագրությունների մեջ հստակ կերով նշվում էր, որ պետք է տեղի ունենա ընդհանուր սահմանի բացում, ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում:
Թուրքագետը շեշտեց՝ նախադրյալներ չի տեսնում, որ առաջիկայում Թուրքիան փոխի իր քաղաքականությունը ու որոշի հայ-թուրքական սահմանը բացել:
 
«Այդ նախաձեռնությունը, իսկապես, շատ հզոր էր, բայց եթե դա ձախողվեց, հիմա երկրորդ անգամ ինչ-որ բան նախաձեռնելը անիմաստ է դառնում, ավավել ևս, եթե հաշվի առնենք այն փաստը, որ տարածաշրջանում խաղաղ չէ իրավիճակը. Սիրիայում արյունահեղություն է, Իրաքում՝ ահաբեկչություն, Եմենում կռիվներ են, Լիբիան հինգ մասի է բաժանվել, Իրաքն էլ «դե ֆակտո» մասնատվել է, մնում է՝ «դե յուրե» մասնատվի … Այսպիսի իրավիճակում, երբ աշխատհի ուշադրությունը սևեռված է նման կարևոր ու ցավոտ հարցերի վրա, իրատեսական չէ մտածել, որ ինչ-որ նոր նախաձեռնություն կլինի՝ հայ- թուրքական հարաբերությունները կարգավորելու համար», – եզրափակեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ